Հայաստանում բռնի անհետացումների և անհայտ կորածների հարցը․ ICLaw-ն ու ԻՊԱՍ-ը զեկույց են ներկայացրել ՄԱԿ
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը (ICLaw) և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի կամ հարկադիր անհետացումների հարցերով կոմիտեին՝ Հայաստանի կողմից «Բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։
Զեկույցում անդրադարձ է կատարվում Հայաստանում բռնի անհետացման քրեականացմանն ու դրա դեմ նախատեսված իրավական երաշխիքներին։ Նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածը քրեականացնում է բռնի անհետացումը, իսկ այն նախատեսված է նաև որպես մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործության բաղադրիչ արարք։ Միևնույն ժամանակ, զեկույցում մատնանշվում են օրենսդրական մի շարք բացեր, այդ թվում՝ բռնի անհետացում կատարած անձանց նկատմամբ համաներման կամ ներում շնորհելու հնարավորությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ արարքը որակվում է որպես մարդկության դեմ ուղղված կամ պատերազմական հանցագործություն։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև 2026 թ․ մարտին ընդունված «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և իրավիճակներում անհայտ կորած անձանց մասին» օրենքին։ Նշվում է, որ օրենքը կարևոր քայլ է, քանի որ կարգավորում է անհայտ կորած անձանց որոնման, նրանց ընտանիքների իրավունքների և միասնական ռեգիստրի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր։ Սակայն, ըստ զեկույցի, օրենքն ունի բացեր և պրակտիկորեն, գործնականորեն պետք է ստանա նաև պատշաճ կիրառություն։
Անդրադառնալով 2020 և 2023 թթ․ ռազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած բռնի անհետացումներին՝ զեկույցում նշվում է, որ դրանց վերաբերյալ քննություններ իրականացվել են որպես պատերազմական հանցագործություններ և/կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Միաժամանակ, փաստագրված են հայ զինծառայողների՝ ադրբեջանական կալանքի տակ գտնվելու ընթացքում բռնի անհետացման տասնյակ դեպքեր։
Զեկույցում առանձին անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Նշվում է, որ փաստաթուղթը նախատեսում է անդրադառնալ զինված հակամարտության ընթացքում անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրին՝ այդ թվում տեղեկատվության փոխանակման, որոնման և աճյունների վերադարձի միջոցով։ «Թեև այս հարցի ներառումը խաղաղության գործընթացում կարևոր քայլ է անհայտ կորած անձանց շարունակական որոնումն ու նրանց ճակատագիրն ու գտնվելու վայրը պարզելու ջանքերն ապահովելու ուղղությամբ, սակայն համաձայնության մասին հայտարարությունից այն կողմ որևէ շոշափելի առաջընթաց չի արձանագրվել», -ասված է զեկույցում։ Զեկույցի հեղինակները առաջարկում են չսպասել խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն և անհապաղ գործարկել անհայտ կորածների որոնման ու նրանց ճակատագրի պարզման մեխանիզմներ՝ անկախ և չեզոք միջազգային կողմի մասնակցությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել