Այսօր՝ Հայաստան-Լատվիա. վիճակագրությունը մերոնց օգտին է
Այսօր՝ 20:00-ին, Երեւանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ազգերի լիգայի 2026/2027 թթ. խաղարկության շրջանակներում Հայաստանի ընտրանին կընդունի Լատվիային:
Երկու թիմերն ընդգրկված են C լիգայի 2-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Մոնտենեգրոն ու Կիպրոսը:
Նկատենք, որ հավաքականների առաջիկա խաղացանկը բավական խիտ է: Մեր թիմը, մասնավորապես, այսօր Լատվիային ընդունելուց հետո՝ ամսի 28-ին, կրկին Երեւանում մրցելու է Մոնտենեգրոյի հետ, ապա հոկտեմբերի 2-ին հյուրընկալվելու է Կիպրոսին, իսկ ամսի 5-ին՝ Մոնտենեգրոյին: Վերջին երկու խաղերը (Հայաստան-Կիպրոս, Լատվիա-Հայաստան) կկայանան նոյեմբերի 12-ին ու 15-ին:
Առաջին 4 խաղերի համար գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի տրամադրության տակ են հետեւյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարեւիչ - ԻՄՏ (Սերբիա)
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Ալեքսանդր Միշիեւ - «Ուրարտու»
Գոռ Մատինյան - «Սարդարապատ»
Պաշտպաններ
Դավիթ Տերտերյան - «Ալաշկերտ»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան - «Փյունիկ»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան - «Օլիմպիակոս»» (Հունաստան)
Էրիկ Սիմոնյան - «Փյունիկ»
Խարիտոն Այվազյան - «Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան - ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
Կառլեն Հովհաննիսյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Ալ-Ահլի» (Սաուդյան Արաբիա)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հարձակվողներ
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սեւիկյան - «Սեուտա» (Իսպանիա)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Հովհաննիսյան - «Լեխիա» (Գդանսկ, Լեհաստան)
Արթուր Միրանյան - «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)
Արթուր Ղարիբյան - «Ռոդինա» (Ռուսաստան)
Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»
Վնասվածքների հետեւանքով հավաքականին օգնել չեն կարող ոչ ավել, ոչ պակաս 11 հոգի՝ Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Դավիդ Դավիդյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, Էդգար Գրիգորյանը, Ստյոպա Մկրտչյանը, Սերգեյ Մուրադյանը:
Հայաստան-Լատվիա հանդիպումն սպասարկելու է սլովենական մրցավարական անձնակազմը: Մրցավարը Մարտին Մատոշան է, նրա օգնականներն են Մատեյ Ժունիչն ու Ալեքսանդար Կասապովիչը։ 4-րդ պաշտոնյան Միխայել Անտիչն է։
Հայաստանի ընտրանին Լատվիայի հետ թե՛ ընկերական, թե՛ պաշտոնական հանդիպումների փորձ ունի:
Բալթյան այս երկրին մինչ այժմ հանդիպել ենք 6 անգամ: Առաջին երկու խաղերը եղել են ընկերական: 2009 թ․ փետրվարի 11-ին կիպրական Լիմասոլում գրանցվել է 0-0, իսկ 2014 թ․ սեպտեմբերի 3-ին լատվիացիները Ռիգայում հաղթել են 2-0 հաշվով։ 2023 թ. հունիսի 19-ին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում մերոնք Երեւանում 2-1 հաշվով հաղթեցին Լատվիային: Գոլերի հեղինակ դարձան Նաիր Թիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը: Պատասխան խաղը կայացավ նույն տարվա հոկտեմբերի 12-ին Ռիգայում, որտեղ դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով: Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության ժամանակ էլ՝ 2024-ի սեպտեմբերի 7-ին, մերոնք Երեւանում հաղթեցին 4-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը, Էդուարդ Սպերցյանը, հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կասպարս Դուբրան: Ընդ որում՝ մերոնցից էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Գեորգի Հարությունյանը: Վերջին խաղը կայացել է 2024-ի նոյեմբերի 17-ին Ռիգայում եւ ավարտվել մերոնց հաղթանակով՝ 2-1: Աչքի են ընկել Էդուարդ Սպերցյանն ու Արթուր Միրանյանը:
Այսպիսով՝ 6 խաղերից 3-ում հաղթել է Հայաստանի հավաքականը, 1 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 2 անգամ էլ հաղթել են լատվիացիները: Խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-7՝ հօգուտ մեզ:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում այս պահին Հայաստանը 107-րդն է, իսկ Լատվիան՝ 137-րդը:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կմեկնարկի C լիգայի 2-րդ խմբի մյուս՝ Մոնտենեգրո-Կիպրոս հանդիպումը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել