ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանեց ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին
Մեկ շաբաթ լարված բանակցություններից հետո ԵՄ երկրները, վերջիվերջո, եկան համաձայնության Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ պատժամիջոցների հարցում՝ երկարաձգելով դրանք երեք տարով։
Սակայն պատժամիջոցների ցանկից հանվեցին ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովն ու Միխայիլ Ֆրիդմանը։
Ալիշեր Ուսմանովի անունը ցուցակից հանվեց Ֆրանսիայի պահանջով։ Իսկ Միխայիլ Ֆրիդմանինը՝ Սլովակիայի և Լյուքսեմբուրգի։
Պատժամիջոցները երկարացվում էին վեց ամիսը մեկ՝ ԵՄ անդամ բոլոր երկրների միաձայն համաձայնությամբ։
Անցած շաբաթ հերթական բանակցությունների ժամանակ Ֆրանսիան անսպասելիորեն փոխել էր իր դիրքորոշումը՝ վետո էր դրել պատժամիջոցները երկարաձգելու վրա և պահանջել էր Ուսմանովի անունը հանել ցուցակից: Ֆրանսիայի ԱԳՆ-ից պնդում էին, որ այս փոփոխությունը կապված է ազգային անվտանգության հետ։
Միջազգային մամուլի համաձայն, Ֆրանսիան Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացիների ազատման վերաբերյալ։ Ադրբեջանն օգտագործել է նրանց, որպեսզի Ֆրանսիայի միջոցով հասնի Ուսմանովի հանդեպ ԵՄ պատժամիջոցները մեղմելուն կամ չեղարկելուն։
Բաքուն հերքել է սա, սակայն Ադրբեջանը պաշտոնական մակարդակով միացել է Ուսմանովի հանդեպ պատժամիջոցները չեղարկելու կոչերին։
Ֆրանսիացիներից մեկը Մարտեն Ռայանն (Martin Ryan) է, ով ձերբակալվել էր 2023 թվականի դեկտեմբերին և հետագայում դատապարտվել 10 տարվա ազատազրկման ադրբեջանական խիստ ռեժիմի բանտում։
- Կարդացեք նաև՝ Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետ
Իսկ Լյուքսեմբուրգը պահանջում էր մեկ այլ ռուսաստանցի միլիարդատերի՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Միխայիլ Ֆրիդմանի անունը հանել պատժամիջոցների ցանկից։ 2024 թվականին Ֆրիդմանը միջազգային արբիտրաժային դատարան ռեկորդային՝ 16 միլիարդ ԱՄՆ դոլարի հայց էր ներկայացրել Լյուքսեմբուրգի դեմ։ Լյուքսեմբուրգը սառեցրել էր Ֆրիդմանի միջոցները՝ վերջինիս ԵՄ պատժամիջոցների ցանկում հայտնվելու պատճառով։
«Պատժամիջոցների ռեժիմը պահպանելու հարցում մենք բարդ փոխզիջման ենք հասել», - երեկ երեկոյան հայտարարել է ԵՄ նախագահությունը ստանձնած Իռլանդիայի ներկայացուցիչը, որը վարում էր բանակցությունները։
Բրյուսելի դիվանագիտական շրջանակներում այս զարգացումները մեծ աղմուկ և շոկային իրավիճակ են առաջացրել։ Շատերը պնդում են, որ վտանգավոր միջադեպ է ստեղծվել, և այսուհետ Ռուսաստանի հետ կապ ունեցող տարբեր խոշոր գործարարներ կարող են նման կերպով ճնշում գործադրել ԵՄ անդամների վրա։
Կոնկրետ այս պատժամիջոցների ընդունման պահից սա առաջին դեպքն է, երբ կալանավորված անձինք երրորդ երկրի կողմից օգտագործվում են ԵՄ անդամ երկրի վրա մեծ դիվանագիտական ճնշում գործադրելու և զիջումներ կորզելու համար։
Բանակցությունների վերջում Լատվիան միակն էր, որ դեմ էր երկու գործարարների նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը։ Սակայն երկիրն ընտրել է փոխզիջումների ճանապարհը և Ֆրանսիայից հետ ռազմական ավելի սերտ համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել:
Մեկնաբանելով այս զարգացումները, Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը հայտնել է, որ անձամբ խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Կուլբերգսը նշել է, որ Լատվիան և Ֆրանսիան բանակցություններ են սկսելու Լատվիայի՝ «Ֆրանսիական միջուկային զսպման նախաձեռնությանը» միանալու վերաբերյալ։
«Մակրոնը նաև հայտնել է Լատվիայում Ֆրանսիայի ռազմական ներկայությունն ամրապնդելու իր հանձնառության մասին՝ հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում։ Նման հանձնառությունը կամրապնդի ոչ միայն Լատվիայի, այլև ՆԱՏՕ-ի ամբողջ արևելյան թևի անվտանգությունը», - ասել է Կուլբերգսը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել