Դավիթ Պողոսյան. «Ուզում եմ տեսնել միջազգային ստանդարտներին համապատասխանող Պատմության թանգարան»
Հարցազրույց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի հետ
Պրն Պողոսյան, զարգացման ի՞նչ ռազմավարություն ունի Պատմության թանգարանը։
2020թ․–ին նշանակվեցի տնօրեն, երբ դեռ համավարակի շրջանն էր և թանգարանը չէր գործում։ Բացվելուց երկու օր հետո կրկին փակվեց վերանորոգման համար՝ շենքում օդափոխության և ջերմախոնավային նոր համակարգ էր անցկացվում։ Այնուհետև Արցախյան պատերազմը սկսվեց և շինարարական աշխատանքներն ընդհատվեցին, որովհետև շինարարներն էլ էին մեկնում Արցախ։ Հասկացա, որ իմ ներկայացրած զարգացման հայեցակարգից պետք է անցնեմ ճգնաժամային իրավիճակի կառավարման։ Այդ փուլում թանգարանը երևի իր պատմության ամենամեծ էվակուացիոն աշխատանքներին նախապատրաստվեց, հավաքածուների 10 %-ը պատրաստ էր էվակուացման։
2020-22թթ․–ին շինարարական աշխատանքներին զուգահեռ փորձում էինք կազմակերպել թանգարանի աշխատանքը։ Նույնիսկ փակ վիճակում թանգարանը պետք է ծրագրեր իրականացներ։ 2021-ին հայկական տարազներին նվիրված ցուցահանդես կազմակերպեցինք՝ թանգարանին հարակից արտաքին գործերի նախարարության նախկին շենքում։ 2022թ․–ից սկսեցինք նաև զարգացման ուղղությամբ աշխատել, թեպետ ճգնաժամը դեռևս չէինք հաղթահարել։ Իհարկե, ցուցադրական տարածքների 80 %-ից ավելին արդեն վերաբացվել է, բայց դեռևս վերաբացման փուլում ենք գտնվում։ 2022թ․–ին բավականին ցուցահանդեսներ կազմակերպվեցին թանգարանում։ Քովիդից և պատերազմից հետո առաջին մեծ միջազգային ցուցահանդեսը տեղի ունեցավ Նիդերլանդներում։ Այն մեծ թվով այցելուներ ունեցավ և ճանաչվեց տարվա լավագույն ցուցահանդեսը Նիդերլանդներում։
Վերջին տարիներին թանգարանի գործունեությունը նկատելիորեն ակտիվացել է՝ ցուցադրություններ, միջազգային կապերի ակտիվացում, քննարկումներ և այլն։ Ինչպե՞ս են դրանք անդրադարձել թանգարանի իմիջի վրա։
Իմ հայեցակարգն այն էր, որ թանգարանը դառնա հանրային, կրթական առաքելություն ունեցող և արձագանքող հաստատություն։ Բնականաբար, չմոռանալով արդիականացնել այն հզոր ժառանգությունը, որն այստեղ պահպանվում է։ Դրանք արդիականացնելու համար տարբեր մեթոդներ պետք է ընտրեինք․ կրթական՝ տարբեր տարիքային խմբերի համար, ակադեմիական կամ հանրային բանախոսությունների շարք, ցուցադրական ակտիվ գործունեություն և հանրության մոտ թանգարանի նոր ընկալման զարգացում։ Երկար տարիներ թանգարանը պահպանողական մոտեցում ուներ այս հարցերում, ավելի գիտական, ակադեմիական համատեքստում էր տեսել իր գործունեությունը։ Ինձնից առաջ էլ տարբեր երկրներում միջազգային ցուցահանդեսներ կազմակերպել էին, բայց մեզ համար կարևոր էր, որ դրանք նոր ձևաչափերով ներկայացվեն:
2022թ․–ից թանգարանի համար նոր փուլ սկսվեց, այդ տարի առաջին ժամանակավոր ցուցահանդեսը բացվեց թանգարանի այն հատվածում, որտեղ քիչ թե շատ ավարտվել էին օդափոխության հետ կապված աշխատանքները։ Ընթացքում մենք տարածքներ էինք նվաճում շինարարներից, երբ իրենք ավարտում էին՝ մենք պետք է վերանորոգեինք դրանք և դարձնեինք ցուցադրական հատվածներ։ Պետությունը ֆինանսավորել էր միայն այդ համակարգերի անցկացումը, իսկ վերանորոգումը, նոր ցուցադրության տարածքներին համապատասխանեցումը՝ թանգարանն ինքնուրույն պետք է լուծեր։ Այսինքն՝ ինքնաֆինանսավորման աղբյուրներ պետք է գտնեինք, որպեսզի կարողանայինք շարունակել մեր գործունեությունը։
Ապագայում ուզում եմ տեսնել բոլոր ուղղություններով միջազգային ստանդարտներին համապատասխանող մի թանգարան, որն ունի իր հավաքածուները։ Թանգարանն ունի այդ պոտենցիալը, բոլոր միջազգային գործընկերները հիացած են մեր հավաքածուներով։ Պետք է հասնենք նրան, որ մեր թանգարանն իր գործունեության չափանիշներով չզիջի այդ թանգարաններին: Դրա հետ կապված որոշ հարցեր պետք է լուծվեն՝ տարածքի ընդլայնում, այցելությունների զարգացում և այլն։ Թեև 2025թ․–ին մենք անկախության տարիների ամենամեծ թվով այցելությունն ունեցանք՝ 150 000-ից ավելի այցելու, բայց այդ թիվը երբ համեմատում ենք մեր երկրի բնակչության թվաքանակի, նաև՝ երկիր մտնող զբոսաշրջիկների թվի հետ՝ շատ քիչ է։ Կուզեի, որ ապագայում թանգարանի այցելուների գոնե 20%-ը մեր բնակչությունը լիներ և գոնե 50%-ը՝ զբոսաշրջիկները:
Կառուցվածքային փոփոխություններ կրե՞լ է թանգարանը Ձեր պաշտոնավարման շրջանում, ինչո՞վ էր պայմանավորված դրա անհրաժեշտությունը։
Այո, թանգարանում նոր բաժիններ բացելու անհրաժեշտություն կար, հատկապես՝ զարգացման, մարքեթինգի և կրթական ծրագրերի ուղղվածությամբ։ Բացի այդ, երկու տարի առաջ կառավարությունը չորս մասնաճյուղ միացրեց Պատմության թանգարանին՝ Սիսիանի պատմության թանգարանը, Հրազդանի երկրագիտականը, Օրբելի եղբայրների թանգարանը և «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը։ Դրանք զարգացման կարիք ունեն, որովհետև շատ բաներ մնացել են խորհրդային տարիների վիճակում։
Պատմության թանգարանն ամենահարուստ հնագիտական ժառանգություն պահպանող թանգարանն է, սակայն այս համալիրում մի փոքր հատված է զբաղեցնում։ Մեր օրակարգում նաև ֆոնդային տարածքն ընդլայնելու հարցն է, այնտեղ պահվող հնագիտական հավաքածուների համար պահպանության համապատասխան պայմանների բարելավումը։ Թանգարանն ունի 400 000-ից ավելի հավաքածու, և այն ամեն տարի ավելանում է, իսկ անձնակազմը բավարար չէ։ Օրինակ, մի ֆոնդապահը 70 000-ից ավելի ցուցանմուշ է պահպանում։ ԿԳՄՍ նախարարությունն այս ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկել է, Հանրապետության հրապարակի մոտակայքում ճարտարապետական նախագծերի առաջարկներ ընդունելու մրցույթ է հայտարարել։ Հաջորդը՝ սպասարկման հատվածների հարցն է, որովհետև արդի թանգարանը միայն ցուցադրական տարածքներով այլևս շատ-շատ այցելուների հանգստի, ժամանցի ապահովման համար բավարար չի համարվում։ Մարդիկ թանգարանի ներսում սրճարան են ուզում տեսնել, երեխաների համար խաղալու հատվածներ՝ ինչպես ընդունված է աշխարհում, մեծ հուշանվերային սրահներ, սանհանգույցներ և այլն։
Շատ կուզեի, որ այստեղ օրական 1000-1500 հոգի այցելեր, բայց երբ շատ մարդ է լինում, օրինակ, թանգարանային գիշերը, տարածքի նեղվածության պատճառով ցուցանմուշները չեն կարողանում տեսնել։ Նաև հասարակ սպասարկման հարցեր են առաջանում։ Այս շենքում նույն մուտքից երկու ազգային թանգարան է օգտվում: Իհարկե, իրավաբանորեն գլխավոր մուտքը Հայաստանի պատմության թանգարանի հատվածն է իր հիմնադրման օրից, բայց մարդկանց մոտ խառնաշփոթ կա: Չգիտեն, թե որ թանգարան են մտնում։ Աշխարհում թանգարաններն իրենց վարկանիշի բարձրացման առումով մարքեթինգային, բրենդինգային կարևոր քայլերի են դիմում։ Դրանցից ամենակարևորը թանգարանի անվան, թանգարանի յուրօրինակության տպավորումն է և ընկալման զարգացումը:
Թանգարանի ցուցանմուշների հավաքածուն լրացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
Պատմության թանգարանը, հիմնականում, զարգացել է խորհրդային տարիներին, և այդ տարիների գաղափարական համատեքստում այդքան էլ առաջնային չի եղել նյութեր հավաքելը։ 1990-ական թվականների դժվարին վիճակներում նույնպես շատ բաներ չի հավաքվել։ Առաջին հանրապետության գոյության երկու տարիներից շատ քիչ բան է մեզ հաջողվել պահպանել կամ դրանք մեզ մոտ չեն։ Շատ բաներ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության արխիվում են կամ ցրված են հայկական համայնքներում։ Հիմա մեր առջև դրված է հաղթահարել նաև այդ տարիների արգելքները, որպեսզի կարողանանք համալրել ժամանակաշրջանի պատմությունը։ Թանգարանի մշտական ցուցադրության վերաբացման համատեքստում փորձում ենք հնարավորինս շատ նյութեր հավաքել, նոր նմուշներ ներկայացնել հանրությանը։
Թանգարանի ֆոնդերում պեղումներից հայտնաբերված մեծաթիվ առարկաներ են պահվում, որոնք ցուցադրության մեջ չեն ներառվում։ Ճի՞շտ եք համարում այդ բոլորը պահոցներում կուտակելը։
Սա մի հարց է, որը բոլոր թանգարաններին է հուզում՝ հնարավո՞ր է ամբողջը ցույց տալ։ Թանգարանները, հիմնականում, ամբողջը չեն ցուցադրում, որովհետև մշտական ցուցադրությունը պետք է կառուցվի որոշակի սկզբունքով, ընտրույթի տրամաբանությամբ։ Այլ հարց է, թե քանի տոկոսն է ցուցադրվում և ինչ հարաբերակցությամբ։ Փորձում ենք թանգարանում պահվող 400 000-ից ավելի առարկաներից գոնե 4000-ի հասանելիությունն ապահովել։ Դա մեծ ձեռքբերում կլինի, եթե ունենք 2000 քմ–ից ավելի ցուցադրական տարածք, որը շատ քիչ է նույնիսկ այդ նմուշների քանակի տրամաբանությամբ։ Բացի այդ, պահպանվող հավաքածուներից ամեն ինչ չէ, որ ցուցադրական են։ Դրանք նաև ակադեմիական և գիտական համատեքստում են գտնվում թանգարանի հավաքածուի մեջ։ Շատ կարևոր է, որպեսզի որոշ հուշարձանների վերաբերյալ նյութերը շարունակաբար համալրեն մեր թանգարանում պահվող հավաքածուն, որպեսզի հնարավորինս այդ հուշարձանի ամբողջական պատկերն ունենանք՝ ոչ միայն ցուցադրական, այլև գիտական առումով։ Մեր ունեցածը հաճախ բեկորներ են և դրանք ցուցադրելը, կարծում եմ, անիմաստ է։
Ես, որպես մասնագետ, հակված եմ նրան, որ հնարավորինս շատ բան ցուցադրվի։ Այսօր հնարավորություն կա դա անելու տեխնոլոգիական միջոցներով, նաև՝ թվայնացնելով: Հիմա թանգարանի կայքում փորձում ենք ստեղծել հավաքածուների առցանց հատվածը՝ ինչքան որ հնարավոր է։ ԿԳՄՍ նախարարության թանգարանների միասնական հարթակում, որտեղ բոլոր թանգարաններն են իրենց նմուշները ներկայացնում, մենք նույնպես 40 000-ից ավելի նմուշ ունենք։ Այսինքն՝ գիտնականներին, հետազոտողներին այնտեղ արդեն հասանելի է մեր հավաքածուների 10%-ից ավելին։ Ընթացքում անընդհատ համալրվում են այդ հարթակները թվային ցուցադրական հատվածներով։ Կարծում եմ, ժամանակի ընթացքում կլուծվի հասանելիության հարցը, իսկ ցուցադրության առումով միշտ ունենալու ենք այս ընտրույթը։ Լավագույնները կներկայացվեն՝ ինչպես ընդունված է աշխարհում։
Թանգարանը միջազգային համագործակցության ի՞նչ ձևաչափ է ընտրել, միայն ցուցադրություններով փոխանակվելը բավարա՞ր եք համարում։
2024թ․–ից թանգարանը միջազգային համագործակցության նոր ռազմավարություն սկսեց: Սա հատուկ չէինք պլանավորել, այս ձևաչափը մեզ համար երազանք էր, բայց դեպքերի հաջորդականությունը մոտեցրեց այդ երազանքի իրականացմանը։ Մենք երեք ուշագրավ նմուշներ էինք տրամադրել Բրիտանական թանգարանում իրականացվող մի կարևոր միջազգային ցուցահանդեսի շրջանակներում: Այնպես ստացվեց, որ նմուշներից մեկը՝ Արտաշատից պեղված ծիսական արջակերպ անոթը, այդ ցուցահանդեսում համադրել էին բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե քանդակի հետ։ Բացման ժամանակ բրիտանական թանգարանի տնօրենի հետ դրա առջև կանգնած սկսեցինք մտածել, թե ինչպես անել, որ Հայաստանը նույն ստանդարտի ցուցահանդես ունենա Երևանում։ Ցուցահանդեսի համադրողն ինձ ասաց՝ շատ դժվար է լինելու, բայց անհնարին չէ։ Ասացի՝ ինձ համար սա երազանք է, եթե կարողանանք իրականացնել՝ թանգարանային ցուցահանդեսների նոր էջ կբացվի մեր երկրում:
Խնդիրը ոչ միայն այդ նմուշներն այստեղ ներկայացնելն էր, այլև այնպիսի ձևաչափով ներկայացնելը, որ դառնար թեմատիկ ցուցահանդես՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների հետ։ Այստեղ Հին Արտաշատ մայրաքաղաքի տարբեր հատվածներից գտված նմուշներ կան։ Թեման՝ մայրության գաղափարն ընտրվեց, որովհետև Անահիտ աստվածուհին մայրության, պտղաբերության և արգասավորության գլխավոր աստվածուհին է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ սա միջազգային համագործակցության նոր ձևաչափի բերեց, թանգարանը նոր գործընկերներ ունեցավ։ Երրորդ տարին է արդեն, որ Հայաստանի անկախության տոնին այսպիսի խոշոր թանգարանների հետ համագործակցելով միջազգային նախագծեր ենք իրականացնում։ Այս օրերին մեր թանգարանի նմուշների հետ Բեռլինի հայտնի թանգարանային կղզուց 50-ից ավելի ուշագրավ մշակութային արժեքների մի հավաքածու է ցուցադրվում։ Առաջին անգամն է, որ Բեռլինի վեց թանգարան միասին որոշել են այլ երկրում ներկայացնել իրենց թանգարանային համալիրի 200–ամյակը և ընտրել են Երևանը։ Սա մեզ համար անսպասելի էր, որովհետև այդ ստանդարտի թանգարանների հետ համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացնում մեր թանգարանը:
Հեղինակավոր թանգարանների հետ գործնական շփումների ժամանակ տեսանելի՞ են այն բացերը, որ ունի Հայաստանի պատմության թանգարանը։ Հաղթահարելի՞ են դրանք։
Իհարկե, տեսանելի են, չեմ թաքցնում, որ մշտապես սովորելու կարիք ունենք, հատկապես այնպիսի թանգարաններից, որոնց հետ գործընկերներ ենք ուզում դառանալ։ Մենք հուշագրեր ունենք՝ Լուվրի, Բրիտանական թանգարանի, Բեռլինի թանգարանային կղզու, Չինաստանի ազգային և էլի շատ թանգարանների հետ, որոնք աշխարհում լավագույններից են համարվում։ Ամեն դեպքում, այս թանգարաններն էլ իրենց խնդիրներն ունեն, դա էլ չպետք է բացառել։ Նաև իրենցից սովորելու, նրանց հետ որոշ խնդիրներ քննարկելու, խորհրդատվության և վերապատրաստումների առումով, շատ օգտակար է մեզ համար։
Հաճախ մասնագետներ ենք հրավիրում։ Հետաքրքիր էր Հալեի հնագիտության թանգարանի հետ համագործակցությունը՝ մեր թանգարանում պահվող աշխարհի հնագույն ոտնամանի հետ կապված։ Այնտեղից երկու մասնագետ եկան և մեր մասնագետների հետ փորձեցին հասկանալ կոշիկի պահպանվածության վիճակը, որովհետև մենք Հայաստանում չունենք հին կաշվի մասնագետ։ Միասին կոշիկը տեղափոխեցինք մեր հիվանդանոցներից մեկը, որտեղ ռենտգեն անցավ, իրենցից կարևոր դրական եզրակացություն ստացանք, որ պահպանության վիճակը բավարար է:
Արժեքավոր հինգ փայտե նմուշներ ունենք, որոնց համար մասնագետ հրավիրեցինք Նիդերլանդներից։ Համատեղ աշխատում ենք, որ մեր մասնագետներից մեկը վերապատրաստվի այս ուղղությամբ, որովհետև Լճաշենի դամբարանադաշտից հայտնաբերված փայտե նմուշներով զբաղվող հատուկ մասնագետ չունենք: Այսինքն՝ այս թանգարանների հետ համագործակցությունը մեզ համար այդ բացերը լրացնելու հնարավորություն է։ Նրանց մասնագետներն էլ իրենց խնդիրներով են մեզ հետ կիսվում: Սա շատ կարևոր գործընթաց է, որը նպաստում է թանգարանային գործի զարգացմանը:
Լուսանկարները՝ Դավիթ Պողոսյանի ֆեյսբուքի էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել