Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ
Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները Ուզբեկստանում անցկացված Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի «Ա» խմբում զբաղեցրել են երրորդ հորիզոնականները։ Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մեդալների։
Մարիամ Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 2-րդ խաղատախտակի վրա նվաճել արծաթե մեդալ։
Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16-ից 27-ը՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։
Տղամարդկանց օլիմպիադայում 204 հավաքականների պայքարում հաղթող է դարձել Ուզբեկստանի հավաքականը, իսկ կանանց օլիմպիադայում 187 հավաքականների պայքարում՝ Չինաստանի հավաքականը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել