Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման ժամանակակից մեկնաբանմամբ՝ Գյումրու Մտորումների թատրոնում
Հայ դասական գրողների ստեղծագործությունները բեմ հանելը բեմադրիչները համարում են ռիսկային, ինչպես աբսուրդի թեմաներով ներկայացումներ բեմադրելը: Հատկապես երիտասարդ սերունդը գերադասում է դիտել առավել «էքշն» ոճի ներկայացումներ, երբ ամեն ինչ արագ է զարգանում, չկան ձգձգված տեսարաններ ու ձանձրալի երկխոսություններ՝ համեմված երկար տեքստերով: Գյումրու Մտորումների թատրոնում հունիսին կայացավ Ալ. Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի առաջնախաղը: Բեմադրիչը 4 մասանոց ներկայացման ասելիքն ամփոփել էր մեկ մասի մեջ՝ տալով ժամանակակից մեկնաբանություն:
Ալեքսանդր Շիրվանզադեն «Պատվի համար» դրաման գրել է 1904թ․-ին, նույն թվականի դեկտեմբերի 10-ին էլ այն բեմադրվել է Բաքվի հայկական թատրոնում: 1905թ․-ի հունվարի 3-ին պիեսը ներկայացվել է Թբիլիսիի Արտիստական ընկերության թատրոնում: Գրականագետները, անդրադառնալով ստեղծագործությանը, նշում էին. «Պիեսի ֆաբուլան վերցված է իրական կյանքից, գործող անձինք այնպիսի մարդիկ են, որոնց մենք հանդիպում ենք ամեն քայլափոխի»:
Կարճ ժամանակում դրաման, որ լույս էր տեսել առանձին գրքով, մեծ մասսայականություն է վայելում հայ ընթերցասեր հանրության շրջանում: Այն բեմադրվում է ամենուր, քաղաքներում ու գավառներում, հայկական գաղութներում, պրոֆեսիոնալ թատերական խմբերի ու սիրողական խմբակների կողմից: Մինչև 1911թ․ «Պատվի համար» դրաման բեմադրվել է 300 անգամ, ինչը չափազանց տպավորիչ թիվ էր այն ժամանակի հայ դրամատուրգիայի համար: «Պատվի համար»-ը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ֆրանսերեն, էստոներեն, թուրքերեն:
«Պատվի համար» դրամայում Շիրվանզադեն ցույց է տալիս, թե հերոսներից յուրաքանչյուրն ինչպես է պահում իր պատիվը տարբեր իրավիճակներում: Նրանց կյանքում կա և՛ սեր, և՛ ատելություն, և՛ դավաճանություն, և՛ հավատարմություն, և՛ նյութապաշտություն և իհարկե՝ «պատիվ» հասկացություն, որն ամեն մեկը մեկնաբանում է յուրովի: Ի՞նչ է պատիվը, արդյոք մենք կարողանում ենք ընկալել նրա իրական իմաստը կամ արժեքը: Ի՞նչ է թաքնված այդ մի բառում, որի հետևում թաքնվելով՝ շատերն անում են բաներ, որ իրականում ոչ մի աղերս չունի բուն երևույթի հետ:
Էլիզբարովների ընտանիքի հայրը՝ Անդրեասը, իր ողջ կյանքում կողոպտել է մարդկանց՝ որոշ դեպքերում հանդես գալով որպես բարերար: Իր պատիվը բարձր պահելու համար նա պատրաստ է ամեն ինչի՝ գողության, դավաճանության, խաբեության և այլն: Սուրենը՝ Մարգարիտի կրտսեր եղբայրը, իր պատիվը պահում է փողով: Նրա համար պատիվը պարտք չունենալն է՝ անկախ նրանից, թե ինչ քայլերի կդիմի պարտքը փակելու համար: Մարգարիտը, լինելով սկզբունքային անձնավորություն, հանուն ընտանիքի ու իր պատվի, դիմում է ինքնասպանության: Էլիզբարովի մեծ տղայի՝ Բագրատի համար իր ու ընտանիքի պատվի հարցը տարիներով ձևավորված «անբասիրության» շղարշը պահելն է:
«Հիմա որ նայում ենք մեր իրականությանը, անցել է մեկ դար, բայց վստահաբար կարող ենք ասել, որ գրեթե բան չի փոխվել,- նկատում է Հ. Հովհաննիսյանը,- էսօր շատ է կարևորվում սեփական ընտանիքի, հասարակության, ազգի առաջ, նաև աշխարհին պատվով ներկայանալը, բայց ինչպես Շիրվանզադեի նկարագրած միջավայրում, այնպես էլ մեր իրականությունում, պատիվ հասկացության մեկնաբանությունն է տարբեր: Հենց սա ենք ուզում հասցնել հանդիսատեսին՝ ճիշտ ընտրություն կատարելու խնդիրը: Թատրոնը կենդանի օրգանիզմ է: Նա չի կարող փակվել իր պատերի մեջ ու պարզապես ստեղծագործել: Թատրոնը պարտավոր է արձագանքել իր շուրջը տեղի ունեցողին, ու մենք արձագանքում ենք: Պիտի միշտ հիշենք, որ մարդիկ գալիս են թատրոն ոչ միայն զվարճանալու, այլև կրթվելու, մտորելու, վերլուծելու, հետևություններ անելու»:
Գյումրու Մտորումների թատրոնում, որը զուրկ է դասական բեմական հնարավորություններից, և որտեղ դերասանները, շատ հաճախ, խաղում են հանդիսատեսից մեկ ձեռաչափ տարածության վրա, փորձել բեմադրել պիես՝ բաղկացած 4 մասից, բավական խնդրահարույց էր: «Հարկ եղավ դրաման սեղմել այնքան, որ ասելիքն ամփոփենք մեկ գործողությամբ ներկայացման մեջ, իսկ որպես հիմնական դեկորացիա ու գլխավոր ասելիք որոշեցի օգտագործել 6 մեծ աթոռ, որոնցից յուրաքանչյուրն իր տերն ունի, իր մեղքը, յուրաքանչյուրը մաքրվելու կարիք ունի: Մարդը պիտի հստակ գիտակցի իր արարքի հետևանքները: «Պատիվ», «պատիվ» գոչելով՝ անարդարություն գործելը տեղով մեղք է»,-ասում է ներկայացման բեմադրիչը:
Վերջինս նաև դրամայի գլխավոր հերոս Անդրեաս Էլիզբարովի կերպարն է մարմնավորում: Խաղալ այդ դերն այնպիսի նշանավոր դերասաններից հետո, ինչպիսիք էին Հովհաննես Աբելյանը, Հրաչյա Ներսիսյանը, Բաբկեն Ներսիսյանը, ըստ Հովհաննեսի, մեծ համարձակություն ու պատասխանատվություն է:
«Մեր տարբերակում կերպարի մեկնության ժամանակակից շեշտերն ավելի շատ են: Մենք դասական գործից չենք հեռացել, միևնույն ժամանակ հաշվի ենք առնել, որ 21-րդ դարի հանդիսատեսն է մեզ դիտում, հատկապես երիտասարդ սերունդը,- ասում է զրուցակիցս,- նա պիտի իմ ներկայացրած Անդրեասում կարողանա ճանաչել իր կողքին ապրող «էլիզբարովներին»։ Ասեմ, որ բավական հետաքրքիր էր Սուրենի դերակատարի ընտրությունը: Արտիստիկ, «օդերում ճախրող» Սերգեյ Եղիկյանից ստանալ ցինիկ, շվայտ կյանքով ապրող երիտասարդի կերպար, չէի ասի, թե բարդ խնդիր էր, սակայն բավական ջանք է ներդրվել, մանավանդ որ ինքը սկզբում դժվարությամբ գտավ իրեն այդ կերպարում: Խոստովանեմ՝ ահագին չարչարել եմ»:
Շիրվանզադեի «Պատվի համար» ներկայացումը Գյումրու Մտորումների թատրոնի հանդիսատեսը լավ է ընդունել, թեպետ եղել են նաև քննադատություններ՝ կապված Հովհաննես Հովհաննիսյանի մարմնավորած կերպարի հետ: Դերասանի երկրպագու հանդիսականներից մի քանիսի կարծիքով նրա նման բարի մարդը չպետք է Անդրեաս Էլիզբարովի նման չարագործի դեր ստանձներ: Ինքը՝ դերասանը, հումորով է մոտենում այդ ամենին՝ համարելով, որ կարծրատիպեր կոտրելն էլ է հաղթանակ:
Գյումրին այն քաղաքն է, որտեղ պատիվ, թասիբ, նամուս բառերը գործածում են՝ ցույց տալու համար տվյալ անձի բարոյական բարձր նկարագիրը: Անցյալ դարում, երբ մեկի մասին ցանկացել են ասել, որ պատվախնդիր անձնավորություն է՝ հարգանքի արժանի, ասել են՝ «պատվի, նամուսի մեռած է», սա մեծ գնահատական է եղել: Եթե ուզեցել են ցույց տալ, թե որքան անարժանի մեկն է անձը, ասել են՝ «պատիվը գցեցին շանը, չկերավ»: Ներկայացման բեմադրիչի համոզմամբ՝ իրենց պարագայում էլ «Պատվի համար» պիեսի ասելիքը տեղ հասցնելն է մեծ պատիվ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել