HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները

Երկու դրվագով մեղադրանք, մոտ վեց տարի տևած քրեական հետապնդում, տարիներ շարունակ տեղաշարժի սահմանափակում և վերջնական արդարացում․ այս գործընթացի համար պետությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին պետք է վճարի 6 մլն դրամ՝ որպես հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցում։ Դավիթ Գրիգորյանի օրինակը միակը չէ: 2018-2026թթ․ առաջին կիսամյակի ընթացքում մոտ 591 մլն դրամ է վճարվել արդարացված մեղադրյալներին և նրանց օրինական ներկայացուցիչներին: 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է դեռ 2019թ. հուլիսի 30-ին։ Նա մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Սկզբնական շրջանում նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։ Սակայն 2020թ. մայիսի 20-ից մինչև 2025թ. ապրիլի 22-ը նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոցը՝ 2003թ. Քրեական օրենսգրքի կարգավորումներով։

Քրեական գործը դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ, սակայն Հակակոռուպցիոն դատարանը Գրիգորյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն է համարել։ Դատարանը գտել է, որ նրա արարքներում իրեն վերագրվող հանցագործության հատկանիշները բացակայում են, իսկ նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ  ձեռք չեն բերվել՝ մեղադրանքը հաստատելու համար։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել արդարացման դատավճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ չի ընդունել, ինչի արդյունքում Գրիգորյանի արդարացումը վերջնականապես մտել է օրինական ուժի մեջ։

Դավիթ Գրիգորյանը 2025թ. նոյեմբերին դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պետությունից պահանջելով վնասի փոխհատուցում։ Դատարանը 2026թ. հուլիսի 30-ի վճռով արձանագրել է, որ շուրջ վեց տարի տևած քրեական վարույթը նրա համար ստեղծել է շարունակական անորոշություն։ Դատարանը հաշվի է առել, որ այդ անորոշությունը վերաբերել է ոչ միայն Դավիթ Գրիգորյանի իրավական կարգավիճակին, այլև նրա մասնագիտական հեղինակությանը, անձնական ու ընտանեկան կյանքին և հետագա գործունեությանը։

Դատարանը հատկապես կարևորել է Գրիգորյանի պաշտոնը։ Քրեական հետապնդման պահին նա զբաղեցրել է  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, ըստ վճռի, կարող է ավելի լուրջ ազդեցություն ունենալ մասնագիտական հեղինակության վրա, քանի որ այդ պաշտոնը կապված է հանրային վստահության հետ։ Այս դեպքում այդ ազդեցությունը, ըստ դատարանի, ավելի նշանակալի է եղել, քանի որ Գրիգորյանը երկար ժամանակ մնացել է մեղադրյալի կարգավիճակում, իսկ հետագայում արդարացվել է։ 

Դ. Գրիգորյանը դատարանից պահանջել էր ևս 8 մլն դրամ՝ ազատ տեղաշարժի սահմանափակման հետևանքով պատճառված վնասի համար։ Այս պահանջը դատարանը չի բավարարել։ Դատարանը չի հերքել, որ շուրջ վեց տարի տևած քրեական վարույթի ընթացքում տեղաշարժի սահմանափակումը հոգեկան տառապանք է պատճառել Գրիգորյանին, սակայն միայն այդ հանգամանքի համար առանձին փոխհատուցման հիմք չի տեսել։

Փոխարենը դատարանը այդ ամբողջ ժամանակահատվածի ազդեցությունը գնահատել է մեկ ամբողջության մեջ՝ որպես հոգեկան տառապանքի հետևանքով պատճառված վնաս։ Գրիգորյանի պահանջած 6 մլն դրամը դատարանը համարել է համարժեք, ողջամիտ և արդարացի փոխհատուցում։

Արդյունքում Ֆինանսների նախարարությունից Դավիթ Գրիգորյանի օգտին պետք է բռնագանձվի 6 մլն դրամ։ Եվս 180 հազար դրամ նախարարությունը պետք է վճարի պետական բյուջե՝ որպես պետական տուրք։ Արդարացման դատավճռով Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, հօգուտ Դավիթ Գրիգորյանի բռնագանձվել է նաև նրա լիազորությունների կասեցման ժամանակահատվածի ընթացքում չվճարված աշխատավարձը, այլ եկամուտը, որից զրկվել էր։ Այդ գումարը ավելի քան 30 մլն դրամ է

Արդարացումից հետո պետության հաշվին՝ աշխատավարձ, փաստաբանի ծախս և այլ վնասների հատուցում 

Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ արդարացված մեղադրյալը կարող է պետությունից պահանջել փոխհատուցում այն վնասի համար, որը կրել է անօրինական քրեական հետապնդման, հարկադրանքի միջոցների կիրառման, դատապարտման կամ իր իրավունքների ու ազատությունների այլ անօրինական սահմանափակումների հետևանքով:

Փոխհատուցումը կարող է ներառել այն աշխատավարձը, թոշակը, նպաստը կամ այլ եկամուտը, որից մարդը զրկվել է, ինչպես նաև նրա գույքին պատճառված վնասը, օրինակ՝ գույքի առգրավման, արգելանքի կամ բռնագրավման հետևանքով առաջացած վնասը։ Փոխհատուցման ենթակա են նաև անազատության մեջ գտնվելու համար կատարված ծախսերը, փաստաբանին վճարված գումարը և վարույթի հետ կապված վճարված ծախսերը:

Արդարացված անձը կարող է նաև պահանջել վերականգնել իր նախկին աշխատանքը կամ պաշտոնը, իսկ եթե դա հնարավոր չէ, ստանալ համարժեք աշխատանք կամ պաշտոն կամ դրա կորստի հետևանքով առաջացած վնասի դրամական փոխհատուցում։ Անազատության մեջ անցկացրած ժամանակը կարող է հաշվարկվել նաև աշխատանքային ստաժում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են վերականգնվել նրա պատվավոր կամ զինվորական կոչումը, աստիճանը, որակավորման դասը կամ պետական պարգևը։

Բացի դրանից, արդարացված անձի պահանջով քրեական հետապնդում իրականացրած մարմինը պետք է նրանից հրապարակային ներողություն խնդրի: Եթե արդարացված անձը մահացել է, այս իրավունքները կարող է իրացնել նրա օրինական ներկայացուցիչը:

Միայն 2018-2026թթ. առաջին կիսամյակի ընթացքում արդարացման հիմքով փոխհատուցում ստանալու 352 հայց է ներկայացվել Ֆինանսների նախարարության դեմ: Փոխհատուցում է ստացել 262 անձ: Այս թիվը տարեցտարի ավելանում է: Օրինակ, եթե 2018թ․-ին փոխհատուցում ստանալու համար հայց է ներկայացրել 13 արդարացված և փոխհատուցում ստացել 10-ը, ապա 2025թ-ին 61 հայց է ներկայացվել, իսկ փոխհատուցում ստացել է 51-ը: Միայն 2026թ. առաջին վեց ամսվա ընթացքում 42 հայց է ներկայացվել Ֆինանսների նախարարության դեմ, իսկ փոխհատուցվել է 54-ը (այդ թվում նախորդ տարիներին կայացված վճիռներով):

Այս տարիների ընթացքում ավելացել են նաև փոխհատուցման չափերը: 8,5 տարվա ընթացքում արդարացված մեղադրյալներին փոխհատուցվել է մոտ 591 մլն 600 հազ. դրամ: Ամենաշատ փոխհատուցումը տրվել է 2024 և 2025 թվականներին՝ համապատասխանաբար 101 մլն 883 հազ. դրամ և 117 մլն դրամ: Համեմատության համար նշենք, որ 2018թ.–ին տրվել է 32 մլն 262 հազ. դրամ, իսկ 2019-ին՝ 28 մլն 702 հազ. դրամ փոխհատուցում: 

Տրված փոխհատուցումների գումարի չափը մեծացել է հատկապես 2021թ-ից սկսած:

Այս տարիների ընթացքում ամենամեծ միանվագ փոխհատուցումը տրվել է 2024թ-ին: Մոտ 53 մլն դրամ է տրվել քաղաքացի Մ. Բաղրամյանին՝ 2 մլն 988 հազ. չեխական կրոնին համարժեք ՀՀ դրամ: Այս գործի քննությունը տևել է 7 տարի: Մասնավորապես՝ 2012թ. մայիսի 10-ին Մ․ Բաղրամյանը Չեխիայում գործող ՍՊԸ-ի հետ աշխատանքային պայմանագիր է կնքել։ Պայմանագրով նա պետք է աշխատեր որպես արդյունաբերական արտադրության ղեկավար և տեխնիկական տնօրեն՝ 2 տարի ժամկետով։ Սակայն, նա ենթարկվել է քրեական հետապնդման, այնուհետև արդարացվել է և այդ պատճառով չի ստացել 2 տարվա աշխատավարձը՝ 2 մլն 988 հազար չեխական կրոն:

Այս թվերը ցույց են տալիս, որ արդարացման դատավճիռը քրեական գործի ավարտը չէ։ Երբ տարիներ տևած քրեական հետապնդումն ավարտվում է արդարացմամբ, դրա հետևանքների համար վճարողը դառնում է պետությունը, այսինքն՝ հանրային միջոցներից հատուցվում է այն վնասը, որը մարդը կրել է տարիների ընթացքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter