HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը նախատեսում է վերանայել պետական ծառայողների վարձատրության համակարգը

Կառավարությունը հավանություն է տվել ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Օրինագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանը և մրցունակ հանրային ծառայության ապահովմանը։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը (բացառությամբ այն ծառայությունների, որտեղ գործում են ատեստավորման հիմքով վարձատրության կարգավորումներ)՝ վերանայելով հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները և ներդնելով կատարողականի գնահատման (այսուհետ՝ ԿԳ) նոր կարգավորումներ, ինչը թույլ կտա վարձատրության չափը պայմանավորել աշխատանքի գրանցած արդյունքներով՝ որպես աշխատանքի արդյունավետության և հանրային ծառայությունների որակի բարձրացման էական գործոն։

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պետական ծառայության համալրման գործընթացների արդյունավետության, միասնականության, թափանցիկության և հասանելիության բարձրացման, ինչպես նաև պետական ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացում կիրառվող ընթացակարգերի պարզեցման և թվայնացման անհրաժեշտությամբ։ Նախագիծը չի տարածվելու այն ծառայությունների վրա, որտեղ արդեն գործում է ատեստավորման հիմքով վարձատրության համակարգ։ Այդ բացառությունների թվում են մի շարք ուժային կառույցներ։

Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդրական փաթեթը ոլորտում սկսված բարեփոխումներն ամրացնելու և դրանց ընթացքը խորացնելու նպատակ ունի։ Փոփոխությունները նախատեսվում են 2027 թվականի հունվարի 1-ից։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ամենաբարդ, մյուս կողմից՝ ամենակարևոր բարեփոխումներից մեկն է. «Այս բարեփոխումներով մենք ռազմավարական նշանակության խնդիր ենք լուծում։ Եթե այս խնդիրը ձևակերպելու լինենք շատ կարճ՝ պետության և պետական համակարգի ուժեղացում, պետության, պետական կարգավիճակի ուժեղացում»։

Ըստ վարչապետի՝ այս բարեփոխումը չանել, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի և ՀՀ-ում պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը: Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ կոռուպցիայից զերծ տեսլականի իրագործման համար այս բարեփոխումը շատ կարևոր է։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ համակարգում կրթություն ստանալու պարտադիր բաղադրիչի կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Վարչապետը, անդրադառնալով բարեփոխման վերաբերյալ նախատեսվող քննադատություններին, շեշտել է. «Մենք ունենք քաղաքական կամք զարգացնելու մեր պետությունը։ Եվ ոչ միայն ընթացիկ կառավարության, այլև՝ հետագա կառավարությունների, ոչ միայն ընթացիկ պաշտոնյանների, այլև՝ հետագա պաշտոնյանների աշխատանքի արդյունավետության բարձրացման շարունակական մեխանիզմը պետք է ներդրվի»։

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ, առաջարկություններ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter