Հուշատախտակ սղոցողը
Երեք տղամարդ առավոտյան ժամը 8-ին, մետաղ կտրելու սղոցով, մոտենում է շենքին։ Նրանցից մեկը միանգամից սկսում է սղոցել պատին ամրացված հուշատախտակի ամրանը։ Տարածքում հաստատակամ կանգնած և տղամարդկանց գործողություններին աչալուրջ հետևում է շենքի առաջին հարկի նոր սեփականատերը։ Ժամանակին շենքում ապրել է Խորհրդային Միության տասնակի չեմպիոն, ըմբիշ Ռուբեն Վարդանյանը։ Նրա մահից հետո իր պատվին այդտեղ տեղադրվել է հուշատախտակ։
Նոր բնակչին չի հետաքրքրում ո՛չ շենքի մշակութային արժեքը, ո՛չ էլ Հայաստանի չեմպիոնին հիշեցնող հուշատախտակը։ Նա ցանկանում է կոմերցիոն տարածքի վերածած իր բնակարանի պատն ազատել սև բազալտե հուշատախտակից․ այն խանգարում է նոր սեփականատիրոջը։
Տղամարդկանց մտքով չի էլ անցել, որ գործը գլուխ չի գա․ վստահությունը նրանց էր փոխանցել նոր սեփականատերը՝ սղոցողների համար՝ տարածքի տերը։ 5 րոպե, 10 րոպե, և սղոցի աշխատանքն ընդհատում է շենքի հնաբնակների աղմուկը։ Սղոցողներն այլայլվում են։ Հանգիստ էր տարածքի տերը․ այս անգամ չստացվեց, հաջորդ անգամ կստացվի, այս գործը հանգիստ է սիրում։
Անվանի ըմբիշի որդին՝ Արթուր Վարդանյանը, սովորականի պես, հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ 70-ամյա տղամարդն իր կյանքի վերջին երկու տարում չորրորդ անգամ է հաղորդում ներկայացնում։ Բոլոր դեպքերում առիթը հուշատախտակի հետ անհաշտ նոր սեփականատերն է։ Սկզբում իր գնած բնակարանի պատուհանները դռան է վերածել՝ նախագիծը չհամաձայնեցնելով նախարարության հետ, հետո դրանք ավելի լայն է բացել, քան թույլատրել էր քաղաքապետարանը։ Հարցին խառնվել է քաղաքապետի՝ փոխնախարար ընկերը․ ոչ մի օգուտ։ Քրեական վարույթը՝ քրեական վարույթի հետևից։ Նույն քաղաքապետն ավարտական ակտ է տվել։ Նորից քրեական վարույթ, ու նորից նախաքննությունը շարունակվում է։
Քննիչը ստանում է հուշատախտակը սղոցողների դեմ հաղորդումը և միանգամից հարուցում է քրեական վարույթ՝ հերթական քրեական վարույթը։ Ըմբիշի որդին վերադառնում է տուն, քննիչի տված թղթերը կոկիկ տեղավորում հների թղթապանակում։ Օրն այդպես էլ կավարտվեր, եթե լռությունը չխախտեր հարևանի զանգը․
— Արթո՛ւր, նորից սղոցում են։
Հ․ Գ․ Այս պատմության վերջին գործողությունը տեղի է ունեցել նախորդ շաբաթ Երևանում՝ Կիևյան 7 հասցեում։ Տարածքի սեփականատիրոջից մեկնաբանություն ստանալու համար փոստով նամակ ենք ուղարկել։ Այլ կերպ նա չցանկացավ հարցերի պատասխանել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել