HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Հայաստանի հավաքականը 2:3 հաշվով պարտվեց Մոնտենեգրոյի ընտրանուն

Ազգերի լիգայի 2026/2027 թթ. խաղարկության երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:3 հաշվով պարտվեց Մոնտենեգրոյի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Մեկնարկային րոպեները հյուրերն ակտիվ սկսեցին, և Նիկոլա Կրստովիչը մի քանի վտանգավոր հարված կատարեց Չանչարևիչի դարպասին: Մոնտենեգրոյի հավաքականի առավելությունը գոլի վերածվեց 20-րդ րոպեին. Միլան Ռոգանովիչի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Էրիկ Փիլոյանը պատահաբար գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Միլուտին Օսմայիչը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Օգնեն Չանչարևիչը հետ մղեց հարվածը:

Չնայած մրցակցի ճնշմանը՝ Հայաստանի հավաքականին 34-րդ րոպեին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. Չանչարևիչի հեռահար փոխանցումից հետո Արթուր Սերոբյանը ճշգրիտ հարվածով գրավեց Բալշա Պոպովիչի պաշտպանած դարպասը: Այնուամենայնիվ, չորս րոպե անց Մոնտենեգրոն վերականգնեց առավելությունը՝ 1:2:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին հյուրերը բաց թողեցին հաշիվը մեծացնելու հնարավորությունը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն օգտվեց մրցակցի սխալից և 65-րդ րոպեին երկրորդ անգամ հավասարեցրեց հաշիվը. Էդուարդ Սպերցյանը շրջանցեց մի քանի պաշտպանների և հեռահար շքեղ հարվածով գրավեց դարպասը: Շատ չանցած մեր տղաները կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Նարեկ Հովհաննիսյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Հանդիպման ելքը վճռվեց 89-րդ րոպեին. Չանչարևիչի անհաջող գործողությունից հետո փոխարինման դուրս եկած Ալեքսա Լատկովիչը մոտ տարածությունից գրավեց դարպասը՝ 2:3:

Այս հաղթանակի շնորհիվ Մոնտենեգրոյի հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է C լիգայի 2-րդ խումբը։ Հայաստանի հավաքականը 3 միավորով երկրորդն է։ Առաջին տուրում մեր ընտրանին 2:0 հաշվով հաղթել էր Լատվիայի ընտրանուն։ Զուգահեռաբար ընթացող հանդպումը մեր խմբի մյուս հավաքականների՝ Լատվիայի և Կիպրոսի միջև ավարտվեց 0:0 հաշվով։ Թիմերը մեկական միավոր ունեն։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Կիպրոսի ընտրանուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter