850 հազար քաղաքացի օգտվել է առողջության համընդհանուր ապահովագրությունից
Կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկի մեջ՝ այն համապատասխանեցնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներին։ «Որոշումը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձի կարգավիճակի ապահովագրավճար վճարողի, չվճարողի կարգավիճակների վերաբերյալ ծանուցումների ներկայացման կարգին: Քանի որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում անձի կարգավիճակի դադարեցման հիմքը, ապահովագրավճար վճարողի կարգավիճակով պայմանավորված, արդեն հանվել է, և օրենսդրական փոփոխությունն իրականացվել է սույն թվականի ապրիլի 7-ի օրենքով, հետևաբար Կառավարության որոշման մեջ դրա վերաբերյալ ծանուցման դրույթն էլ առաջարկում ենք հանել»,- ասել է փոխնախարարը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանը, հետաքրքրվել է գործընթացի մանրամասներով։
Սամվել Խարազյանը տեղեկացրել է, որ 1 միլիոն 815 հազար ապահովագրված մարդ կա այս պահի դրությամբ: «Ապահովագրված անձանց շուրջ 50 տոկոսը կամ մոտ 850 հազար քաղաքացի արդեն իսկ ստացել է այս կամ այն ծառայությունն առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է համապատասխան փոխհատուցում այն բժշկական կազմակերպություններին կամ դեղատներին, որտեղ տվյալ անձինք ստացել են համապատասխան ծառայություն կամ դեղորայք: Ընդհանուր առմամբ, մեր բժշկական կազմակերպությունների և դեղատների կողմից փոխհատուցման ներկայացված կատարողականը 150 մլրդ-ից ավելի է կազմում այս պահի դրությամբ, որն ամբողջությամբ, ներառյալ նաև օգոստոս ամսվա կատարողականները, ամբողջությամբ փոխհատուցվել են»,- նշել է փոխնախարարը:
Փոխվարչապետը հետաքրքրվել է՝ սա նշանակում է, որ տարեվերջին կլինեն մարման ենթակա մոտավորապես մինչև 200 մլրդ հաշիվներ։ «Միգուցե մի փոքր ավելի՝ սեզոնայնությամբ պայմանավորված։ Սովորաբար մեր դիտարկումներն ու տարիների վիճակագրությունը ցույց են տալիս, որ աշնան շրջանում, քրոնիկ հիվանդությունների սրացումներով և այդ բարդությունների առաջացմամբ, կարող է այդ թիվն ավելանալ, բայց դա կառավարման շրջանակներում է։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ ապահովագրության հիմնադրամի բյուջեի շրջանակներում ծախսերը կառավարելի են»,- տեղեկացրել է առողջապահության փոխնախարարը:
Այդ համատեքստում Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ռեզիդենտների թվին: «Հիմա, երբ մեկնարկել է ապահովագրության գործընթացը, բնականաբար, մարդիկ կամավոր սկսել են իրենց իդենտիֆիկացնել որպես ռեզիդենտ, որպեսզի դառնան շահառու: Մենք պետք է վերջնականապես էլեկտրոնային տվյալների շտեմարանը կարգի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմատ, և մեր քաղաքացի շահառուն՝ ծառայություն ստացողը, նույնիսկ դա չզգա»,-ընդգծել է Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ ամենաճիշտ կետն ապահովագրության համակարգի շահառուների ճշգրտումն է։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ ԱԱԾ-ի գործընկերների հետ, հաշվի առնելով նաև սահմանների համալիր կառավարման մասով իրենց պարտավորությունը վիզաների հետ կապված, աշխատում են այդ ուղղությամբ: «Այս պահին խոսում ենք առողջության համընդհանուր ապահովագրության կամ սոցիալական ծառայությունների մասին, բայց հիշենք, որ ընտրական գործընթացի դեպքում ևս նախատեսել ենք ռեզիդենտության բաղադրիչը: Այս պահին աշխատում ենք գործընկերների հետ նաև ընտրացուցակների մասով աշխատանքների ուղղությամբ։ Առաջիկայում Կառավարություն կներկայացնենք նաև քաղաքացիության օրենքում փոփոխությունների փաթեթը, որտեղ ևս քաղաքացիության շնորհման գործընթացում ռեզիդենտության բաղադրիչը կարևոր կլինի: Այսինքն՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներում ռեզիդենտության բաղադրիչը գնալով ավելի հիմնարար նշանակություն է ունենում: Այստեղ պարզապես այլընտրանք չկա, պետք է կարողանանք մեր ունեցած բազաներն ադապտացնել այս իրավիճակին»։
Մհեր Գրիգորյանը կարևորել է հունվարի 1-ից զտած բազայով աշխատանքներն իրականացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Լուսանկարում՝ Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը/gov.am-
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել