Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին
Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Ամրոց» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ տիար Մանուկ Հերգնյանը Նորին Սրբությանը ներկայացրեց սեպտեմբերի 18-19-ին Հաղարծնի վանական համալիրում անցկացվելիք համաժողովի մասնակիցներին՝ հավելելով, որ տարբեր երկրներ և մասնագիտական ոլորտներ ներկայացնող գործիչները համախմբվել են՝ քրիստոնեական հավատքի լույսի ներքո քննարկելու ժամանակակից մարտահրավերները և որոնելու դրանց հաղթահարման ուղիները։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին՝ ողջունելով նման համաժողովի անցկացումը քրիստոնեական հարուստ ժառանգություն ունեցող Հայաստանում։
Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ ընդգծելով եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, ազգային ինքնության կերտման ու պահպանման գործում։
Նորին Սրբության խոսքով՝ Քրիստոսի լուսավոր պատգամներին հավատարիմ հայ ժողովուրդը ոգու արիությամբ դիմագրավել է պատմության ընթացքում իրեն բաժին հասած ծանրագույն փորձությունները՝ կերտելով հարուստ մշակույթ և սերունդներին ավանդելով հոգևոր ու ազգային անանց արժեքներ։ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ հավատքն այսօր ևս ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին՝ կարևորելով արդի աշխարհում գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց քրիստոնեական արժեքների ամրապնդման և մարդու հոգևոր ու բարոյական աճի հրամայականը, որպեսզի գիտության նվաճումները ծառայեն անհատի և հասարակության բարօրությանը։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը համաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ քննարկումները կնպաստեն քրիստոնեական արժեքների տարածմանը և հանրային կյանքում դրանց կենսագործմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել