HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պատմության թանգարանի հիմնական ցուցադրությունը համալրվել է արժեքավոր ցուցանմուշներով

Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական ֆոնդը 2023-25թթ․-ին համալրվել է 5681 հնագիտական առարկաներով։ Հավաքածուները մի քանի տասնամյակ գտնվել են հնագետների մոտ, դրանք թանգարաններին սկսել են հանձնել 2018թ․-ից։ Պատմության թանգարանից տեղեկացնում են, որ հավաքածուները տարբեր տարիներին Հայաստանի Կառնուտ, Լճաշենի դամբարանադաշտ, Արտաշատ, Ծաղկաձոր, Դաշտ (Արմավիրի մարզ), Ոսկեբլուր, Գորայք-1, Աղձքի արքայական դամբարան, Լոռի բերդ, Արմավիր, Քարաշամբ, Դվին հնավայրերի պեղումներից հայտնաբերված նյութերն են։

Որքան էլ զարմանալի է, բայց հարուստ պատմություն ունեցող այս հնավայրերից պեղված մեծաթիվ առարկաներից դեռևս ոչ մեկը տեղ չի գտել թանգարանի հիմնական ցուցադրության մեջ։ Հիշյալ թվականներին թանգարանը նույնպես արժեքավոր առարկաներ է գնել, ֆոնդը նաև նվիրատվություններով է համալրվել։ 2024-26թթ․-ի ընթացքում թանգարանի մշտական ցուցադրությունը լրացվել է հինգ արտեֆակատով, որից երեքը նվիրատվություն են, երկուսը՝ թանգարանը պետական ֆինանսավորումով է ձեռք բերել։

2024թ․-ին Լիլիթ Տեր-Մինասյանը թանգարանին է նվիրել 12-13-րդ դարեր թվագրվող, տուֆից պատրաստված ութաթև աստղի տեսքով ճարտարապետական շինության հարդարման սալիկ։ Այն ցուցադրվում է «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» սրահում։

Միջնադարյան մայրաքաղաք Անիից փրկված ամենահարուստ հավաքածուն Պատմության թանգարանում է գտնվում։ Նախորդ դարի սկզբին Անիում իրականացվել են հսկայածավալ հնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում այնտեղ ստեղծվել էր երեք թանգարան։ Դրանք միասին կոչվում էին Անիի հնադարան կամ Անիի թանգարան։ Այնտեղ էին պահվում Անիի պեղումների արդյունքում հայտնաբերված պատմամշակութային գանձերը։ 1918թ․-ին, երբ թուրքական զորքերը մոտենում էին Անիին, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի անմիջական ջանքերով կազմակերպվել է Անիի թանգարանի մոտ 6000 ցուցանմուշների տարհանումը։

Հնադարանի ամենանշանավոր նմուշը Գագիկ Ա Բագրատունի թագավորի արձանն էր (կերտված 1001թ․), որը հայտնաբերվել է 1906թ․-ին Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումների ժամանակ։ Քանի որ արձանը չափազանց ծանր, մեծածավալ ու ամբողջական քանդակ էր, լաստով դրա անվտանգ տեղափոխումը Ախուրյան գետի մյուս ափ գրեթե անհնար էր: Աշխարհաբեկ Քալանթարին հաջողվել է միայն մարմնից անջատել թագավորի գլուխն ու ձախ թևը և թաքցնել դրանք Անիի տարածքում։ Հետագայում գլուխը նույնպես անհետացել է, թևի հատվածը հայտնվել է Էրզրումի թանգարանում, իսկ արձանի հիմնական մեծ մարմինը մնացել է տեղում և ավերվել։

«Անիի հնադարանի պատմությունն առաջին անգամ 2024թ․-ին ներկայացրինք թանգարանում։ Դա արվեց, որպեսզի այցելուները մինչև Անիի ցուցասրահին հասնելը հասկանան, որ ներկայացված հավաքածուն այդ հնադարանին է պատկանել։ Ցուցադրվող լուսանկարներից մեկում հնադարանից մի հատված կա, որտեղ Գագիկ Ա Բագրատունի թագավորի արձանի քարաբեկորները երևում են։  Նվիրաբերված քարաբեկորը նրանով էր հետաքրքիր, որ այդ լուսանկարի հետ համադրելով դարձավ շատ խոսուն մի փաստ»,- հարդարման սալիկի՝ մշտական ցուցադրության մեջ տեղ գտնելու հանգամանքն այսպես է բացատրում Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Թանգարանի «Գոյապայքար և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» սրահում 2025թ․-ից ցուցադրվում է Նանսենյան  անձնագիրը։ Այն Ֆրանսիայում գործող «ARAM» հետազոտական և հայկական հիշողության արխիվների միության նվիրատվությունն է Պատմության թանգարանին։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասում է, որ այն միանգամից համալրեց հիմնական ցուցադրությունը, քանի որ թանգարանը Նանսենյան անձնագրի բնօրինակը չուներ։ «Երբ պատմում ենք Հայոց ցեղասպանության մասին, շատ կարևոր է նաև պատմել, թե հայության բեկորներն ինչպես հայտնվեցին աշխարհի տարբեր վայրերում»,- հայտնեց տնօրենը։

Այն հաստատվել է 1922թ․-ին Ժնևում կայացած կոնֆերանսի որոշմամբ՝ Ազգերի լիգայի և նորվեգացի հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի նախաձեռնությամբ։ Անձնագրում զինանշանի փոխարեն Նանսենի դիմանկարով նամականիշ էր փակցվում։ Անձնագիրը տրվել է փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց։ Հայոց ցեղասպանությունից փրկված շուրջ 320 հազար հայեր Նանսենյան անձնագիր են ստացել։

Անցած տարի թանգարանը «ARAM» հիմնադրամի հետ ցուցահանդես էր կազմակերպել։ Հիմնադրամը 50-ից ավելի փաստաթուղթ էր բերել Հայաստան, և թանգարանը հնարավորություն է ունեցել համադրված ներկայացնել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների Օդո ճամբարում հաստատվելու պատմությունը։ Օդոն առաջին ճամբարն էր, որտեղ հայերը հայտնվել էին Մարսել հասնելուց հետո։ Ցուցահանդեսի ավարտին հիմնադրամը Նանսենյան անձնագրի բնօրինակը նվիրել է Պատմության թանգարանին։

Դավիթ Պողոսյանը հուշում է, որ Նանսենյան անձնագրից բացի, Առաջին հանրապետության ցուցասրահում կարող ենք տեսնել շատ կարևոր մի բացիկ, որում Հայաստանի օրհներգն է գրված։ Բացիկը թողարկվել է 1919թ․-ին, թանգարանն այն վերջերս է ձեռք բերել։ Տնօրենը հայտնում է, որ շատ բառեր այնտեղ տարբեր են օրհներգի մեզ հայտնի տեքստից։

Թանգարանի ցուցադրությունը համալրած վերջին կոթողը հայտնաբերվել է 2025թ․-ին, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում կատարված շինարարական աշխատանքների ժամանակ։ Վաղ միջնադարյան (5-7-րդ դարեր) քրիստոնեական բացառիկ քառանիստ կոթողը Լեռնահովիտ գյուղի բնակչուհի Նվարդ Գալստյանը պահպանել էր իր նկուղում, այնուհետև տեղեկացրել կոթողի մասին։ 2025թ․-ի նոյեմբերին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ պեղումներ են իրականացվել այդ վայրում, որից հետո կոթողը տեղափոխվել է Պատմության թանգարան։

Շինարարական աշխատանքների պատճառով կոթողը որոշակի վնասվել էր, վերականգնելուց հետո համալրել է թանգարանի հավաքածուն՝ դառնալով դրա արժեքավոր և ուշագրավ նմուշներից մեկը։ «Ցուցադրությանը հրավիրել էինք նաև կոթողը պահպանած ընտանիքին։ «Կինը տեսավ, թե իր նկուղում պահվող կոթողն ինչ պայմաններում է ցուցադրված թանգարանում։ Ասաց՝ հիմա հասկացա, թե ինչքան կարևոր է կոթողի այստեղ գտնվելը»,- պատմեց Դավիթ Պողոսյանը:

2026թ․-ին թանգարանի համար իրադարձային էր միջնադարյան հայտնի դուռը Լոնդոնի միջազգային աճուրդից ձեռք բերելը։ Հայաստանի կառավարությունը 2025թ․-ին պետական բյուջեից 175 մլն 360 հազար դրամ հատկացրեց  այն գնելու համար։ 1188թ․ (12-րդ դար) թվագրվող միջնադարյան հայկական փայտարվեստի այս եզակի նմուշը 2026թ․-ի ապրիլից ցուցադրվում է թանգարանում։

Մասնագետները հայտնում են, որ ընկուզենու փայտից պատրաստված դռան փեղկը Բագրատունիների շրջանի փայտագործության ավանդույթներով է պատրաստված։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ այն Հաղպատի վանքին է պատկանել, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանից դուրս բերվել։ Տեղեկություններ կան այն մասին, որ Հայաստանից Ամերիկա է տեղափոխվել 1980-ականներին։ Դուռը գտնվում էր Նյու Յորքի մասնավոր հավաքածուներից մեկում, որտեղից էլ հետագայում հասել էր Լոնդոնի միջազգային աճուրդի «Սեմ Ֆոգ» (Sam Fogg) ցուցասրահ։

«Մեծ հույս ունեմ, որ հայկական արժեքավոր արտեֆակտներ ձեռք բերելը մեր երկրի ռազմավարությունը կդառանա՝ ինչպես հիմա Հունաստանն ու Եգիպտոսն են անում։ Այս երկրները փորձում են վերադարձնել այն ամենը, ինչը դուրս է բերվել պատմական Հունաստանից ու Եգիպտոսից»,- ասում է Պատմության թանգարանի տնօրենը։ Նա հեշտ չի համարում այդ նպատակի իրագործումը, քանի որ շատ արտեֆակտներ թանգարանային հավաքածուների մեջ են ներառված։ Սակայն, հակառակ գործընթացն էլ կա․ ասում է, որ հիմա եվրոպական շատ թանգարաններ ռեստիտուցիայի քաղաքականությամբ (նշանակում է նախկին իրավական կամ գույքային վիճակի վերականգնում) վերադարձնում են դրանք։ Օրինակ, գերմանական թանգարանները շատ բաներ Աֆրիկային վերադարձրեցին։

2020թ․-ին Պատմության թանգարանում վերանորոգում էր իրականացվում։ Տնօրենը պատմում է, որ իրենց առջև խնդիր էին դրել սրահները մաս-մաս վերաբացելուց հետո հնարավորինս նոր ընտրություն անել՝ պահպանելով արդեն առկա ցուցադրությունը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների հետ համագործակցելով պեղումներից  հայտնաբերված և  թանգարանի ֆոնդերում պահվող առարկաներից երկու նոր հավաքածու են կազմել և ներկայացրել Քարեդարի մշտական ցուցադրությունում։

«Պատմության թանգարանի հավաքածուն ինչքան էլ հարուստ լինի՝ չի նշանակում, որ պատմական բոլոր ժամանակաշրջաններից ամեն ինչ ունենք։ Կան շրջաններ, որոնք, ցավոք, այդքան էլ հարուստ չեն»,- ասում է Դավիթ Պողոսյանը։ Կիլիկայի հայկական թագավորության, Արտաշեսյանների և Տիգրան Մեծի թագավորությունների շրջանից թանգարանի ունեցածը, հիմնականում, դրամներ են։ Արշակունիների մեծ արքայական դինաստիաներից շատ քիչ բան ունի թանգարանը, բայց Ուրարտական շրջանը, որն ավելի վաղ է՝ նույնիսկ արքայական թագերն ունենք։

Թանգարանի տնօրենը դա բացատրում է հայերին բաժին հասած պատմական դժվարություններով։ «Ամեն ինչ չէ, որ պահպանվել է, կամ՝ թալանվել է, կամ, գուցե, ինչ-որ մի տեղ կան դրանք։ Այդ պատճառով, երբ շատ կարևոր նմուշ ենք գտնում, որը կարող է պատմել այդ ժամանակների մասին՝ միանգամից հայտնվում է ցուցադրության մեջ»,- ասում է Դ․ Պողոսյանը։

Թանգարանի տնօրենի ասելով՝ Հայաստանում մասնավոր անձանց մոտ հաճախ ավելի արժեքավոր հավաքածուներ կան, քան Պատմության թանգարանում, դրանք ժամանակ առ ժամանակ հայտնվում են համացանցում։ Նույնիսկ թանգարան են տանում, երբեմն նրանցից են գնում և համալրում ցուցադրությունը:

«Պարտադիր փորձում ենք պարզել, թե որտեղից և ինչպես են ձեռք բերել, հնագետների օգնությանն ենք դիմում։ Վերջին շրջանում բացված ցուցասրահներում նման նմուշներ կան»,- նշում է թանգարանի տնօրենը։ Միաժամանակ շեշտում է, որ միայն մեր երկրին չէ բնորոշ այս վիճակը։ Աշխարհի շատ թանգարանների համար մեծ խնդիր է սա, որովհետև չեն կարողանում հասկանալ այդ մշակութային արժեքի իրական պատմությունը։ Այս օրերին Պատմության թանգարանում Բեռլինի թանգարանից Հին միջագետքի շրջանից հավաքածու է ներկայացված, որի ծագումնաբանությունը հարցականով է գրված, որովհետև չգիտեն, թե ինչպես է ձեռքից-ձեռք անցնելով հայտնվել իրենց մոտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter