HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենյա Գևորգյան

Միլիոնավոր դրամներ՝ թափառող կենդանիների ստերջացման համար. ինչպե՞ս են համայնքները վերահսկում դա

Համայնքներն ամեն տարի միլիոնավոր դրամներ են հատկացնում թափառող կենդանիների ստերջացման համար։ Շները շարունակում են ոհմակներով շրջել, բնակիչները շարունակում են բողոքել։  Հարցեր են առաջանում ոչ միայն մրցույթներով իրականացվող ստերջացման արդյունավետության, այլև այդ ծառայությունների պատշաճ մատուցման վերաբերյալ։

«Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ն հանրային հսկողության շրջանակում ուսումնասիրել է թափառող կենդանիների ստերջացման համայնքային գնումները։ ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանի փոխանցմամբ՝ մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։

Մասնավորապես, համայնքային միլիոնավոր դրամների մրցույթներում հաղթած «Նորոգում» ՍՊԸ-ի գործունեության ուսումնասիրությամբ բացահայտվել են մի շարք խախտումներ ու անհամապատասխանություններ: Ընկերության տնօրենը Գագիկ Գալստյանն է։ «Նորոգում» ՍՊԸ-ն թափառող կենդանիների ստերջացման ծառայություններ է իրականացրել տարբեր համայնքներում։ 2026 թվականին ընկերության հետ պայմանագրեր են կնքել Նոր Հաճնի, Արարատի, Սևանի, Սիսիանի և Մասիսի համայնքապետարանները։ 

Արարատի համայնքապետարան

3,996,000 դրամ

200 շան ստերջացման համար

Մասիսի համայնքապետարան

11,670,000 դրամ

520 շան ստերջացման համար

Սևանի համայնքապետարան

4,395,000 դրամ

200 շան ստերջացման համար

Սիսիանի համայնքապետարան

6,486,000 դրամ

230 շան ստերջացման համար

Նոր Հաճնի համայնքապետարան

4,470,000 դրամ

200 շան ստերջացման համար

Ուսումնասիրությունը կատարվել է այս գնումների շրջանակում։
«Նորոգում» ՍՊԸ-ի գործունեությանը «Հետքը» նախկինում ևս անդրադարձել է։ Գյումրու համայնքապետարանի հայտարարած մրցույթի մասնակցության հայտում որպես շների ստերջացման վայր ընկերությունը նշել էր Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի հասցեն։ «Արդարության տան» ներկայացուցիչները Մասիսի համայնքի ներկայացուցչի հետ այցելել են նշված տարածք և այնտեղ կլինիկա չեն հայտնաբերել։ Տարածքում եղել է անասնագոմ։ Սա նույն տարածքն է, որտեղ նախկինում Գյումրի համայնքում շների ստերջացման մրցույթը հաղթող «Կումնի» ՍՊԸ-ն հակասանիտարական պայմաններում պահել էր կենդանիներին։ Այսինքն՝ փաստաթղթերում ներկայացված այն պայմանները, որոնք պետք է ապահովեին կենդանիների զննումը, վիրահատությունը և հետվիրահատական պահումը, չեն եղել։ «Հետքը» դեռ մեկ տարի առաջ փորձել էի կապ հաստատել ընկերության տնօրենի հետ։ Զրույցը շատ կարճ էր տևել, տնօրենը չէր լսել լրագրողին։ Այս ամենից հետո Մասիսի հետ կնքված պայմանագիրը լուծվել է։ 

Խախտում է արձանագրվել նաև մրցույթի մասնակցության հայտը ներկայացնելիս։ «Նորոգում» ՍՊԸ-ի հայտը ստորագրել է Աիդա Ղազարյանը, որը «Ադել Շին» ՍՊԸ-ի տնօրենն է։ Այդ ընկերությունը ներառված է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների, նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկում, այսինքն՝ «սև ցուցակում», հետևաբար չէր կարող որևէ առնչություն ունենալ։

2026-ի ապրիլի 13-ի գրությամբ Պետական վերահսկողական ծառայությունը նշել է, որ իր մշտադիտարկման ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ «Նորոգում» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Կումնի», «Նիկում», «Գրին Էներջի Սոլուշնս», «Կիր-քար», «Ադել Շին» ընկերությունները և «Անկախ տաքսիստների ասոցացիա»-ն առերևույթ գործել են ընդհանուր տնտեսական շահից ելնելով։ ՊՎԾ-ի գնահատմամբ՝ այդ գործողություններով կարող էին խախտվել գնումների մյուս մասնակիցների օրինական իրավունքները։

Ուսումնասիրության համաձայն՝ «Նորոգում» ընկերությունը չի ներկայացրել մրցույթի տեխնիկական բնութագրերով պահանջվող փաստաթղթերն ու պայմանների առկայությունն ապացուցող նյութերը։ Մասնավորապես, հարցեր են առաջացել կենդանիների տեղափոխման համար հարմարեցված տրանսպորտի, ստերջացման համար նախատեսված կլինիկայի կամ կացարանի, վիրահատական և հետվիրահատական պայմանների, ինչպես նաև հիվանդ կենդանիների մեկուսացման հնարավորության վերաբերյալ։ Պետական պատվիրատուները պետք է ստուգեին այդ պայմանների առկայությունը, սակայն դա էլ պատշաճ կերպով չի արվել։ 

Չեն ներկայացվել նաև օպերատորի հետ իրավահարաբերությունները հաստատող փաստաթղթեր և զանգերի կենտրոնի հեռախոսահամարը։ Արձանագրվել է նաև, որ չեն ներկայացվել կազմակերպության և անասնաբույժի միջև օրինական աշխատանքային հարաբերությունները հաստատող փաստաթղթեր։

Ուսումնասիրության ընթացքում այլ անհամապատասխանություն է հայտնաբերվել նաև շների նույնականացման համարներում։ Թերեզա Գալստյանի խոսքով՝ «Նորոգումը» շների ականջներին դրվող նույն համարները ներկայացրել է թե՛ Աբովյանի, թե՛ Մասիսի համայնքապետարաններին՝ որպես այդ համայնքներում ստերջացված կենդանիների համարներ։ Այսինքն՝ փաստաթղթերում նույն համարով շները ներկայացվել են երկու տարբեր համայնքներում կատարված աշխատանքների մաս։

Փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ՝ մեկնաբանություն վերցնելու։ Հեռախոսազանգին պատասխանեց տնօրենը՝ Գագիկ Գալստյանը։ Լսելով նյութի թեման՝ անջատեց՝ նշելով, որ զբաղված է։

Իսկ ինչպե՞ս էին համայնքները հաստատում ծառայության կատարումը

«Արդարության տուն» ՀԿ-ի ուսումնասիրության համաձայն՝ պատվիրատուները, այս դեպքում համայնքապետարանները, չեն ստուգել ծառայությունների փաստացի և պատշաճ մատուցված լինելու հանգամանքը։ Արդյունքում՝ կազմվել են ծառայության վերաբերյալ դրական եզրակացություններ, որոնց հիման վրա արվել են վճարումներ։

2026-ի ապրիլի 13-ին հավաքված ամբողջ նյութը ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայություն և ՀՀ գլխավոր դատախազություն՝ որպես առերևույթ հանցանքի մասին հաղորդում։ Գլխավոր դատախազությունը նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե։ Գրության հիման վրա «Նորոգում» ՍՊԸ-ի մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ նախաքննությունը շարունակելու նպատակով գործը ուղարկվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, մեղադրյալի կադգավիճակ ունեցող անձ չկա։

«Արդարության տունը» «Նորոգում» ՍՊԸ-ի հետ կնքված վեց պայմանագրերի վերաբերյալ բացասական դիրքորոշում է հայտնել։ Կազմակերպության գնահատմամբ՝ ընկերությունը չի համապատասխանել տեխնիկական բնութագրերի պահանջներին, իսկ համայնքները չեն պահանջել կամ չեն ստացել ծառայությունների պատշաճ մատուցումը հաստատող անհրաժեշտ ապացույցներ։

Դրանից հետո Մասիսի համայնքապետարանը լուծել է «Նորոգում» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը։ Նոր Հաճնի համայնքապետարանը ևս պայմանագիրը լուծարելու որոշում է կայացրել, նաև համայնքապետարանի որոշմամբ ընկերությունը ներառվել է այն ցանկում, որում եղած ընկերություններն իրավունք չունեն մասնակցելու գնումների գործընթացին։ Մյուսներն էլ պայմանագրի լուծարման գործընթացի մեջ են։

Թափառող կենդանիների ստերջացման ծրագրերը շարունակվում են տարբեր համայնքներում, իսկ դրանց շուրջ առաջացած խնդիրները ցույց են տալիս, որ հարցը միայն կենդանիների թվաքանակը կարգավորելը չէ։ Խնդիր է նաև հասկանալ՝ ո՞վ և ինչպե՞ս է վերահսկում այդ գործընթացը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter