HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի միլիտարիզացված Եվրոպա. ԵՄ-ն սահմանել է ռազմական ոլորտի հինգ առաջնահերթ ուղղությունները

ԵՄ անդամ երկրները հաստատել են պաշտպանական և ռազմարդյունաբերական համատեղ ներդրումների առաջին հինգ նախագծերը։

Ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող եվրոպական պաշտպանական նախագծերում (European Defence Projects of Common Interest (EDPCIs) ) առաջնահերթ են համարվում անօդաչու թռչող սարքերն (ԱԹՍ) ու հակաԱԹՍ համակարգերը, հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, ծովային և ծովի հատակի պաշտպանությունը,  տիեզերական ծրագրերն ու Եվրոպայի արևելյան թևի պաշտպանությանն ուղղված գործողությունները։

Սրանք համատեղ արդյունաբերական նախագծեր են, որոնք ուղղված են ԵՄ անդամ երկրների ռազմական կարողությունների զարգացմանը և թույլ են տալիս ԵՄ երկրներին համատեղ աշխատել ռազմական այնպիսի նախաձեռնությունների վրա, որոնք չափազանց մեծ կամ բարդ են առանձին երկրների կողմից իրականացվելու համար:

EDPCI-ները ներդրվել են Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագրի (EDIP) կողմից, որը ԵՄ-ն ընդունել է 2025 թվականին: 

«Այս համաեվրոպական նախագծերը փոփոխություն կբերեն ԵՄ անդամ երկրների զինված ուժերի, Ուկրաինայի և ընդհանուր առմամբ մեր անվտանգության համար»,- X սոցիալական ցանցում գրել է Եվրոպական պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլյուսը:

Նա ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հինգ նախագծերի հաստատումն անվանել է խոշոր ձեռքբերում, որը կլրացնի ԵՄ-ում առկա կարողությունների կարևոր բացերը։ ԵՄ-ն հավակնում է մինչև 2036 թվականը հասնել շուրջ 190 միլիարդ եվրոյի ֆինանսավորման՝ այս ծրագրերի համար:

Այս քայլով ԵՄ գլխավոր քաղաքական մարմինը փորձում է նվազեցնել Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության պառակտվածությունը և հանդես գալ որպես մեկ ընդհանուր ռազմական ճակատ: 

Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսին Գերմանիան և Ֆրանսիան այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ համատեղ կործանիչներ արտադրելու հարցի շուրջ, ինչի պատճառով 100 միլիարդ եվրո արժեցող ծրագիրը չեղարկվեց։

Ուկրաինան ընդգրկված է հինգ նախագծերից չորսում:

Անօդաչու թռչող սարքերի և հակաանօդաչու պաշտպանության վերաբերյալ նախագիծը, որն ստացել է «Decoder» հապավումը, միավորում է ԵՄ անդամ երկրների մեծ մասին, ինչպես նաև Նորվեգիային և Ուկրաինային: Մինչև 2033 թվականը ակնկալվում է 3,5-5 միլիարդ եվրոյի ներդրում:

Ծովային և հատակային ինտեգրված պաշտպանության նախագիծը (integrated maritime and seabed defense project - IMSD) մինչև 2045 թվականը նախատեսում է 43-72 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆոլիո։

Իսկ տիեզերական նախագծի համար ընդհանուր ծախսերը մինչև 2034 թվականը, ըստ կողմնորոշիչ հաշվարկների, կազմում են 24 միլիարդ եվրո:

ԵՄ Համադրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նախագծում (EU Federated Air and Missile Defence project, or EU-FIAMD) ներդրումները մինչև 2040 թվականը կարող են կազմել 55-80 միլիարդ եվրո:

«Արևելյան թևի հսկողություն» (Eastern Flank Watch) նախագիծը, որի նպատակն է ամրապնդել անվտանգությունը ԵՄ արևելյան սահմանին, իրականացվելու է ԵՄ 12 անդամների, ինչպես նաև Նորվեգիայի և Ուկրաինայի մասնակցությամբ։ Ըստ նախնական կանխատեսումների, մինչև 2036 թվականը այս ռազմական նախագիծը կբերի 60-100 միլիարդ եվրոյի ներդրում:

ԵՄ անդամ երկրները սկսել են ավելացնել ռազմական ծախսերն ու մշակել երկրների միլիտարիզացիային նպաստող տարբեր ռազմարդյունաբերական ծրագրեր ռուս-ուկրաինական պատերազմի և Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ռազմական ծախսերը մեծացնելու պահանջների ֆոնին։

Գլխավոր լուսանկարը՝ Daniel Karmann/dpa

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter