«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի առաջին տուրում խոշոր հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2026-27 թթ. մրցաշրջանի հիմնական (լիգայի) փուլի 1-ին տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» տանը՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, 1:4 հաշվով պարտություն կրեց Պրահայի «Սպարտայից»:
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները վստահ սկսեցին հանդիպումը և արդեն 30-րդ վայրկյանին մոտ էին հաշիվը բացելուն: Արթուր Սերոբյանի փոխանցումից հետո Սանդրո Լիման հարմար դիրքում չկարողացավ հարվածել գնդակին: Տանտերերը մեկնարկային 10 րոպեների ընթացքում ևս երկու վտանգավոր պահ ստեղծեցին. նախ Էդգար Գրիգորյանի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո գնդակին տիրեց դարպասապահ Յակուբ Սուրովչիկը, իսկ քիչ անց Լիմայի գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Հայաստանի չեմպիոնի չիրացրած պահերից հետո գործի անցավ «Սպարտան» ու արագ երկու գոլ խփեց: Պաշտպան Տոբիաս Գուդալը նախ Ադամ Կարաբեցի անկյունային փոխանցումից հետո գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը, ապա տուգանային հրապարակի եզրից տպավորիչ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Ի պատասխան՝ տանտերերի կազմում վտանգավոր հարվածով աչքի ընկավ պաշտպան Խոսե Ժունիոր Ժուլիոն, որի հեռահար հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց Պրահայի թիմը խփեց երրորդ գնդակը ու հաշիվը խոշոր դարձրեց. Խոսիմար Ալկոսերի փոխանցումից հետո Ջոն Մերկադոն մոտ տարածությունից գրավեց դարպասը: Երկու րոպե անց «Արարատ-Արմենիային» հաջողվեց արագ կրճատել հաշվի տարբերությունը. գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Բրունու Վիլսոնը:
Հանդիպման 72-րդ րոպեին «Սպարտան» վերականգնեց երեք գնդակի առավելությունը։ Մատեյ Յուրասեկի աջ եզրից կատարած ճշգրիտ փոխանցումից հետո Պատրիկ Վիդրան գլխի հարվածով հաշիվը դարձրեց 1:4: Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» հայկական ֆուտբոլի պատմության առաջին ակումբն է, որը նվաճել է Եվրոպա լիգայի հիմնական (լիգայի) փուլի ուղեգիր: Հայկական թիմը Եվրոպա լիգայի հաջորդ տուրի հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ արտագնա խաղում մրցելով լեհական «Յագելոնիայի» հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել