Խնամքի կենտրոնի միայնակ թոշակառուի մտորումները
Հոդվածի հեղինակը «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ի շահառու, նախկին դասախոս, միայնակ հաշմանդամ թոշակառու Միքայել Սիմոնյանն է։ Հոդվածը հրապարակվում է առանց խմբագրման։
Այսօր շատերը ունեն սոցիալական խնամքի կարիք, բայց կարծում եմ քչերն են տեղեկացված ծառայության այնպիսի օղակի մասին, ինչպիսին են շուրջօրյա խնամքի կենտրոնները:
Սրանք, ըստ էության, փոխարինում են նաև մեզ բոլորիս ծանոթ ծերանոցներին:
Հարցի լուսաբանմանը ես անդրադառնում եմ որպես քառասունյոթ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, աշխատանքային երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ, միայնակ թոշակառու:
Սոցիալական ծառայությանը ես դիմեցի երկու հազար տասը թվականին: Կինս մահացել էր: Ապրում էին մորս հետ, որի միակ խնամողն էի: Խնդրանքս մորս նույն ծերանոց ընդունելն էր:
Ծերանոց չընդունեցին: Պատճառը փարոս համակարգով իմ բարձր բալեր ունենալն էր: Մորս մահից հետո, երկու հազար քսան թվականին, դիմեցի Թումանյանի Միասնական սոցիալական ծառայության կենտրոն: Տասը ամիս անց ինձ ընդունեցին Վանաձորի Տարեցների տուն:
Ունեի առողջական լուրջ խնդիրներ: Սրտի անոթների 70–85% խցանումներ, մաշկի չարորակ ուռուցք, մորիցս եկած, ժառանգական ռևմատիկ հոդացավեր:
Խնամող չունենալու պատճառով, սրտի բաց վիրահատությունից հրաժարվեցի: Չարորակ ուռուցքս հեռացրեցին Վանաձորի Առողջապահական կենտրոնում: Իմ խորին շնորհակալությունը վիրաբույժ պարոն Գոմցյանին:
Ինչ վերաբերում է Վանաձորի Տարեցների տանը, ապա իր բնույթով նա շատ նման է մեր իմացած ծերանոցներին: Ես գոհ եմ այնտեղ շահառուների նկատմամբ իրականացվող խնամքից, բուժսպասարկումից, կուլտուր –մասսայական միջոցառումներից:
Սակայն առանձին կենցաղային պայմաններ անբավարար էին:
Վանաձորի Տարեցների տանը մեկ սենյակում բնակվում էին երեք անձ, երկու սենյակների միջանցքում էր գտնվում մեկ սանհանգույցը, որտեղ չկար լողարան: Լողարանները գտնվում էին առանձին հարկաբաժնում:
Վանաձորի Տարեցների տունը գտնվում էր քաղաքային տրանսպորտի վերջին կանգառից բավականին հեռավորության վրա: Տարածքում չկար առևտրի և դեղատան որևէ կետ: Շահառուները օգտվում էին տաքսի ծառայությունից: Իմ այնտեղ գտնված ժամանակ, տարածքից դուրս, ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում, խարխլված ասֆալտածածկույթով: Բնությունը ցուցաբերում էր Լոռվա բոլոր առանձնահատկությունները: Մեկ օրվա մեջ չորսից հինգ անգամ տեղում էր հորդ անձրև և բաձրանում ուժեղ քամի:
Ականջներս մինչև հիմա հիշում են այդ քամիների սուլոցը:
Հոդացավերիս պատճառով 2 տարի անց դիմեցի Վանաձորի Միասնական սոցիալական ծառայություն: 7 ամիս անց ինձ տեղափոխեցին Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության թիվ մեկ տուն ինտերնատ որը հետագայում վերանվանվեց «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ, որտեղ բնակվում եմ արդեն չորրորդ տարին:
Այստեղ սենյակները նախատեսված են երկու անձի համար: Սանհանգույցը և լոգարանը գտնվում է սենյակին կից տարածքում: Կան եռահարկ մասնաբաժիններ, ներքին հիվանդանոց, լվացքատուն: Խնամքը, բուժսպասարկումը, կուլտուր–֊ մասսայական միջոցառումները գնահատում եմ միջինից բարձր: Ունի բարեկարգ տարածք, դեկորատիվ և մրգատու ծառեր, հանգստի տաղավարներ, տարածքում տեղաբաշխված նստարաններ, շահառուների անձնական տրանսպորտային միջոցների կայանատեղ:
Դրական բաներ կարող եմ թվարկել դեռ շատ, սակայն ինձ նման ծեր, երկարատև աշխատանքից, կյանքի պայմաններից, ընտանեկան վիճակից նյարդային համակարգը խարխլված շահառուների համար, խիստ անհրաժեշտ է բնակվելու պայմանները: Այստեղ է, որ ամեն ինչ առաջանում է միացյալ սոցիալական ծառայություններ մատուցելու պետական մոտեցումից:
Ոչ լրիվ չորս տարվա բնակության ընթացքում ես բնակվել եմ հինգ տարբեր անձանց հետ, որից վերջինները երեքը փոխվել են այս վերջին մեկ տարվա ընթացքում:
Ես չունեմ ոչ մի հարազատ, երկու տղաս, կինս և ծնողներս հուղարկավորված են Զեյթունի գերեզմանատան թիվ 34911 գերեզմանում: Իմ նկարն էլ է զետեղված գերեզմանաքարի վրա, բայց ո՞վ ինձ այնտեղ կհասցնի չգիտեմ: Այսօր ես եմ այդ գերեզմանի միակ խնամողը:
Աշխատել եմ ԲՈւՀ–ի դասախոս, որակավորված աուդիտոր, Երևան քաղաքի գլխավոր վերահսկիչ վերստուգիչի ապարատի ավագ հաշվապահ–ռևիզոր:
Կենտրոնում բնակվելու համար ինձնից գանձվում է իմ ընդհանուր նպաստի հաշմանդամության մասը, որը կազմում է քառասունյոթ հազար դրամ: Նրան միացրել են նաև այս վերջին ավելացված 10 հազար դրամը: Առձեռն ինձ վճարում են քառասունմեկ հազար դրամ:
Իսկ իմ իմանալով, կենտրոնում բնակվելու համար սովորական թոշակառուից գանձում են քսանչորս հազար դրամ:
Կառավարության որոշմամբ սահմանվել է սոցիալական բնակարանների հատկացման նոր կարգ: Սոցիալական խնամքի մատուցման նոր կանոններ:
Ես կենտրոնում իմ բնակվելու պայմաններից դրդված, կազմակերպել եմ ինձ համար հանգիստ Լոռու մարզի Ակներ գյուղում: Սննդից, խնամքից, բուժ. օգնությունից ինչպես նաև կենտրոնում ինձ հատկացվող այլ շատ ծառայություններից զրկված եմ, սակայն այնտեղ ինձնից գանձումները շարունակվում են: Դրա փոխարեն նյարդերս են հանգիստ: Հանգիստս կօգտագործեմ մինչև թույլատրվելիք ժամկետը: Հետո ի՞նչ եմ անելու դեռ չգիտեմ:
P.S. Այսօր արդեն օգոստոսի 25–ն է: 10 օրից որոշել եմ թողնել Ակներ գյուղի իմ կացարանը և վերադառնալ Երևան իմ շուրջօրյա խնամքի կենտրոն:
Սպասվող տպավորություններիս մասին կարող եմ գրել արդեն սեպտեմբեր ամսվա ընթացքում, եթե կհետաքրքրի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել