Ների՛ր հայրիկ, բայց անիմաստ է պայքարել թատրոնի դեմ. Արմեն Արմենեան (մաս 3)
Զիզինայի և Էզպէքիէի ծափերը
1906 թվականն էր: Եգիպտահայերը անշուշտ գիտեին, թե ով է իրենց հյուր եկած Արմեն Արմենեանը՝ ծխախոտի տուփերի վրա գրված հանրահայտ «Իփէկեան» ապրանքանիշի սեփականատիրոջ միջնեկ որդին՝ փարիզներում կրթված, ռուսական կայսրության հայկական քաղաքների թատերական ազդագրերից չիջնող Արմեն Արմենեանը: Թեև կնոջ հետ հանգստի և հարազատներին տեսնելու էր եկել, բայց՝ անսալով համայնքի պահանջին, անցավ գործի: Ալեքսանդրիայի և Կահիրեի Զիզինայի, Էզպէքիէի թատրոններում իր բեմադրած ներկայացումները և տեղի սիրողական դերասանների ու կնոջ՝ Եկատերիան Դուրեանի հետ խաղացած դերերը անչափ սիրեցին եգիպտահայերը: Վահան Թէքէեանը «Լուսաբեր»ում հիացական հոդված գրեց նրանց մասին՝ զարմացած 22 ամյա Եկատերինայի շնորհքներով՝ «...Այս մանկամարդ արուեստագետուհին շինուած է հայ մեծագոյն դերասանուհեաց խմորէն և սահմանուած է նոյնքան մեծ անուն մը ձգելու հայ թատրոնին մէջ...»: Ինչևէ՝ Ալեքսանդրիայում ծնված փոքրիկ Ռուզանին վերցրին, հրաժեշտ տվեցին ընտանիքին և վերադարձան Թիֆլիս, հաջորդ թատերական «արշավանքին» պատրաստվելու:

Եկատերինա Դուրեան-Արմենեան
Օթյակի 5 ոսկինոց տոմսակը
Նուրիջանը արդեն վաղուց հասկացել էր, որ անիմաստ է պայքարել թատրոնի դեմ: Հաշտվել էր Արմենի և դերասանուհի հարսի հետ: 1908-ին Արմենը, խաղաղության, հավասարության և օսմանյան փոփոխված սահամանդրության խաբուսիկ հոդվածների թակարդը ընկնելով, Հովհաննես Աբելեանի հետ՝ Աբելեան-Արմենեան թատերախմբով մեկնեց իր ծննդավայր Պոլիս: Առաջին բանը, որ արեց, «Մայեր» ավստրիական հայտնի խանութից պատշաճ հագուկապ գնելն էր՝ երեկոյան Թոքաթլեան պանդոկում «բարի եկաքի» ընթրիքին մասնակցելու համար: Հաջողությունը անպատմելի էր: Թատերախումբը անչափ սիրվեց բոլոր խավերի կողմից. անգամ շուկաներում փող չէին վերցնում դերասաններից: Գրիգոր Զոհրապը լավ բաներ գրեց Կովկասից եկած այս դրամատիկ խմբի մասին: Թատերախմբին ծափահարեցին նաև Սեբաստիայում, Թոքատում՝ Եվդոկիայում, որտեղից, ասում էր սերված էր իրենց Իփէկեան տոհմը, Զմյուռնիայում, Պարտիզակում, Սամսոնում...:
Առաջին անգամ հայրը եկավ թատրոն: Ամրագրել էր 5 ոսկինոց սուղնոց օթյակը և ներկայացումից հետո իր «Լանդո» կառքով որդուն և նրա տիկնոջը տարավ տուն: Հպարտ էր նրանցով, սիրով խնամում էր թոռներին սևծովյա իրենց կալվածքներում: Գուցե զղջացել էր շատ տարիներ առաջ գրած նամակի համար, թե՝ ես արդեն սև փողկապ եմ կապել՝ կորած զավակիս համար և պահանջել մոռանալ իր Իփէկեան ազգանունը: Ի՛նչ իմանաս, գուցե Իփէկեան ազգանունը «մոռանալը» ինչ-որ առումով փրկեց Արմեն Արմենեանին շատ հավանական աքսորից կամ գնդակահարությունից, երբ բոլշևիկյան կարգերի հաստատումից հետո Պարսկաստանից հապճեպորեն տեղափոխվեց Հայաստան: Մինչդեռ ի՜նչ մեծ հաջողություն ուներ այդ երկրում: Նույնիսկ Պարսից իշխանություններից առաջարկ-խնդրանք էր ստացելը եվրոպական թատերական մշակույթի իր փորձը ներդնելու պարսկական ազգային թատրոնը զարգացնելու գործին: Նուրիջանը անխոս շատ գոհ էր Գևորգից, որ իրենց ընտանեկան գործը փայլուն էր կատարում, վնաս չունի, որ դրանից հետո շտապում էր բեմ բարձրանալ: Համակերպվել էր նաև Գասպարի որոշման հետ, որը Փարիզում հիմնավոր կրթություն ստանալով, մտել էր թատերական, ազգային-մշակութային ասպարեզ՝ շատ քիչ զբաղվելով ծխախոտի իրենց բիզնեսով: Ի՛նչ իմանար Նուրիջանը, որ ոչ միայն իր 3 տղաները, այլև նրանց՝ գրեթե բոլորի բոլոր զավակները կապվելու էին բեմին ...ոմանք մինչև այսօր:

Գասպարը կնոջ՝ Հռիփսիմեի և աղջիկների հետ
Գևորգ և ընտանիք
Գևորգի միակ որդին Աղասին էր՝ ծնված իր առաջին կնոջից՝ Մարիանէից: Աղասին դարձավ սիրողական դերասանուհի Զարուհի և նշանավոր Միհրան Տամատեանի փեսան: Այն նույն Միհրան Տամատեանի, որ կազմակերպեց Սասունի ինքնապաշտպանությունը, որ իբրև Կիլիկիայի լիազոր ներկայացուցիչ, ներառվեց Պողոս Նուբարի գլխավորած ազգային պատվիրակության կազմում: Իսկ 1920 թվականի Օգոստոս 4-ին, Ադանայում, նրա նախագահությամբ ընթացող Ազգային գերագույն խորհուրդը Կիլիկիան հռչակեց անկախ հանրապետություն՝ ցավոք մեկօրյա կյանքով, Ֆրանսիայի հովանավորությամբ և ժամեր անց՝ դավաճանությամբ: Ինչևէ՝ Աղասի Իփէկեանը կնության առավ Միհրանի և Զարուհու դստերը՝ դաշնակահարուհի և դերասանուհի Շաքեին:

Աղասի Իփէկեան
Ամուսիններով բեմ բարձրացան «Տիգրան Երկաթ» թատերախմբի հետ: Շաքեն հետագայում երկար ժամանակ ղեկավարեց Կահիրեի «Հայ Գեղարուեստասիրաց Միութիւն»ը, իսկ նրա տաղանդավոր քույրը՝ նշանավոր դաշնակահարուհի Նվարդ Տամատեանը, Կահիրեի երաժշտանոցի պրոֆեսոր էր: Ունեցան դուստր՝ Նորա անունով: Եվ այստեղ էլ խառն էր «թատրոնի մատը»: Բանն այն է, որ երբ Աղասին և Շաքեն սպասում էին իրենց զավակին, Աղասիի հորեղբայր Գասպարի կինը՝ Հռիփսիմեն, ընթերցում էր Հ. Իբսենի «Տիկնիկների տունը» թատերգությունը: Տպավորված հերոսուհու կերպարով՝ առաջարկում է աղջիկ լինելու պարագային կոչել Նորա: Աղջիկը մեծանում է, դառնում ինքնաբավ, տաղանդավոր մեկը՝ երաժշտության, թատրոնի և նկարչություն ասպարեզում: Նորա Իփեկեան-Ազատեանն էր, որ առաջին անգամ վարժեցրեց եգիպտոսցիներին տեքստիլ նկարչությանը և հայ թատրոնին պարգևեց Ժիրայր Փափազեան անուն մի տաղանդավոր դերասան և բեմադրիչ: Այն նույնը, որ այսօր էլ բեմադրություններ է անում Երևանում: Գևորգը մահացավ 1937-ին, արդեն 10 տարուց ավել է վաճառել էր «Իփէկեան ծխախոտի տուն»ը «Մասփերո եղբարք» ընկերությանը: Իսկ երբ Եգիպտոսում իշխանության եկավ Գամալ Աբդել Նասերը, և արաբական սոցիալիզմի գաղափարի տակ ազգայանցվեց նաև Իփէկեանների երբեմնի գործարանը, որպես բացառիկ մասնագետի՝ պետական չոր աշխատավարձով Աղասիին հրավիրեցին իր իսկ մեծ հոր հիմնած գործարանում վաճառքի հարցերով պատասխանատու աշխատելու:

Գասպարը կնոջ, աղջկա և Նիկոլ Աղբալեանի հետ
Գասպար և ընտանիք
Սորբոնում հրաշալի կրթություն ստացած, թատերական արվեստի գաղտնիքները յուրացրած Գասպարը իր կյանքը նվիրեց ազգային-մշակութային հարցերին, բեմ բարձրացավ, բեմադրություններ արեց արևելահայ և արևմտահայ բեմերում, կազմակերպեց թատերական կյանքը Եգիպտոսում, Իրաքում, Իրանում, Լիբանանում, գրեց թատերգություններ և թարգմանեց ֆրանսիական լավագույնները: Եղավ Անդրանիկի զինվորը, համահիմնադիրը 1928-ի Մայիս 28-ին Կահիրեում «Հայ Կրթական և Հրատարակչական Համազգային Միության»՝ Նիկոլ Աղբալեանի, Լևոն Շանթի և այլոց հետ, հետո ջանաց Բեյրութի Ազգային ճեմարանի կայացման գործում, 1941-ին նույն Բեյրութում հիմնեց Համազգային Թատերախումբը, որ մահից՝ 1952-ից ի վեր կրում է «Գասպար Իփէկեան» անունը և գործում է մինչ օրս: Զարմանալի՝ թվում է, իր արվեստային կոչման հետ կապ չունեցող էջեր ևս ունեցավ իր կյանքում. Պարսկաստանի իշխանությունների խնդրանքով Գասպարը գործուն մասնակցություն ունեցավ Թեհրանի քաղաքապետարանի կառավարման գործում:
.png)
Գասպարը կնոջ, աղջկա և Համաստեղի հետ
Ի թիվս այլ աշխատանքների, հմտորեն լուծեց մայրաքաղաքի գլխավոր պողոտայի լուսավորության հարցը: Գրող Տիգրան Կամսարականից, որի ընտանիքին էր պատկանում Ալեքսանդրիայի «Կամսարական եղբայրների Tabacs and Cigarettes» գործարանը և որը ժամանակին Իփէկեանների ծխախոտի տան մրցակիցն էր, տնօրեն աշխատելու առաջարկ ստացավ: Գասպարը և Հռիփսիմեն ունեցան 2 աղջիկ՝ Հուրի և Նայիրի: Բանսատեղծուհի Հուրին տարվեց դերասանությամբ և ասմունքով: Հուրի Իփէկեան-Աղասեանը դարձավ Ֆրանսիայի հայկական կապույտ խաչի նախագահ և համայնքային մշակութային գործուն կյանք վարեց: Նայիրին ամուսնացավ հունագարցու հետ և դարձավ Նայիրի Կովաչ: Հռիփսիմե Խոսրովեան-ԻփԷկեանը իր մահից առաջ մեծ նվիրատվություններ արեց հատկապես Վիեննայի «Գասպար Իփէկեան» ակումբին, Բեյրութի նույնանուն թատերախմբին, Դեթրոյթի «Արմէն Արմէնեան» թատերախմբին և հայկական այլ կազմակերպությունների՝ Սուրբ Ղազարի միաբանությունից մինչև Լիբանանահայ օգնության խաչ:

Լ. Շանթի, Ն. Աղբալեանի և դուստրերի հետ
Արմեն և ընտանիք
1921-ին, թողնելով Պարսկաստանը, հեռուներում՝ եղբայրներին՝ ընտանեկան գործը շարունակող Գևորգին, դաշնակցության երևելի անդամ, մշակութային գործիչ Գասպարին, և քրոջը՝ Հայկուհուն, իր հինգ զավակների և սիրելի տիկնոջ հետ Արմենեանը տեղափոխվեց Հայաստան: Ծնված լինելով դրամատեր ընտանիքում՝ այդուհանդերձ, գաղափարապես սոցիալիստ էր: 1871-ին՝ Փարիզի կոմունայի տարում ծնված լինելով էր երբեմն բացատրում դասակարգային հարաբերությունների մասին իր հայացքները: Քանի-քանի անգամ էր հոր մոտ պաշտպանել իրենց լայնարձակ դաշտերում աշխատող գյուղացիների շահերը: Գուցե բոլշևիկյան դարձած Հայաստանը ապագայի հանդեպ վստահություն էր ներշնչել: Այստեղ հիմնեց բանվորական թատրոններ: Կազմակերպչական և բեմադրական առաքելությամբ մերթ Ալավերդիում էր, մերթ Արթիկում, մերթ Սուխումում, մերթ Մոսկվայում ...հաճախ ստիպված լինելով ելմտից մատյան վարելու, ինչպես մեծահարուստ Նուրիջան հայրն էր անում՝ ամսվա վերջում ծխախոտի առևտրից ստացած շահը հաշվարկելու համար:

Բայց ինքը դա անում էր հասկանալու, թե որքան պարտք է ստիպված լինելու վերցնել, ասենք՝ կորցրած չարաբաստիկ ատամը «շինելու» կամ մաշված կրկնակոշիկը նորոգելու համար: Երջանիկ էր ոչ միայն աշխատանքով, այլև իր թատերական ընտանիքով: Հիշում էր, ինչպես որդիներից Ռաֆայելին Թեհրանի թատրոնի բեմ բարձրացրեց աղջկական հանդերձանքով: «Ասլի և Քյարամ» ներկայացման մեջ չորս պարուհիներ էին պետք, երեքը կային, մեկին ոչ մի կերպ չէին գտնում: Ռաֆայելին «պարուհի» դարձրեց: «Նայելով հայելու մեջ, ես ինձ դուր էի գալիս...»՝ օրագրում գրում է Ռաֆայելը: Նա հոր պես աշխատեց Հայաստանի տարբեր անկյուններում՝ Կապանից մինչև Բայազետ՝ Կամո: Ռաֆայելը իր բեմելը կատարեց կնոջ դերով, մինչդեռ քույրը՝ Ֆրիժետան, Բաքվի Հայոց բեմում տղայի հինգ դեր խաղաց և գրեց մորը. «Մամուլյա ջան, ես իզուր եմ աղջիկ ծնվել, չէ՞»: Արմենեանի մյուս որդին՝ Արամայիսը՝ Արմոն, խորհրդային տարիներին բեմ բարձրացավ հիմնականում Ռուսաստանում: Ռուզանը, որին Վ. Փափազեանը ասել էր. «Շատ առաջ կերթաս, յավրում», 20 տարի խաղաց Թիֆլիսի, Բաքվի, Արթիկի, Ալավերդիի, Արտաշատի, Վանաձորի բեմերում: Թողեց թատրոնը և դարձավ մեքենագրուհի. «Եվ մինչև հիմա ուժգին հարվածում եմ ստեղներին՝ մեղմելով ցավս»՝ կարդում ենք ինքնագիր կենսագրականում։ Դուստրերից Անահիտը, տասը տարի Ալեքսանդրապոլի, Սուխումի, Շուշիի, Գորիսի, Ալավերդիի, Կապանի, Վանաձորի բեմերում խաղալուց հետո, թողեց բեմը՝ երեխաների կրթությանը հետևելու համար:
Ձախից՝ որդիները՝ Արամայիսն ու Ռաֆայելը, դուստրը՝ Անահիտը
Շատ տարիներ անց, երբ միաձուլվեցին թատերական երկու ընտանիքների գեները, վերստին բացվեցին բեմի վարագույրները այս ընտանիքի սերունդների համար: Թատերական հայտնի գործիչներ Արաքսյա և Հովհաննես Մսրյանների որդին՝ Վլադիմիրը, ամուսնացավ Անահիտ Արմենեանի դստեր՝ երգչուհի Իդայի հետ: Այս երկու տաղանդավոր ընտանիքների միությամբ թատերական մի նոր պատմություն սկսեց, այս անգամ Երևանի Դրամատիկական թատրոնում, այնտեղ, որտեղ ժամանակ առաջ վառվել էր Վլադիմիր Մսրյանի աստղը: Սա էր Նուրիջանի 3 որդիների՝ երկու Իփէկեան և մեկ Արմենեան, կյանքի համառոտ պատմությունը, որ սկսվել էր Կոստանդնուպոլսից և Բաֆրայից, շարունակվել Եգիպտոսում, Լիբանանում, Հայաստանում: Ահա այստեղ էլ իջած երկաթյա վարագույրը զատեց տաղանդավոր Արմեն Արմենեանին իր նշանավոր Գևորգ և Գասպար Իփէկեան եղբայրներից՝ թողնելով միայն ծածուկ հուշեր անցյալից:
Լուսանկարները տրամադրել են ԳԱԹ-ը, Ժիրայր Փափազեանը, Քրիստիան Սերքիսը և պատմագետ Մայքլ Բաբայանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել