Եվրամիության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել 10 ռուս պաշտոնյայի նկատմամբ Պետդումայի ընտրություններից «Յաբլոկո»-ն դուրս թողնելու համար
Եվրամիության խորհուրդը սահմանափակող միջոցներ է կիրառել տասը անձանց նկատմամբ՝ ՌԴ-ում ընդդիմության ճնշմանն աջակցելու և ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը էապես խաթարելու համար:
Ցուցակում ներառվել են ՌԴ Գերագույն դատարանի երեք դատավոր և Գլխավոր դատախազության մեկ պաշտոնյա։
Ըստ Խորհրդի՝ նրանք ներգրավված են եղել 2026 թվականի սեպտեմբերին Պետական դումայի ընտրություններին «Յաբլոկո» կուսակցության գրանցումը չեղարկելու գործողություններում:
Ցուցակում ընդգրկվել են նաև «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Լև Շլոսբերգին դատապարտած դատավորն ու մեղադրող դատախազը։
Հիշեցնենք, որ Լև Շլոսբերգը ռուսական բանակը վարկաբեկելու և ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար դատապարտվել է 11 տարի 1 ամիս ազատազրկման:
Շլոսբերգը մասնակցել էր ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ առցանց բանավեճին և իր սոցիալական ցանցերում տարածել էր Daily Mirror թերթում հրապարակված հոդվածի գլխավոր լուսանկարը, որում պատկերված էր Վլադիմիր Պուտինը և արյունոտված ուկրաինացի մի կին։
Ցուցակում ընդգրկվել են նաև «Յաբլոկո»-ի մյուս առաջնորդների՝ Մաքսիմ Կրուգլովի և Նիկոլայ Ռիբակովի դատավարություններում ներգրավված դատավորները:
Սահմանափակող գործողությունները ենթադրում են ակտիվների սառեցում, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց տրամադրել դրամական միջոցներ, ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ։
Ընդհանուր առմամբ, Խորհրդի պատժամիջոցների ցուցակում այժմ ներառված է 108 անհատ և 7 իրավաբանական անձ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Պետդումայի ընտրություններից առաջ՝ օգոստոսի 11-ին, Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղարկել էր «Յաբլոկո» կուսակցության գրանցումը:
Կուսակցությանն ընտրություններից դուրս թողնելու հայցով դատարան էր դիմել պրոիշխանական «Ռոդինա» կուսակցությունը, և դատարանը բավարարել էր հայցը:
«Յաբլոկո»-ն միակ հակապատերազմական դիրքորոշում ունեցող կուսակցությունն էր։
Լուսանկարները՝ yabloko.ru-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել