Պարսկական ընձառյուծ. Հայաստանի լեռների «անտեսանելի» բնակիչը
Նրանց պետք չէ անձնագիր միջպետական սահմանն անցնելու համար: Շատ դեպքերում նրանք անտեսանելի են մարդկանց եւ անհասանելի նույնիսկ նրանց համար, ովքեր տասնամյակներով փնտրում են իրենց հետքերը: Չնայած նրանք, որպես կանոն, չեն փոխում իրենց երթուղին: Զգուշավոր, մարդկանցից չվախեցող, բայցեւ մարդկանցից հեռավորություն պահպանող այս գիշատիչներն ընձառյուծներն են (հովազները):
1995 թ. Իգոր Խորոզյանը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանն ավարտելուց հետո վերադարձել էր Հայաստան: Հետպատերազմական ծանր տարիներն էին: Զբոսաշրջիկները երկրում քիչ էին: Այդ ֆոնին մեծ ուսապարկով աշխատանքի գնացող Իգորը հասցրել էր գրավել հարեւանների ուշադրությունը: Երբ վերջիններս հետաքրքրվել էին, թե ինչով է զբաղվում, պատասխանել էր՝ հովազներով: Զարմացած արձագանքել էին, թե ինչ է հովազը: «Մեծ պտերով կատու»,- պատասխանել էր կենդանաբանը: «Իսկ նկար ունե՞ք»,- հարցրել էին նրան: Իգորը պատասխանել էր, որ հովազներին հանդիպելը հազվադեպ երեւույթ է, եւ նրանց հետազոտելիս կարեւոր է գտնել հետքերը, հավաքագրել փաստերը: Հարեւաններին տարօրինակ էր թվացել այս պատասխանը. «Բա դրա համար փող են տալի՞ս»:
Իգոր Խորոզյանը ներկայում Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի (ԿՀԷԳԿ) ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչն է, կենսաբանական գիտությունների թեկնածու: 1995-ին Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց հետո սկսել է նպատակային ուսումնասիրել ընձառյուծներին:
|
Մեր տարածաշրջանում հանդիպող ընձառյուծը, որը գիտականորեն ընդունված է անվանել պարսկական ընձառյուծ (ամենաշատը տարածված է Իրանում), սակայն հայտնի է նաեւ որպես անատոլիական, կովկասյան կամ առաջավորասիական ընձառյուծ, կատվազգիների ընտանիքի հովազների (պանտերաների) ցեղի ընձառյուծ (հովազ, ինձ) կենդանու ենթատեսակ է: Այս ենթատեսակի գիտական անունն է Panthera pardus tulliana (տերմինն առաջին անգամ կիրառվել է 1856 թ.), սակայն կիրառվում են նաեւ այլ տարբերակներ՝ Panthera pardus ciscaucasica (1914), P. p. saxicolor (1927), P. p. sindica (1930), P. p. dathei (1959), P. p. transcaucasica (1964): |
Ի. Խորոզյանը հիշում է, որ 1990-ականներին համացանցը նոր երեւույթ էր Հայաստանում, եւ ինֆորմացիան պետք էր փնտրել գրադարաններում՝ ուսումնասիրելով հին, փոշու մեջ կորած ամսագրերը, ամբողջ օրը կարդալ ընձառյուծների մասին գիտական հետազոտություններ, նամակներով շփվել արտասահմանցի գործընկերների հետ:
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ընձառյուծի պահպանության ծրագրի համակարգող Վասիլ Անանյանն էլ պատմում է, որ երբ Իգոր Խորոզյանը Ռուսաստանից վերադարձել ու սկսել էր հետազոտել հովազի թեման մեր երկրում, այն ժամանակ ինքը սովորում էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում, եւ համալսարանում խոսում էին, որ մի տղա է եկել Պետերբուրգից ու ցանկանում է ուսումնասիրել այս կենդանուն: Ըստ Անանյանի՝ այն տարիներին դասախոսներն ու կենդանաբան ուսանողները թերահավատորեն էին վերաբերվում Խորոզյանի ընտրած թեմային՝ մտածելով, թե դա միֆերի շարքից է:
Ի՞նչ էր հայտնի Հայաստանում ընձառյուծի մասին նախկինում
Գիտության մեջ առանցքայինը փաստերն են, իսկ հովազի ուսումնասիրության հարցում նախնական շրջանում Իգոր Խորոզյանի ու այդ ոլորտում նրա գործընկեր դարձած կենդանաբան Ալեքսանդր Մալխասյանի համար ամենամեծ խնդիրն այն էր, որ նախկինում չէր արվել փաստերի վրա հիմնված գիտական լուրջ ուսումնասիրություն:
Իգոր Խորոզյան, աղբյուրը՝ ԿՀԷԳԿ
Խորոզյանը նշում է, որ խորհրդային տարիներին Հայաստանում հովազն առհասարակ չէր ուսումնասիրվել, ավելին՝ իբրեւ վնասատուի այս կենդանուն պարզապես սպանում էին:
Իսկապես, 1987-ին լույս տեսած Խորհրդային Հայաստանի Կարմիր գրքում նշվել է, որ մինչեւ 1972 թ. հովազը ոչնչացվել է իբրեւ կենդանաբուծության վնասատու: Ա. Մալխասյանը նկատում է, որ հովազի մորթու համար այն ժամանակ 200 ռուբլի պարգեւավճար էին տալիս: Սակայն 1972-ից որսն արգելվել է, պարգեւավճարի փոխարեն սահմանվել է տուգանք:
Գիշատիչը նաեւ մտցվել է Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների ու բուսական տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիայի (CITES) առաջին հավելվածի մեջ (կոնվենցիան ընդունվել է 1973-ին, ուժի մեջ մտել՝ 1975-ից). առաջին հավելվածում ընդգրկված են անհետացման եզրին գտնվող բոլոր այն տեսակները, որոնց վրա ազդում է կամ կարող է ազդել առեւտուրը: Կոնվենցիայի համաձայն՝ այս տեսակների նմուշների առեւտուրը պետք է ենթարկվի խիստ կանոնակարգման, որպեսզի հետագայում չվտանգվի նրանց գոյատեւումը, եւ առեւտուրը պետք է թույլատրվի միայն բացառիկ պայմաններում:
Մյուս կողմից, ինչպես տեղեկանում ենք 1987 թ. Խորհրդային Հայաստանի Կարմիր գրքից, 1949-1976 թթ. հանրապետության մթերման կետեր է հանձնվել հովազի 23 մորթի: Նույն աղբյուրի համաձայն՝ Հայաստանում ընձառյուծի հաշվառում չի իրականացվել, սակայն հատվածական տվյալներով՝ ընձառյուծի պոպուլյացիան երկրում չի գերազանցել 25-ը:
«Հետքի» զրուցակից գիտնականները նշում են, որ պոպուլյացիայի մոտավոր հաշվարկը խորհրդային տարիներին արվել է հանձնված մորթիների թվի հիման վրա, սակայն Իգոր Խորոզյանը սա շատ սխալ մոտեցում է համարում: Որպես օրինակ բերում է խորհրդային տարիներին լույս տեսած մի հոդված հայ գիտնականի կողմից, որում նշվում էր, թե իբր այս գիշատիչը շատացել է Հայաստանում ու տարածվել դեպի հյուսիս՝ Դիլիջան ու Շամշադին: «Հետո մի ուրիշ հոդվածում նույն հեղինակն ընդունել էր իր սխալը, քանի որ խառնել էին լուսանի եւ հովազի մորթիները»,- հիշում է Ի. Խորոզյանը:
Վասիլ Անանյանը եւս նշում է, որ խորհրդային տարիներին մինչեւ սպանված հովազը կամ դրա մորթին չէր լինում, քանակական հաշվարկի մեջ չէր արձանագրվում (բայց, փաստորեն, մորթին էլ երբեմն շփոթում էին լուսանի մորթու հետ): Ըստ Ալեքսանդր Մալխասյանի՝ այս մեթոդն էր կիրառվում նաեւ հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում: Անանյանն ասում է, որ Հայաստանում հովազի առկայության մասին, բացի սպանված կենդանիներից, փաստում էին նաեւ կենդանու հետքերը, որոնք, ըստ հավաստի մասնագիտական գրականության, արձանագրվել էին, օրինակ, ներկայիս Արարատի մարզի Շաղափ գյուղում եւ Ուրծի լեռնաշղթայի մոտ:
«Բայց կենդանի հովազի նկար չի եղել այդ տարիներին: Փոխարենը մի քանի սպանված կենդանիների ու մորթիների նկարներ կային»,- պատմում է ընձառյուծի պահպանության ծրագրի համակարգողն ու հեռախոսով ցույց տալիս Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի գյուղապետարանում կախված լուսանկարը (տես ստորեւ), որն արվել է 1950-ականների վերջին կամ 1960-ականների սկզբին:
Սպանված ընձառյուծն ու որսորդները, 1950-1960-ական թթ., աղբյուրը՝ WWF-Հայաստանի արխիվ
|
1987-ին պարսկական ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում, որի համաձայն՝ գիշատչի պահպանությունն իրականացվում էր Խոսրովի արգելոցում եւ «Սեւան» ազգային պարկում: Պարսկական ընձառյուծը ներառվել է նաեւ ԽՍՀՄ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, անգլ.՝ IUCN) Կարմիր ցուցակում: Ըստ այս ցուցակի՝ ընձառյուծը (Panthera pardus) համարվում է «խոցելի» (Vulnerable) տեսակ, իսկ դրա ենթատեսակներից պարսկական ընձառյուծը (Panthera pardus tulliana)՝ «վտանգված» (Endangered): ՀՀ Կարմիր գրքում, որը հաստատվել է 2010 թ., այս ենթատեսակը համարվում է «կրիտիկական վիճակում գտնվող» (Critically endangered): |
Վ. Անանյանը նշում է, որ ընձառյուծն այլեւս դուրս չի գա Հայաստանի Կարմիր գրքից: Պատճառն այն է, որ կենդանին հազվագյուտ է մեր երկրում եւ չի կարող դառնալ բազմաքանակ, քանի որ ՀՀ տարածքը փոքր է, իսկ հովազի կենսամիջավայրը Հայաստանում՝ է՛լ ավելի սահմանափակ:
Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ մեկ հովազի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է 18-25 հազ. հա տարածք (180-250 քկմ, ինչը հավասար է Երեւանի մակերեսին), ընձառյուծի պահպանության ծրագրի համակարգողը պատասխանում է, որ սրանք մասնագիտական գրականության ստանդարտ թվեր են, բայց իրական պատկերը կախված է տարածաշրջանից եւ կոնկրետ պայմաններից: Ըստ ավելի նեղ հետազոտությունների՝ այդքան մեծ տարածք գուցե անհրաժեշտ լինի հասուն արուին՝ տվյալ վայրում օպտիմալից ցածր կամ սակավ կերային բազայի պարագայում: Հակառակ դեպքում գիշատիչը կարող է հարմարվել փոքր տարածքում: Ընդ որում՝ արուն միայնակ է զբաղեցնում եւ վերահսկում իր տարածքը, իսկ նույն հատվածում էգերը կարող են մի քանիսը լինել: Էգերի բախումներն ավելի քիչ են, քան արուներինը, որոնց կռիվները նույնիսկ կարող են ավարտվել մեկի ոչնչացմամբ:
Ինչպե՞ս էին փնտրում հովազների հետքերը
1990-ականների վերջին Իգոր Խորոզյանն ու Ալեքսանդր Մալխասյանը Խոսրովի արգելոցից մինչեւ Մեղրի ընկած հատվածում սկսել են դաշտային աշխատանքների միջոցով փաստեր հավաքագրել հովազների մասին՝ ուսումնասիրել կենդանիների հետքերը, կենսագործունեության արգասիքները (բնության մեջ թողած կղանքը, մազերը), զրուցել տեղացիների, մասնավորապես՝ որսորդների ու հովիվների հետ, նրանցից ինֆորմացիա հավաքել:
2000-ականների սկզբին Խորոզյանն ու Մալխասյանը 4 ֆոտոթակարդ էին ձեռք բերել, բայց նույնիսկ այդ ժամանակ, ըստ Վասիլ Անանյանի, կրկին ոչ ոք չէր հավատում նրանց հաջողությանը: Մալխասյանը, որն ի սկզբանե մասնագիտացել է ֆոտոթակարդների տեղադրման մեջ, տարիների հեռավորությունից հիշում է, որ այն ժամանակ դրանք դեռ ժապավենով էին, ոչ թե թվային, ինչպես հիմա է: Առաջին ֆոտոթակարդները նա եւ Խորոզյանը տեղադրել էին Մեղրու տարածաշրջանում:
Ալեքսանդր Մալխասյանը՝ արահետային տեսախցիկ տեղադրելիս, 2025 թ. հունիս, Խոսրովի արգելոց, հեղ.՝ Վասիլ Անանյան/WWF-Հայաստան
2002 թ., երբ բացվեց WWF-ի հայաստանյան գրասենյակը, Իգոր Խորոզյանն ու Ալեքսանդր Մալխասյանն սկսեցին աշխատել այս կառույցի հետ. ինչպես Խորոզյանն է ձեւակերպում, գիտությունն իրենց գործն էր, պահպանությունը՝ WWF-ի (Հայաստանում ընձառյուծի պահպանությունը WWF-ի տեղական մասնաճյուղի առաջին ծրագրերից է ու շարունակվում է մինչ օրս. այն ի սկզբանե իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի (նախկինում՝ բնապահպանության) նախարարության հետ):
«Երիտասարդ էինք, եւ մեզ ոգեւորում էր, որ ամեն ինչ զրոյից ենք սկսում»,- Իգոր Խորոզյանն այսպես է հիշում հովազի հետքերի որոնումները քառորդ դար առաջ ու ժպտում: «Բոլորը ծիծաղում էին, թե բան չի ստացվի, բայց ստացվեց»,- թաքնված հպարտությամբ ասում է Ալեքսանդր Մալխասյանը:
Ուսապարկով երկու գիտնական, անծանոթ արահետներ ու գյուղեր: Խորոզյանը նկատում է, որ տեղացիների հետ զրուցելիս եւ նրանց ոգեւորված պատմությունները լսելիս կարեւոր էր փաստերը տարանջատել երեւակայությունից: Երբեմն պարզվում էր, որ բնակիչները պատկերացում էլ չունեն, թե ինչ կենդանի է հովազը, ու դրան հաճախ շփոթում էին լուսանի հետ:
Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի ներկայիս վարիչն ասում է, որ թեմայի երկարատեւ ուսումնասիրությունից եկել էին հետեւության, որ Հայաստանում պարսկական ընձառյուծի հիմնական արեալը Խոսրովի արգելոցից մինչեւ Մեղրի՝ հայ-իրանական սահմանն է: Հետո պարզել էին, որ սա շատ պահպանողական կենդանի է՝ նույն ճանապարհով է գնում-գալիս, ինչը ֆոտոթակարդի կիրառման տեսանկյունից լավ է:
Բայց քանի որ սկզբնական փուլում ֆոտոթակարդներ չկային, շեշտը դրել էին գիշատչի հետքերի ու արտաթորանքի վրա: Այս առումով դժվարությունն այն էր, որ մեր երկրում հովազը հիմնականում բնակվում է քարքարոտ ռելիեֆի պայմաններում, բայց նման տեղանքում նրա թաթերի հետքերը լավ չեն տպվում, մյուս կողմից՝ դժվար է հետքեր գտնել ծառերի վրա, քանի որ Հայաստանում հովազը չունի այնպիսի մրցակիցներ, որոնցից պաշտպանվելու համար ստիպված կլինի զոհին ծառը բարձրացնել (ինչպես անում է մեկ այլ ենթատեսակ՝ աֆրիկյան ընձառյուծը, որն ունի առյուծների նման մրցակիցներ): Խորոզյանը հավելում է, որ դժվար է հովազին հետքերով հետեւելը, եթե այն տվյալ տարածքի ռեզիդենտ (մշտական կամ երկարաժամկետ բնակիչ) չէ, քանի որ կարող ես հետքեր գտնել մի վայրում, իսկ հաջորդ օրը՝ այդտեղից 150 կմ հեռավորության վրա:
Երբ ուսումնասիրությունները նոր էին սկսել, Հայաստանի տարածքում ռեզիդենտ հովազներ դեռ չկային, այլ կերպ ասած՝ դրանք միգրանտներ էին՝ գալիս-գնում էին, քանի որ, ենթադրաբար, այն ժամանակ մարդկանց ճնշումն ուժեղ էր, կամ էլ կերն էր քիչ: Խորոզյանն ասում է, որ հայտնաբերված արտաթորանքի նմուշներն ուղարկում էին Արգենտինա՝ կենսաքիմիական փորձաքննության: Ըստ նրա՝ հովազի կղանքն արտաքինից նման է գայլի կամ լուսանի արտաթորանքի, սակայն 100 տոկոսով ճիշտ պատասխան ստանալու համար փորձաքննություն էր արվում: Վասիլ Անանյանն էլ ավելացնում է, թե քանի որ նախկինում ընձառյուծ հազվադեպ էր հանդիպում, լաբորատոր հետազոտության կարիք կար՝ հասկանալու, թե կոնկրետ ինչ կենդանու արգասիք է հայտնաբերվել: Բայց հիմա, երբ արահետային տեսախցիկների միջոցով հնարավոր է նույնականացնել տեսակը, լաբորատոր փորձաքննության անհրաժեշտություն չկա:
Իգոր Խորոզյանը նշում է, որ շատ բարդ է ասել, թե քանի հովազ կար Հայաստանում, երբ իրենք սկսեցին հետազոտությունները: Ամեն դեպքում, նշում է՝ առավելագույնը 5. «Մարդիկ վստահ ասում են, թե միշտ շատ եմ ասում թվերը, բայց ես ասում եմ՝ մինչեւ 5, այսինքն՝ 1-5. այն ժամանակ ֆոտոթակարդներ դեռ չկային»: Հավելում է, որ թիվն իմանալուց ավելի կարեւոր էր պարզել, թե երկրի որ հատվածներում է տեսակը տարածված եւ ինչ միտում ունի՝ շատանու՞մ է, թե՞ նվազում. «Մենք գիտեինք, որ արեալը Խոսրովի արգելոցից մինչեւ Մեղրի է»: Հայաստանի 1987 թ. Կարմիր գրքում նշվել է, որ ընձառյուծը տարածված է երկրի հարավային շրջաններում, իսկ արեալի հյուսիսային սահմաններն անցնում են Գեղամա լեռնաշղթայով, սակայն հայտնի են դեպքեր, երբ հովազն անցել է հյուսիսային Հայաստանի անտառներ՝ ներկայիս Տավուշի մարզ:
Պատմական օր, պատմական կադր
Ի վերջո, 2005 թ. մարտի 9-ի լույս գիշերվա 1:54-ին Մեղրիի հատվածում տեղադրված առաջին 4 ֆոտոթակարդներից մեկը պատմական կադր արեց: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բնության մեջ արձանագրվեց պարսկական ընձառյուծի գոյությունը: Ոչ թե սպանված վիճակում կամ միայն մորթին, այլ հենց ինքը՝ գիշատիչը բնության մեջ՝ Մեղրու լեռնաշղթայում: Այսօր այդ լուսանկարը փակցված է Ալեքսանդր Մալխասյանի աշխատասեղանին կից պատին (նա եւ Վ. Անանյանը մինչ օրս աշխատում են WWF-ում, իսկ Ի. Խորոզյանը՝ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում): Կենդանաբանը հիշում է, որ երբ ժապավենը երեւակեցին ու տեսան, որ հովազ է ֆիքսվել, շատ ուրախացան:
Հայաստանի բնության մեջ արձանագրված առաջին պարսկական ընձառյուծի լուսանկարը՝ WWF-Հայաստանի գրասենյակում, հեղ.՝ Վահե Սարուխանյան
Դատելով կենդանու չափերից՝ մասնագետները եզրակացրել էին, որ լուսանկարվածն արու հովազ է, սակայն Խորոզյանը կարծիք էր հայտնել, որ այն կարող է եւ էգ լինել, ընդ որում՝ հղի (դատելով կենդանու որովայնից եւ զուգավորման շրջանից, որը լինում է հունվարին):
WWF-ի հայաստանյան մասնաճյուղի այն ժամանակվա ղեկավար Կարեն Մանվելյանն այս բացահայտումից հետո հայտարարել էր՝ կատարված հետազոտությունների արդյունքում եկել են համոզման, որ այդ տարածքում պիտի որ 5-7 առանձնյակ բնակվի:
Առաջին 4 ֆոտոթակարդներից հետո հետազոտողները դրանց թիվը կարողացան հասցնել շուրջ 30-ի: Եվ մեծ մասը կրկին Սյունիքում տեղադրեցին: 2007-ին հաջողվեց երկրորդ անգամ հովազ լուսանկարել: Դրանից հետո 6 տարի՝ մինչեւ 2013 թ., «դադար» էր: Իսկ 2013-ից մինչ օրս WWF-ի արահետային տեսախցիկները, որոնք թե՛ լուսանկարում են, թե՛ տեսանկարում, պարբերաբար ֆիքսում են հովազների:
Այսօրվա դրությամբ WWF-ը Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) հետ շուրջ 100 տեսախցիկ է տեղադրել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ – արգելոց, արգելավայր, ազգային պարկ, բնության հուշարձան), որոնք պետական ենթակայության ու վերահսկողության տակ են, ինչպես նաեւ «Հայանտառի» տարածքներում ու «Արփա» պահպանվող լանդշաֆտում (այս տարի կատարված օրենսդրական փոփոխություններով պահպանվող լանդշաֆտները եւս ընդգրկվել են ԲՀՊՏ-ների մեջ, սակայն դրանք ոչ թե պետական, այլ համայնքային ենթակայության են):
Պարսկական ընձառյուծը պահպանվում եւ ուսումնասիրվում է նաեւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC, հայաստանյան մասնավոր կազմակերպություն է) կողմից կառավարվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR):
Ըստ CWR-ի կայքի՝ 2011-ին հիմնադրված այս ապաստարանը Հարավային Կովկասում առաջին մասնավոր պահպանվող տարածքն է: Նույն աղբյուրի համաձայն՝ ապաստարանում 2012-ի մայիսին առաջին անգամ հայտնաբերվել են պարսկական ընձառյուծի ոտնահետքեր, ինչից հետո այստեղ սկսվել է կենդանատեսակի պահպանության ծրագիրը: Սրա շրջանակներում CWR-ի տարածքում, որն այսօր մոտ 30 հազ. հեկտար է, տեղադրվել են նոր սերնդի տեսախցիկներ՝ հովազի առկայությունը փաստելու եւ տեղաշարժն ուսումնասիրելու համար: 2013 թ. ամռանը տեսանկարվել է հովազի պոչը, հետո՝ մարմինը, երեք օր անց՝ կենդանին ամբողջությամբ: Մինչ օրս CWR-ի տեսախցիկները պարբերաբար ֆիքսում են տարբեր առանձնյակների:
Քանի՞ պարսկական ընձառյուծ կա աշխարհում եւ Հայաստանում այսօր
Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) ամենավերջին՝ 2025 թ. տվյալներով՝ պարսկական ընձառյուծը ռեզիդենտ է (մշտապես կամ երկարաժամկետ բնակվում է) Հայաստանում, Աֆղանստանում, Ադրբեջանում, Իրանում, Իրաքում, Պակիստանում, Թուրքմենստանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում: Վրաստանում ու Ղազախստանում կենդանին համարվում է միգրանտ, Ուզբեկստանում հավանական է համարվում դրա գոյությունը, իսկ Տաջիկստանում՝ այլեւս վերացած լինելը: Նույն աղբյուրի համաձայն՝ բնության մեջ պարսկական ընձառյուծի հասուն առանձնյակների թիվը 450-626 է (աճի միտումը բացասական է, այսինքն՝ թվաքանակի նվազում է դիտվում):
Պարսկական ընձառյուծի տարածման աշխարհագրական շրջանակը, աղբյուրը՝ ԲՊՄՄ
-դեղին՝ գոյություն ունեցող (ռեզիդենտ)
-մանուշակագույն՝ հավանաբար գոյություն ունեցող (ռեզիդենտ)
-շագանակագույն-գծավոր՝ հավանաբար վերացած
Ըստ ներկա գնահատականների՝ այսօր պարսկական ընձառյուծի արեալը ընդամենը 27 %-ն է այն պատմական տարածքի, որ նախկինում զբաղեցրել է կենդանին: Պատմական տարածքը գնահատվում է 3,3 մլն քկմ. Փոքր Ասիա թերակղզու (ժամանակակից Թուրքիա)՝ Էգեյան ու Միջերկրական ծովերի ափերից մինչեւ ներկայիս Լիբանան ու Իսրայել, Իրաք, Իրան, Աֆղանստան եւ Պակիստան, իսկ հյուսիսում՝ մինչեւ Մեծ Կովկաս լեռնաշղթա:
Ներկայում պարսկական ընձառյուծի արեալը բաժանված է 4 ենթաշրջանի, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում է մեկ ենթապոպուլյացիա: Դրանք են. առաջին՝ Կովկասյան էկոռեգիոն (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, արեւելյան Թուրքիա, հյուսիսարեւմտյան Իրան, Ռուսաստանի Հյուսիսային Կովկաս), երկրորդ՝ հյուսիսային Իրան եւ Կենտրոնական Ասիա (Թուրքմենստան, Ղազախստան), երրորդ՝ արեւմտյան ենթաշրջան (հարավային ու արեւմտյան Իրան, Իրաքյան Քուրդիստան, հարավարեւելյան Թուրքիա), չորրորդ՝ արեւելյան ենթաշրջան (Աֆղանստան, արեւմտյան ու հյուսիսային Պակիստան, Ուզբեկստան, Տաջիկստան):
Պարսկական ընձառյուծի տարածման աշխարհագրական շրջանակը ՀՀ-ում եւ ՀՀ հարեւանությամբ, աղբյուրը՝ ԲՊՄՄ
-դեղին՝ գոյություն ունեցող (ռեզիդենտ)
-մանուշակագույն՝ հավանաբար գոյություն ունեցող (ռեզիդենտ)
-շագանակագույն-գծավոր՝ հավանաբար վերացած
Ըստ Վասիլ Անանյանի՝ 2026 թ. առաջին կիսամյակի հաշվարկով (հաշվարկն արվում է կիսամյակներով) ֆիքսված է 5 առանձնյակի ներկայությունը Հայաստանի տարածքում: Դրանցից երեքը արու են, մեկը՝ էգ, հինգերորդը՝ արդեն մեծացած, ինքնուրույն ձագ (հովազի ձագերը մորից առանձնանում են 1.5-2 տարեկանում), որին լուսանկարել են հայ-իրանական սահմանն անցնելու փորձի ժամանակ, փշալարի մոտ (տես ստորեւ):
Հովազի ձագը՝ հայ-իրանական սահմանի մոտ, 2026 թ. հունիս, աղբյուրը՝ WWF-Հայաստանի արխիվ
Հայ-իրանական սահմանին (ՀՀ կողմից) արված այս լուսանկարում Վ. Անանյանն ուշադրություն է հրավիրում արգելապատնեշի բարձրությանը: «Գրականության մեջ ասվում է, մեզ էլ են պատմել, որ հովազը կարող է ցատկել մինչեւ 2 մետր, բայց ձագը չի կարող: Այս ձագը չի կարողացել անցնել: Այսպիսի արգելքները խոչընդոտում են կենդանիների բնական միգրացիային: Սա էլ է խնդիր»,- նշում է գիտնականը:
Տարեկան կտրվածքով ռեկորդային է եղել 2021 թվականը, երբ հանրապետությունում արձանագրվել է 8 հասուն առանձնյակ եւ 2 ձագ: Իսկ ընդհանրապես, Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագրի մեկնարկից մինչեւ հիմա, Վ. Անանյանի ասելով, WWF-ն արահետային տեսախցիկներով ֆիքսել ու նույնականացրել է 25 առանձնյակի (ռեզիդենտ ու միգրանտ), որոնց տրվել են հերթական համարներ, երբեմն՝ նաեւ անուններ:
Լավ լուր. առաջին անգամ ընձառյուծի սերունդ է գրանցվել Հայաստանում
Եթե Իգոր Խորոզյանի ու Ալեքսանդր Մալխասյանի սկսած հետազոտության մեկնարկային տարիներին երազանքի պես բան էր թվում ֆոտոթակարդով հովազ լուսանկարելը, առավել եւս՝ մեր երկրում ռեզիդենտ առանձնյակ արձանագրելը, ապա հիմա արդեն փաստ է, որ պարսկական ընձառյուծն սկսել է բազմանալ Հայաստանում: Նման բան մեր երկրում չէր արձանագրվել: Այսպիսով՝ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի եւ ՇՄՆ-ի տվյալներով՝ 2024-2025 թթ. ֆիքսվել է երկու ձագ, որոնք ծնվել են տարբեր մայրերից: Ընդ որում՝ հստակ է, որ դրանք ծնվել են հենց Հայաստանում:
Էնիգմա անունով էգը՝ ձագի հետ, 2025 թ. մարտ, «Արեւիք» ազգային պարկ, աղբյուրը՝ WWF-Հայաստան
Բանն այն է, որ WWF-ի շրջանակներում հայ մասնագետները համագործակցում են եւ մշտական կապի մեջ են հարեւան բոլոր երկրների գործընկերների հետ: Եվ քանի որ հովազը չի ճանաչում միջպետական սահմաններ ու կարող է անցնել հսկայական տարածություններ ռեգիոնի մասշտաբով, մասնագետների փոխգործակցությունը կենդանատեսակի արդյունավետ ուսումնասիրության եւ մշտադիտարկման համար խիստ անհրաժեշտություն է:
Ու եթե նախկինում Հայաստանում արձանագրված հասուն առանձնյակներն ու ձագերն այստեղ ծնված չեն եղել, ապա այսօր արդեն փաստ է, որ մեր երկրում եւս պարսկական ընձառյուծը բազմանում է: Սա, ըստ Վ. Անանյանի, վկայում է այն մասին, որ տվյալ տարածքում ինչ-որ չափով բարելավված է պահպանությունը եւ, հետեւաբար, հովազի կերային բազան, ընձառյուծի առանձնյակները հաղորդակցվում են, բացի դրանից՝ որոշակի դերակատարում ունի կենդանիների ինտենսիվ մոնիտորինգը: Այսինքն՝ որքան շատ լինեն տեսախցիկները, այնքան ավելի շատ տեղեկություն կհավաքվի կենդանու մասին:
Էնիգմա անունով էգը՝ ձագի հետ, 2025 թ. փետրվար, «Արեւիք» ազգային պարկ, աղբյուրը՝ WWF-Հայաստան
Այդուհանդերձ, ընձառյուծի պահպանության ծրագրի համակարգողը իրատեսորեն է նայում ներկա վիճակին. «Պարսկական ընձառյուծը վերադառնում է ռեգիոն շատ դանդաղ, եւ այնպես չէ, որ թվերն աճում են: Դրանք կարող են իջնել կամ բարձրանալ»:
Նախիջեւանը՝ հովազների «ծննդատուն»
Ինչպես ասվեց, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, արեւելյան Թուրքիայում, հյուսիսարեւմտյան Իրանում եւ Ռուսաստանի մաս կազմող Հյուսիսային Կովկասում բնակվող պարսկական ընձառյուծները ներկայացնում են մեկ ենթապոպուլյացիա:
Տարիների մշտադիտարկումը ցույց է տվել, որ հովազները տեղաշարժվում են այս երկրների միջեւ: «Լավ ճանապարհորդում են, չես կարող հովազին պահպանես մի փոքր տեղ, նույնիսկ մի երկրի սահմաններում, անիմաստ է, ինքը միջազգային կենդանի է, մի երկրից մեկ այլ երկիր է գնում: Դրա համար պահպանության ծրագրերն էլ պետք է լինեն միջազգային»,- ասում է Վասիլ Անանյանը:
Տվյալները նաեւ ցույց են տվել, որ Հայաստան մտնող հովազների զգալի մասը ծնվել են Նախիջեւանում (առանձնյակներն առաջին անգամ արձանագրվել են հենց այնտեղ): Ինչպես նկատում է Իգոր Խորոզյանը, նրանց «ծննդատունը» Նախիջեւանի Օրդուբադի անկյունն է, որը հյուսիսում ու արեւելքում հարում է Հայաստանի սահմանին՝ Զանգեզուրի լեռնաշղթային, իսկ հարավում՝ Արաքս գետին: Ըստ գիտնականի՝ սա ամենաապահով տարածքն է հովազների համար, որտեղ էգերը բազմանում են եւ նախկինում դուրս էլ չէին գալիս Նախիջեւանի տարածքից: Սակայն ավելի ուշ Հայաստանի տարածքում՝ Մեղրի-Քաջարան ճանապարհին, բնակիչներից մեկը մեքենայով անցնելիս լուսանկարել է ձագի հետ առաջին էգին:
Վ. Անանյանն էլ նշում է, որ Օրդուբադի եւ Ագուլիսի կողմերում հովազների խումբ կա՝ իրարից հեռու ապրող մի քանի արուներով եւ էգերով: Ըստ նրա՝ կերային շղթայի ամենավերեւում գտնվող հովազի համար էական նշանակություն է ունեցել այն, որ արդեն մոտ 10 տարի Նախիջեւանում արգելված է ցանկացած կենդանու որս:
«Խոսրովի» ռեկորդակիր Նեոն ու Արենիի Բորանը
2018 թ. հունվարին «Խոսրովի անտառ» արգելոցում հայտնվել էր Նեոն: Այս արու հովազը ծնվել էր 2016 թ. Նախիջեւանում: Քանի որ WWF-ի եւ ՇՄՆ-ի՝ ընձառյուծի պահպանության համատեղ ծրագիրը տարածաշրջանային է, Նեոյին տեսախցիկները ֆիքսել էին դեռ ձագ ժամանակ Նախիջեւանում, իսկ Հայաստանում նկարվելուց հետո հայ մասնագետները պտերով նույնականացրել էին կենդանուն (հովազների պտերը չեն կրկնվում, դրանք համարժեք են մարդու մատնահետքերին):
Նեոն՝ Խոսրովի արգելոցում, 2019 թ. դեկտեմբեր, հեղ.՝ Վլադիմիր Չեխ/WWF-Հայաստան
2-ամյա Նեոն տարիներ շարունակ ապրում էր արգելոցում, մինչեւ մի օր հայ գիտնականները պարզեցին, որ նա պարբերաբար գնում է Վայոց Ձորի մարզ՝ Գնիշիկի ձոր (Գնիշիկ գետի հունում ձեւավորված այս ձորը ձգվում է Արենի-Նորավանք-Գնիշիկ ուղղությամբ), ապա նույն ճանապարհով վերադառնում Խոսրովի արգելոց: Վ. Անանյանը նշում է, որ հովազները, կարծես, քարտեզ ունեն գլխի մեջ եւ բնազդով կարողանում են գտնել իրենց ապրելավայրը: Պարզվեց նաեւ, որ Նախիջեւանից մի երիտասարդ արու հովազ էր հայտնվել Արենիի տարածքում (փաստագրված է, որ նա ծնվել է Նախիջեւանում), որին անվանել էին Բորան (թուրքերեն ու ադրբեջաներեն՝ փոթորիկ): Մինչեւ Հայաստանում նկարվելը նրան ֆիքսել էին թուրք սահմանապահները հայ-թուրքական սահմանի մոտ՝ Երասխ գյուղից ոչ հեռու: Հետո լուսանկարը հայտնվել էր Նախիջեւանի ադրբեջանցի մասնագետների մոտ, որոնք էլ WWF-ի համագործակցության շրջանակներում կիսվել էին հայ գիտնականների հետ: Այսինքն՝ Բորանը Նախիջեւանից անցել էր Թուրքիա, ապա՝ Հայաստան:
Հետաքրքիր է, որ Նեոն ու Բորանը պարբերաբար փոխվում էին տարածքներով. մերթ Նեոն էր հայտնվում Արենիի մոտ, մերթ՝ Բորանը՝ «Խոսրովում»: Ըստ Անանյանի՝ հնարավոր է, որ երկու արուների ակտիվ տեղաշարժը պայմանավորված էր բազմացման գործոնով եւ էգի փնտրտուքով: Նա ասում է, որ Հայաստանում ապրած հովազների մեջ Նեոն ռեկորդակիր էր՝ 7 տարի նկարվել է իրենց տեսախցիկներով, վերջին անգամ՝ 2025 թ. փետրվարին: Դրանից հետո նրան այլեւս չեն տեսել, փոխարենը գիտեն, որ հիմա Խոսրովի արգելոցում Բորանն է ապրում: Գիտնականները չեն բացառում, որ վերջինս կարող էր հաղթել Նեոյին ու ստիպել նրան հեռանալ տարածքից կամ էլ նույնիսկ սպանել Նեոյին: Հավանական տարբերակ է նաեւ այն, որ Նեոն պարզապես հեռացել է Հայաստանից ու գուցե որոշ ժամանակ անց կրկին հայտնվի: Չի բացառվում նաեւ որեւէ այլ պատճառով Նեոյի սատկելը:
Բորանը՝ Խոսրովի արգելոցում, 2025 թ. հուլիս, աղբյուրը՝ WWF-Հայաստան
«Մի ժամանակ Արենիում 3 արու էր պտտվում, եթե իրար հանդիպեին, կոնֆլիկտ կլիներ, մինչեւ անգամ այնքան իրար հետ կկռվեին, որ սպանեին: Գրականության մեջ նկարագրված են այդպիսի դեպքեր,- պատմում է Վասիլ Անանյանը,- հիմա մեկն է մնացել մեր տվյալներով: Բայց մենք ինչ ասում ենք, ասում ենք ըստ արահետային տեսախցիկների: Եթե դրանք ավելի շատ լինեին, գուցե ավելի շատ հովազներ ֆիքսեինք եւ տեղեկություններ ունենայինք նրանց մասին»:
Եթե Խոսրովի արգելոցը «հսկողը» նախկինում Նեոն էր, հիմա՝ Բորանը, ապա ժամանակին Բողաքար անունով մի արու էլ «հսկում էր» Մեղրու հատվածը: «Բայց կային կենդանիներ, որ մտնում էին Հայաստան, մենք ֆիքսում էինք, սակայն երկրորդ անգամ չենք տեսել: Կարծես միգրանտներ լինեն՝ անցնում են, տեսախցիկի մոտ ֆիքսվում ու դուրս գալիս տարածքից»,- ասում է Անանյանն ու հավելում, որ հովազի հիմնական կենսամիջավայրերը Հայաստանում գտնվում են Խոսրովի արգելոցի եւ Մեղրու տարածաշրջանի միջեւ:
Տավուշյան միգրանտները՝ բացահայտում դարձած Արմանն ու երեքոտանի Արենը
WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տեսախցիկները հովազներ են արձանագրել նաեւ Տավուշում: Ընդ որում՝ երկու տարբեր առանձնյակներ տարբեր տարիների ֆիքսվել են նույն տարածքում: Վասիլ Անանյանը նշում է՝ այս հանգամանքից կարելի է ենթադրել, որ այդ վայրը գտնվում է հովազի բնական միգրացիոն ուղու վրա:
Ըստ Հայաստանի 2010 թ. Կարմիր գրքի՝ մինչեւ 1970-ական թթ. հովազը բնակվել է նաեւ երկրի հյուսիս-արեւելքում՝ ներկայիս Տավուշի մարզի տարածքում: Սակայն Անանյանը չի կարծում, թե այսօր Տավուշը բնական կենսամիջավայր կարող է լինել այս գիշատչի համար, քանի որ այնտեղ հովազի բնական կերային բազայի պակաս կա: Հայաստանում պարսկական ընձառյուծի հիմնական որսը բեզոարյան այծերն են, որոնք չկան Տավուշում, բայց այս գիշատիչը որսում է նաեւ վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ: Իսկ ընդհանրապես, Տավուշում հիմնական խոշոր գիշատիչները գորշ արջերն ու գայլերն են:
Այդուհանդերձ, հովազի ներկայությունը Տավուշում ի վերջո փաստագրվեց մի հետաքրքիր դրվագի արդյունքում: 2019-ի նոյեմբերին Ենոքավան գյուղի բնակիչ Արման Գաբրիելյանը հարձակման էր ենթարկվել: Այսօր արդեն նրա հետ համագործակցող Վասիլ Անանյանն ու Ալեքսանդր Մալխասյանը պատմում են, որ մինչ այդ Իջեւանի հատվածում սկսել էին խոզեր կորչել (Ենոքավանն Իջեւան համայնքի գյուղերից է, իսկ Տավուշում հաճախ խոզերին արձակած են պահում): Հետո տեղացիներն սկսել էին սպանված, պատառոտված խոզեր գտնել: «Արմանը մի վայրում իրեն անծանոթ հետքերով գնում էր, քարայրի մոտով անցնելիս (քարայրն ավելի ցածր հատվածում էր) ձայն էր լսել, կռացել էր, որ նայի, թե ինչ է,- պատմում է Վասիլ Անանյանը,- կենդանին էլ զգացել էր, թե փակուղում է, նման դեպքերում նա հարձակվում է: Այդտեղ էլ զգալի թեքություն կա, ու երբ գիշատիչն Արմանի ձեռքից բռնել էր, նա կարողացել էր իր վրայից շպրտել: Կենդանին գլորվել էր ու փախել, Արմանին էլ մի կերպ հիվանդանոց էին տարել»:
Չնայած Արմանն անընդհատ պնդել է, որ հարձակվողը հովազ էր, մարդիկ, այդ թվում՝ մասնագետները, նրան չեն հավատացել՝ մտածելով, որ գիշատիչը լուսան է: Այս դեպքից առաջ Տավուշում ընձառյուծի առկայությունն ապացուցող ֆոտո- կամ վիդեոկադրեր չեն եղել: «Գնացինք, իր արյունոտ շորերն ու վրայի մազերը հավաքեցինք,- հիշում է Անանյանը,- բոլորն ասում էին՝ լուսան է եղել, իսկ ինքը միշտ պնդում էր, որ հովազ է»:
24.02.2020 (ձախից աջ), Նարեկ Գրիգորյան (NABU), Կարեն Մանվելյան (WWF), Ռուբեն Խաչատրյան (FPWC), Մամիկոն Ղասաբյան (ԿՀԷԳԿ), Արման Գաբրիելյան, աղբյուրը՝ WWF-Հայաստան
WWF-ի հայաստանյան մասնաճյուղի այն ժամանակվա ղեկավար Կարեն Մանվելյանը 2020 թ. փետրվարին կազմակերպված մամուլի ասուլիսում նշել էր, որ Արմանի շորերի վրայից հավաքված մազերն ու տեղանքում հայտնաբերված կղանքը ուղարկվել են Գերմանիա՝ լաբորատոր փորձաքննության, պատասխանը ստացվել է, որ դրանք 99 %-ով պատկանում են սովորական լուսանին (գիտական անվանումը՝ Lynx lynx):
Այդուհանդերձ, գիտական առումով անկյունաքարային է եղել միջադեպից հետո Ենոքավանի տարածքում Ալեքսանդր Մալխասյանի կողմից արահետային տեսախցիկների տեղադրումը:
Ալեքսանդր Մալխասյանն ու Արման Գաբրիելյանն արահետային տեսախցիկ են տեղադրում Ենոքավանի անտառներում, 2020 թ. հունվար, հեղ.՝ Վասիլ Անանյան/WWF-Հայաստան
Եվ ահա 2020-ի հունվարին կադրում հովազ հայտնվեց, սակայն այդ բացահայտման ու գիտական հաջողության մասին WWF-ը հայտարարեց 2020-ի մայիսին՝ տեսախցիկների հիշողության քարտերի պարունակությունն ստուգելուց հետո:
«Սա նման է իսկական հրաշքի, քանի որ նախապես կատարված լաբորատոր հետազոտությունները միայն 1 % հավանականություն էին թողնում, որ նմուշները պատկանում են ընձառյուծի։ Հետազոտությունները շարունակվելու են, քանի որ ակնհայտ է, որ տարածքում արդեն այլ մակարդակի պահպանություն է անհրաժեշտ իրականացնել»,- բացահայտումից հետո հայտարարել էր Կ. Մանվելյանը:
Ի պատիվ Արման Գաբրիելյանի, որը, փաստորեն, իր համառությամբ դարձել էր այս ամենի խթանն ու նաեւ աջակցել էր հետազոտողներին՝ արդյունքում դառնալով նրանց գործընկերը, հովազին անվանեցին Արման: Թե որտեղից էր կենդանին Հայաստան տեղափոխվել, հայտնի չէ: Վ. Անանյանն ասում է, որ Արմանին ավելի վաղ Արարատի մարզում ֆիքսել էին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) խցիկները: Սակայն Ենոքավանի դեպքից հետո կենդանին դուրս եկավ հետազոտողների տեսադաշտից:
Արմանը՝ Ենոքավանում, 2020 թ. հունվար, աղբյուրը՝ WWF-Հայաստան
Հովազի մասին Հայաստանում կրկին լուր ստացան անսպասելի տեղից՝ Թուրքիայից: Վասիլ Անանյանը պատմում է՝ թուրք կենդանաբանները տեղյակ են, որ Հայաստանում ընձառյուծի «անձնագրերի» մեծ բազա կա: Նրանցից մեկը Ենոքավանում Արմանի բացահայտումից 1,5 տարի անց ընձառյուծի լուսանկար էր ուղարկել հայ գործընկերներին. այն արվել էր Արդվինի մոտ (այս քաղաքից մինչեւ հայ-թուրքական սահման 140 կմ է, իսկ մինչեւ Ենոքավան՝ 280 կմ): Պտերով եւ քթի վրա եղած սպիով նույնականացրել էին՝ Արմանն էր:
Թե կոնկրետ ինչ ճանապարհով էր կենդանին Հայաստանից անցել Թուրքիա, դժվար է ասել, բայց Ա. Մալխասյանը նկատում է, որ Արդվինի տարածքը նպաստավոր կենսամիջավայր է հովազի համար՝ Սեւ ծովից հեռավորությունն ընդամենը 40 կմ է, անտառապատ, լեռնային տեղանք է, որտեղ կան թե՛ բեզոարյան այծեր, թե՛ եղջերուներ. կերի խնդիր չկա: Այդուհանդերձ, Հայաստանում Արմանից այլեւս տեղեկություններ չունեն:
2019 թ. փետրվարին՝ Արման Գաբրիելյանի հետ տեղի ունեցած դեպքից 9 ամիս առաջ, WWF-ի տեսախցիկները Հայաստանում առաջին անգամ ֆիքսել էին մեկ այլ հովազ, որի անունը հետազոտողներն Արեն էին դրել: Այն առողջ կենդանի էր, որին մի քանի ամիս տեսախցիկները նկարել էին: Դրանից հետո գիշատիչը, կարծես, կորել էր գիտնականների տեսադաշտից: Բայց 2019-ի աշնանն Արենը նորից հայտնվել էր կադրում՝ արդեն նիհարած ու երեք ոտքով՝ դիմացի ձախ ոտքը չկար:
Երեքոտանի դարձած Արենը՝ Նորավանքի մոտ («Արփա» պահպանվող լանդշաֆտ), 2019 թ. աշուն, աղբյուրը՝ WWF-Հայաստան
Կենդանաբանները մի քանի հավանական պատճառ են նշում. կա՛մ ընձառյուծը պայթել էր ականի վրա, կա՛մ խճճվել էր մետաղալարի մեջ ու ազատվելու համար կրծել ինքն իր վերջույթը (նման բան լինում է), կա՛մ նրա վրա կրակել էին զենքով: Այնուհետեւ Արենը նորից անհետացել էր. ենթադրվում էր, որ գուցե հայտնվել է ականապատ դաշտում ու պայթել:
Բայց 2024 թ. աշնանը WWF-ի մասնագետներին զանգահարել էր ենոքավանցի Արման Գաբրիելյանն ու հայտնել, որ հովիվներից մեկն անծանոթ կենդանի է տեսել իրենց մոտ, որին շները հետապնդել էին, ու կենդանին ծառն էր բարձրացել: Այդ հանգամանքը գիտնականներին թույլ էր տվել ենթադրել, որ գազանը լուսան կամ հովազ է եղել: Ա. Մալխասյանը նույն օրը Արմանի հետ արահետային տեսախցիկներ էր դրել տեղանքում, եւ նույն գիշերն էլ կենդանին նկարվել էր: Պարզվել էր, որ Արենն է, արտաքին տեսքն էլ բավականին լավ էր: Հովազը, սակայն, որոշ ժամանակ անց կրկին անհետացել էր:
Հերթական անգամ Արենը ֆիքսվել էր մեկ տարի անց՝ 2025-ի սեպտեմբերին, արդեն Վրաստանում՝ հայ-վրացական սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող «Ալգեթի» ազգային պարկի տարածքում: «Վրաստանում դա մեծ իրադարձություն էր, որովհետեւ վաղուց այնտեղ ընձառյուծ չէր նկարվում,- պատմում է Վ. Անանյանը,- առաջին հերթին տեղի WWF-ին էին հայտնել, նրանք էլ մեզ ուղարկեցին: Ոտքը որ չկար, պտերն էլ համեմատեցի (կարող էր վերջույթը կորցրած ուրիշ հովազ լինել. հաշմանդամներ շատ են եղել՝ առջեւի, հետեւի ոտքերը կորցրած), տեսանք, որ Արենն է՝ երեք ոտքով ճանապարհորդում էր, փաստորեն, էլի նույն տեղը՝ Իջեւան էր գնացել (նկատի ունի, որ Արենը Տավուշով է անցել Վրաստան – հեղ.): Մեզ համար դա շատ հետաքրքիր էր: Ենթադրում ենք, որ Տավուշն իրենց պատմական ապրելավայրն է եղել»:
Հովազի պահպանության հիմնական խնդիրները
Ըստ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Իգոր Խորոզյանի՝ ներկայում ոչ միայն հովազի, այլեւ բոլոր խոշոր կենդանիների պահպանության հիմնական խնդիրը ոչ թե որսագողությունն է, այլ պոպուլյացիաների մասնատվածությունը, դրանք կապող միջանցքների կտրտվածությունը եւ կենսագործունեության արեալների բացակայությունը: Հայաստանի 2010 թ. Կարմիր գրքում նշվում է, որ հովազի բնակության մասնատված տեղամասերը իրարից բաժանված են նեղ անցուղիների ցանցով:
WWF-ի հայաստանյան մասնաճյուղը 2015 թ.-ից մեր երկրում իրականացնում է էկոմիջանցքների ծրագիրը: Էկոմիջանցքի նպատակը բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) եւ արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության ապահովումն է, բույսերի աճելավայրերի ու տարածվածության, կենդանիների ապրելավայրերի եւ տեղաշարժի պահպանությունը, հողի եւ կենսառեսուրսների կայուն օգտագործումը (ծրագիրն իրականացվում է ՇՄՆ-ի ու այն համայնքների հետ, որոնք աշխարհագրական առումով այս միջանցքների տարածքում են):
Այսպիսով՝ «Խոսրովի անտառ»-Արենի/Գնիշիկ-Զանգեզուր ուղղության վրա պարսկական ընձառյուծի բնակության արեալները միմյանց կապելու եւ կենդանիների տեղաշարժն ու շփումը ապահովելու համար առանցքային դեր ունեն էկոմիջանցքները: Վերջիններիս դերը կարեւոր է նաեւ այս արեալներից Վարդենիսի, Արեւելյան Սեւանի, Սեւանի ու Արեգունի լեռնաշղթաներով դեպի հյուսիս՝ մասնավորապես Տավուշ, ինչպես նաեւ այդտեղից Վրաստան կամ Արարատից, Վայոց Ձորից ու Սյունիքից դեպի Նախիջեւան եւ Իրան հովազի տեղաշարժն ապահովելու համար (բնականաբար, էկոմիջանցքները միայն հովազների համար չեն): Վասիլ Անանյանը նշում է, որ ոչ միայն հովազները, այլեւ ուրիշ կենդանիներ կարիք ունեն հաղորդակցվելու, չմեկուսանալու, եւ ցանկացած մեկուսացում, նրա դիտարկամբ, ժամանակի ընթացքում հանգեցնում է տեսակի վերացման:
Պատերազմի կամ հետպատերազմական իրավիճակի ազդեցությունը եւս նկատելի է հովազների վրա: Մի կողմից՝ այս կենդանիները, մեծ տարածություններ հաղթահարելով, սովոր են անցնելու մի երկրից մյուսը, բայց մյուս կողմից՝ հայ-ադրբեջանական շփման գիծը, այդ թվում՝ ականապատ դաշտերը, ու փշալարերով տարանջատված հայ-իրանական սահմանը խնդիրներ են ստեղծում այս գիշատիչների ազատ միգրացիայի համար (նրանք պայթում են ականների վրա՝ լավագույն դեպքում դառնալով հաշմանդամ, երբեմն թիրախավորվում են դիրքապահների կողմից, փշալարերով բարձր արգելապատնեշն էլ գրեթե անհաղթահարելի խոչընդոտ է ձագերի կամ նոր-նոր ինքնուրույնություն ձեռք բերած առանձնյակների համար):
Հետազոտողները հովազի արտաթորանք են գտել, աջից՝ Ա. Մալխասյանը, «Բողաքար» արգելավայր, հեղ.՝ Վասիլ Անանյան/WWF-Հայաստան
1987-ին լույս տեսած ՀԽՍՀ Կարմիր գրքում նշվել է, որ պարսկական ընձառյուծի պահպանության համար անհրաժեշտ է օգտագործել Հայաստանի արգելոցները եւ ուժեղացնել պայքարը որսագողության դեմ: Ըստ 2010 թ. Կարմիր գրքի՝ տեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» արգելոցներում, «Արեւիք» ազգային պարկում, ինչպես նաեւ «Զանգեզուր» արգելավայրում (բոլորը պետական ենթակայության ԲՀՊՏ-ներ են): Հովազը պահպանվում է նաեւ համայնքային ենթակայության «Արփա» պահպանվող լանդշաֆտում ու մասնավոր պահպանվող տարածք հանդիսացող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR):
Չնայած հովազի որսագողությունն այսօր տեսակի պահպանության գլխավոր խնդիրը չէ, այդուհանդերձ, դրա դերը զրոյական չէ: «Հետքի» հետ զրուցած գիտնականները դժվարանում են ասել, թե վերջին անգամ երբ է մեր երկրում հովազ սպանվել: «Իմ աչքով տեսել եմ թարմ հանած մորթին 1994 կամ 1995 թվականին: Շատ մեծ, տարիքով հովազ էր»,- ասում է Վ. Անանյանը: Իսկ Հայաստանում հովազի առաջին հետազոտող Իգոր Խորոզյանը նկատում է, որ երբ 1990-ականներին նոր էին սկսել զբաղվել այս գիշատչով, մարդիկ չէին էլ թաքցնում, որ դրա որսագողությամբ են զբաղվում: Անդրադառնալով ներկա վիճակին՝ գիտնականն ասում է. «Որսագողության խնդիր թե՛ ունի, թե՛ չունի հովազը. ծավալներն այն չեն, որ ասես, թե որսագողություն է, բայց մյուս կողմից՝ եթե մի հովազ էլ սպանես, ամբողջ պոպուլյացիան քայքայում ես»:
Պարսկական ընձառյուծի եւ Կարմիր գրքում ընդգրկված մյուս կենդանատեսակների որսը պատժվում է ՀՀ Քրեական օրենսգրքով:
|
Ապօրինի որսը, որը կատարվել է … ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ թռչնի նկատմամբ կամ հանգեցրել է կենդանու կամ թռչնի որոշակի տեսակի պոպուլյացիայի վերացման … պատժվում է տուգանքով՝ 20-40-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 3-7 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով: Քրեական օրենսգիրք, հոդված 386 |
Բացի քրեական պատժից՝ հովազ սպանողը ստիպված կլինի 100 մլն դրամ (ներկայում՝ մոտ 275 հազ. դոլար) վճարել՝ իբրեւ կենդանական աշխարհին հասցված վնասի հատուցում:
Ի. Խորոզյանն ու Ա. Մալխասյանը նկատում են, որ մարդու եւ հովազի հանդիպումը կարող է եւ պատահական լինել ու ավարտվել նրանցից մեկի համար ողբերգությամբ: Մասնավորապես՝ եթե զինված մարդը պատահաբար հովազ տեսնի, կարող է, վախից ու ինքնապաշտպանական բնազդից ելնելով, կրակել: Մյուս կողմից, ըստ Մալխասյանի, հաշվի առնելով, թե ներկայում ինչպիսի տեխնիկայով ու սարքերով են զինված որսագողերը (օրինակ՝ հեռահար դիպուկահար հրացաններ, գիշերային տեսանելիության կամ ջերմատեսիլ սարքեր), նրանց թիրախում հայտնված հովազը նույնիսկ գիշերը փրկվելու հնարավորություն գրեթե չունի:
Ավարտը՝ դրական նոտայով
Անդրադառնալով Տավուշում արձակ պայմաններում պահվող ընտանի խոզերի վրա հովազի հարձակումներին՝ Վասիլ Անանյանը նշում է, որ եթե տարածքում չկա ընձառյուծի բնական կերը՝ բեզոարյան այծը եւ այլն, ապա այն կարող է հարձակվել նաեւ ընտանի կենդանիների վրա. «Բայց, օրինակ, Վայոց Ձորից մինչեւ հայ-իրանական սահման ընկած տարածքում այսքան տարիներին մի քանի անգամ է եղել, որ ձիու մտրուկի վրա հարձակվի, որովհետեւ այստեղ իր բնական կերը գտնում է, անասնապահության հետ կոնֆլիկտ չունի»:
Եթե Հայաստանում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտն արտահայտվում է արջերի հետ համակեցության խնդիրներով, ապա հարեւան Իրանում, Ի. Խորոզյանի տեղեկացմամբ, այս կոնֆլիկտի առանցքում հենց պարսկական ընձառյուծն է (Իրանն այս կենդանու գլոբալ պոպուլյացիայի «սիրտն» է): «Իրանում շատ լուրջ կոնֆլիկտ ունեն հովազի հետ, քանի որ գիշատիչը գալիս, ընտանի կենդանիներին տանում է,- ասում է իրանցի գիտնականների հետ տարիների համագործակցության փորձ ունեցող Խորոզյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանում հովազի հիմնական բնական կերը բեզոարյան այծն է, ապա Իրանում վայրի խոզն է, քանի որ իրանցիները, մուսուլման լինելով, խոզ չեն ուտում, եւ այն բնության մեջ շատանում է,- այդուհանդերձ, Իրանում (եւ ոչ միայն) ընձառյուծը հարձակվում է հեշտ կերային աղբյուրի վրա: Գիշատիչը նախընտրում է ընտանի կենդանիների վրա հարձակվել, քան, ասենք, վայրի խոզերի հետեւից վազել»:
Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչը նկատում է, որ եթե նախկինում Իրանում պարսկական ընձառյուծի պահպանությունը ավելի լավ էր իրականացվում, քան Հայաստանում, ապա հիմա հակառակ պատկերն է:
«Հովազը կերային կասկադի վերեւում է: Ամենապարզ օրինակով նայենք՝ խոտ-բեզոարյան այծ-հովազ: Բեզոարը խոտով է սնվում, հովազը՝ բեզոարով: Երբ հովազը սատկում է, նրա մարմնից էլեմենտներն անցնում են հողի մեջ, այնտեղից՝ խոտի մեջ, խոտը՝ բեզոարին, բեզոարը՝ հովազին: Որքան բեզոարն է ազդում հովազի որակի կամ քանակի վրա, այնքան էլ հովազն է վերահսկում բեզոարի պոպուլյացիան: Առանց գիշատչի՝ բեզոարները կամ մնացած սմբակավորները շատ շուտ բազմանում են,- բացատրում է Խորոզյանն ու ավելացնում,- մարդիկ պետք է հասկանան, որ տեսակին պետք է պահպանել ցանկացած դեպքում՝ վերեւում կլինի, թե ներքեւում: Եթե ապրում է, ուրեմն պետք է: Ամեն տեսակ իր տեղն ունի՝ խավարասեր լինի, մուկ լինի: Ինչքան էլ սիրում ենք, չենք սիրում, պետք է պահպանենք: Պիտի պահպանենք բեզոարյան այծերին, եւ ինչքան էլ թվում է, թե վայրի խոզը շատ է Հայաստանում, դրա պոպուլյացիան պիտի բարձր մակարդակի վրա պահենք՝ որպես այլընտրանքային կերային բազա հովազի համար»:
«Հովազը հազվագյուտ ու խարիզմատիկ կենդանի է, որն, անշուշտ, պահպանության կարիք ունի,- նշում է Վասիլ Անանյանը,- այն վերցվել է իբրեւ անձրեւանոց տեսակ. այսինքն՝ պահպանելով հովազին, որին մեծ ապրելավայր է անհրաժեշտ, պահպանվում են շատ ուրիշ տեսակներ՝ թե՛ կենդանական, թե՛ բուսական»:
-Որ գնում եք դաշտ, մտածո՞ւմ եք՝ էս անգամ կհաջողվի՞ տեսնել հովազին,- հարցնում ենք Ալեքսանդր Մալխասյանին:
-Դե, մտածում եմ՝ գոնե մինչեւ մեռնելս կենդանի տեսնեմ,- ժպտում է կենդանաբանը:
-Համոզված եմ՝ բոլոր հովազները Ալիկին տեսել են, ճանաչում են,- ասում է Վասիլ Անանյանը,- Հայաստանում չկա ուրիշ կենդանաբան, որ Ալիկի չափ դաշտում ժամանակ անցկացնի:
-Երբեւէ հաջողվե՞լ է բնության մեջ հանդիպել հովազի,- հարցնում ենք Իգոր Խորոզյանին:
-Մի քանի անգամ տպավորություն է եղել, որ ինձ հետեւում են… Հետաքրքիր զգացողություն է:
Առաջին լուսանկարում՝ Նեո ընձառյուծը՝ «Խոսրովի անտառ» արգելոցում, 2018 թ. գարուն, աղբյուրը՝ WWF-Հայաստան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել