Ըստ լուրերի՝ Հայաստանը L-39 Skyfox ինքնաթիռներ է պատվիրել. նախագահ Խաչատուրյանը եղել է արտադրամասում
X-ի (նախկին Twitter) օգտահաշիվներից մեկը, որը հետեւում է չեխական ռազմարդյունաբերությանը, սեպտեմբերի 17-ին հայտնել է, որ չեխական Aero Vodochody AEROSPACE ընկերությունը, որը հայտնի է, մասնավորապես, Aero L-29 Delfin եւ Aero L-39 Albatros ուսումնամարտական ինքնաթիռների արտադրությամբ, Հայաստանի համար ներկայում թողարկում է 4 հատ L-39 Skyfox տիպի ինքնաթիռ։
L-39 Skyfox-ը, որը հայտնի է նաեւ իբրեւ L-39NG (Next Generation), L-39 Albatros-ի մոդիֆիկացիաներից է։ Albatros-ը 1970-1990-ական թթ․ հայտնի ուսումնամարտական ինքնաթիռ էր, մասնավորապես, Արեւելյան Եվրոպայի եւ սոցիալիստական ճամբարի երկրներում, այդ թվում՝ ԽՍՀՄ-ում։ Պատմության ընթացքում կառուցվել է ավելի քան 2900 հատ L-39 Albatros։
L-39 Skyfox-ի ծրագիրն սկսվել է 2015-ին, իսկ կոնկրետ այս մոդելի առաջին թռիչքը կայացել է 2018-ին։
Եթե Albatros-ը հայտնի էր որպես ուսումնամարզական ինքնաթիռ քաղաքացիական ու ռազմական օդաչուների համար, որ կարող էր ծառայել նաեւ իբրեւ թեթեւ գրոհային (այն կիրառվել է լիբիական, սիրիական, ռուս-ուկրաինական պատերազմներում), ապա Skyfox-ը ոչ միայն ուսումնամարզական ինքնաթիռ է ռազմական օդաչուների համար, այլեւ կարող է ծառայել գրոհային ու հետախուզական նպատակներին։
L-39 Skyfox ինքնաթիռ, Պարդուբիցե, Չեխիա, 07.06.2025, աղբյուրը՝ commons.wikimedia.org
L-39 Skyfox-ը կարող է շահագործվել մինչեւ 15 հազ․ թռիչքային ժամ։ Նախատեսված է 2 օդաչուի համար։ Քաշը դատարկ վիճակում 3280 կգ է, առավելագույն թռիչքային քաշը (ներառում է օդանավի քաշը, օգտակար բեռը, վառելիքը, անձնակազմը)՝ 5600 կգ։ Օգտակար բեռի քաշը՝ 1350 կգ։ L-39-ի առավելագույն արագությունը 907 կմ/ժ է:
L-39 Skyfox-ի ավիացիոն գնդացիրը, հեղ.՝ Կարել Շուբրտ, commons.wikimedia.org
Ունի 5 կախոց, որոնց կարող է ամրացվել տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ հրթիռներ ու ռումբեր։ Կարող է սպառազինվել նաեւ գնդացրով, հետախուզական տարբերակը՝ նաեւ հետախուզական սարքավորումներով։
ՀՀ նախագահն այցելել է L-39-ի արտադրամաս
Սեպտեմբերի սկզբին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում։ Նախագահի պաշտոնական կայքում չկա ինֆորմացիա այն մասին, որ նա ամսի 4-ին այցելել է Aero Vodochody AEROSPACE ընկերություն (կարճ՝ AERO)։ Այդ մասին տեղեկանում ենք վերջինիս կայքից։
Նախագահ Խաչատուրյանը՝ չեխական AERO ընկերությունում, 04.09.2026, աղբյուրը՝ aero.cz
«Արտադրական համալիր կատարած այցի ընթացքում Հայաստանի նախագահը ծանոթացավ AERO-ի արտադրական ընթացիկ ծրագրին, ռազմական ինքնաթիռների մշակման, արտադրության եւ սպասարկման ոլորտում ընկերության հնարավորություններին, ինչպես նաեւ չեխական ավիացիոն արդյունաբերության ավանդույթներին,- հայտնել է չեխական ընկերությունն ու հավելել,- հատուկ ուշադրություն դարձվեց L-39 Skyfox նորագույն ինքնաթիռին, որը ներկայացնում է հաջողակ L-39 ուսումնամարզական ինքնաթիռների ընտանիքի նոր սերունդը։ Հայաստանի նախագահը հնարավորություն ունեցավ մոտիկից զննել ինքնաթիռը եւ տեղեկանալ ժամանակակից ռազմական օդաչուների պատրաստման գործընթացում դրա կիրառման մասին»։
AERO-ի նախագահ եւ տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Սոտոնան արտահայտվել է այսպես․ «Մենք բարձր ենք գնահատում ՀՀ նախագահի այցը AERO։ Հայաստանը L-39 Albatros ինքնաթիռների երկարամյա շահագործող է, եւ մենք ուրախ ենք, որ այսօր կարողացանք ներկայացնել ոչ միայն մեր ընկերության ընթացիկ հնարավորությունները, այլեւ, առաջին հերթին, այդ հաջողակ ընտանիքի նորագույն սերունդը՝ L-39 Skyfox-ը։ Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկարաժամկետ հարաբերությունների զարգացման համար»։
Ձախից՝ Վ. Սոտոնան, աջից՝ Վ. Խաչատուրյանը, 04.09.2026, աղբյուրը՝ aero.cz
Ինչպես տեսնում ենք, ընկերությունը չի բարձրաձայնել Հայաստանի կողմից L-39 Skyfox տիպի ինքնաթիռներ ձեռք բերելու մասին, սակայն ինքնին նախագահի այցը, դրա մասին վերջինիս կայքում տեղեկատվության բացակայությունը եւ օրեր անց X-ում հրապարակված նորությունը Հայաստանի պատվերի մասին հիմք են տալիս կարծելու, որ մեր երկիրը ոչ միայն պարզապես հետաքրքված է այս օդանավերով, այլեւ արդեն գործնական քայլերի է անցել։
Հայաստանը L-39-ի շահագործման փորձ ունի
Այն, որ Հայաստանը L-39-ի երկարամյա շահագործող է, ճիշտ է։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) վիճակագրության համաձայն՝ 2004 թ. Հայաստանն Ուկրաինայից ձեռք է բերել 2 հատ L-39 Albatros, իսկ 2009-ին պատվիրել է եւս 4 հատ, որոնք առաքվել են 2011-ին:
ՀՀ օդուժի L-39C Albatros, «Շիրակ» օդանավակայան, Գյումրի, 18.11.2015, հեղ.՝ Նիկոլայ Նիկիտին, russianplanes.net
Իրականում, սակայն, Հայաստանի ունեցած Albatros-ների թիվն ավելի մեծ է, ինչի մասին հուշում են արբանյակային լուսանկարները: Ըստ այդմ՝ 2023-2024 թթ. Հայաստանն ուներ առնվազն 8-10 հատ L-39 (թե սրանցից քանիսն են թռիչքների համար պիտանի, հայտնի չէ):
ՀՀ օդուժի L-39C Albatros, «Էրեբունի» օդանավակայան, Երեւան, 26.06.2017, հեղ.՝ Յուրի Սկրիպցով, russianplanes.net
Ընդ որում՝ տարբեր աղբյուրներում Հայաստանի ռազմաօդային ուժերի L-39-ների քանակի մասին տարբեր թվեր են շրջանառվում, առավելագույնը՝ 12:
Չեխական ինքնաթիռները՝ Արցախյան առաջին պատերազմում
Մեր երկրի օդուժը 1990-ականներին շահագործել է նաեւ առնվազն 1 հատ L-29 Delfin: Հայտնի է, մասնավորապես, որ Արցախյան առաջին պատերազմի 1994 թ. հրադադարից հետո՝ 1995-ի հուլիսի 14-ին, Արցախում մարտական առաջադրանք կատարելիս վթարի է ենթարկվել գնդապետ Բորիս (Բարիս) Բաբայանի (ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության պետի տեղակալն էր) եւ մայոր Սամսոն Սամսոնյանի L-29 ուսումնամարտական ինքնաթիռը, երկուսն էլ զոհվել են:
ՀՀ օդուժի L-39C Albatros-ը՝ Artsakh Airfest 2018 փառատոնին, 18.06.2018, facebook.com
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ առկա տեղեկությունների, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-ի տարեվերջին, այս երկիրն, ի թիվս այլ մարտական ինքնաթիռների եւ ուղղաթիռների, ունեցել է 52 հատ L-29 ուսումնամարտական ինքնաթիռ, որոնք կիրառվել են պատերազմում: Նույն աղբյուրի համաձայն՝ 1992-ի ամռանը ադրբեջանական օդուժում L-29-երի թիվը հասել էր 70-ի (մեկ այլ աղբյուր նշում է, որ այս թիվը ներառում էր թե՛ L-29 Delfin, թե՛ L-39 Albatros օդանավերը): Նշվում է, որ Ադրբեջանն այս մարտական ինքնաթիռները կիրառում էր հայերի դեմ հատկապես իր ռազմական ուղղաթիռների մեծ կորուստների ֆոնին: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ հայկական կողմն Արցախյան առաջին պատերազմում խոցել է ադրբեջանական բանակի առնվազն 14 հատ L-29 Delfin:
Առաջին լուսանկարում` L-39 Skyfox ինքնաթիռը՝ թռիչքի մեջ, աղբյուրը՝ aero.cz
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել