HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլենա Գևորգյան

25 տարի անց Հայաստանը վերադառնում է բժիշկների անհատական լիցենզավորմանը

Հայաստանի ավելի քան 13 հազար ավագ բուժաշխատողների պարտադիր անհատական լիցենզավորման բարեփոխումը մտնում է նոր փուլ, սակայն քննությունների բուն մեկնարկը դեռևս չի տրվել։ Չնայած օրենքով սահմանված սկզբնական ժամանակացույցին, օրենքի նախագիծ է շրջանառվում՝ քննության վերջնաժամկետը կես տարով հետաձգելու։

«Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնում են, որ ավագ բուժաշխատողների կենտրոնացված քննության գործընթացը դեռևս չի մեկնարկել և կազմակերպչական, նախապատրաստական փուլում է։

Դեռ նախորդ տարի գրել էինք բժշկությունը որպես անհատական լիցենզավորման ենթակա գործունեություն սահմանելու և պատասխանատվությունը հաստատությունից դեպի անհատ բժիշկ տեղափոխելու մասին։

Ինստիտուտից պարզաբանում են․ «Գործող օրենսդրությամբ անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը սահմանված է 2027 թվականի հունվարի 1-ը: Սակայն, ներկայումս շրջանառության մեջ է գտնվում ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-164-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել և վերջնաժամկետ սահմանել 2027 թվականի հուլիսի 1-ը»։

Միևնույն ժամանակ, ԱԱԻ-ից ընդգծում են, որ չնայած քննությունների հնարավոր երկարաձգմանը, «մինչև 2027 թվականի հունվարի 1-ը բոլոր ավագ բուժաշխատողները պետք է Բուժաշխատողների ռեգիստրում իրենց անձնական հաշվից կենտրոնացված քննությանը մասնակցելու հայտ ներկայացնեն»։

2001 թվականի օրենսդրական փոփոխությունը

Այս բարեփոխմամբ Հայաստանը վերադառնում է բժշկական գործունեության կանոնակարգման այն մոդելին, որից հրաժարվել էր քառորդ դար առաջ։

2001 թվականի մայիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Լիցենզավորման մասին» ՀՀ ՀՕ-193 օրենքով արմատապես փոխվեց բժշկական օգնության և սպասարկման իրավական կառուցվածքը։ Օրենքի 43-րդ հոդվածով բժշկական գործունեությունը սահմանվեց որպես լիցենզավորման ենթակա գործունեություն, որը կարող էր իրականացվել բացառապես իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից։

Այս օրենսդրական փոփոխության արդյունքում անհատ բժիշկների՝ որպես ֆիզիկական անձանց անհատական մասնագիտական լիցենզավորման պահանջը վերացվեց։ Բժշկական հաստատությունները ստանում էին կազմակերպչական լիցենզիա, իսկ բուժաշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին տվյալ կազմակերպության լիցենզիայի շրջանակներում։

Ինչո՞վ են տարբերվում հավաստագիրն ու անհատական լիցենզիան

Անհատական լիցենզիան էապես տարբերվում է ներկայումս գործող Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրից։ Եթե հավաստագիրը պարզապես փաստում է բժշկի անցած կրթական ուղին, ապա անհատական լիցենզիան տալիս է մասնագիտական ծառայություն մատուցելու իրավաբանական թույլտվություն։

«Հավաստագիրը հաստատում էր բժշկի գիտաուսումնական ճանապարհի անցումը։ Իսկ լիցենզիան պաշտոնական փաստաթուղթ է, որը տրվում է մասնագիտական քննության, հավաստագրի առկայության և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա՝ թույլատրելով բժշկին իրականացնել որոշակի մասնագիտական գործունեություն։ Լիցենզիան տրվում է ըստ մասնագիտության․ եթե մասնագետն ունի երկու մասնագիտացում, պետք է հանձնի երկու քննություն և ստանա երկու լիցենզիա»,- նշում է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

Ըստ Բազարչյանի՝ բարեփոխման առանցքային նպատակներից մեկը բժշկական անհատական պատասխանատվության և վերահսկողության իրավական լծակների ձևավորումն է, որոնք բացակայում են գործող համակարգում։

«Ամբողջ աշխարհում լիցենզիան գործիք է, որով կառավարվում է բժշկի գործունեությունը։ Եթե բժիշկը խախտում է էթիկայի կանոնները, սխալ որոշումներ է կայացնում կամ թույլ է տալիս մասնագիտական կոպիտ խախտումներ, իրավասու մարմինը կարող է կասեցնել կամ զրկել նրան լիցենզիայից։ Հավաստագրից կամ դիպլոմից չես կարող զրկել դրա համար։ Դա բուժաշխատողների գործունեությունը վերահսկելու ընդունված ձև է՝ ինչպես վարորդական իրավունքը կամ զենք կրելու թույլտվությունը»,- ընդգծում է Բազարչյանը։

Ինչպե՞ս են անցկացվելու քննությունները

Առողջապահության ազգային ինստիտուտի տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Բուժաշխատողների ռեգիստրում գրանցված է 13,670 ավագ և 21,350 միջին բուժաշխատող։

ԱԱԻ փոխանցմամբ՝ «կենտրոնացված քննության հարցաշարերը նոյեմբերից կհրապարակվեն և հասանելի կդառնան, ինչը հնարավորություն կտա ավագ բուժաշխատողներին նախապես ծանոթանալ դրանց բովանդակությանը»։

Միևնույն ժամանակ, անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպված կենտրոնացված քննությունների մեկնարկից մինչ օրս այն  հաջողությամբ հանձնել է շուրջ 1000 կլինիկական օրդինատոր։

Ավելի քան 13,000 ավագ բուժաշխատողների քննական գործընթացն անցկացվելու է հեռավար ձևաչափով։ ԱԱԻ-ից մանրամասնում են․ «Քննությունները նախատեսվում է անցկացնել արհեստական բանականության հենքի վրա գործող հարթակի միջոցով՝ թեստավորման եղանակով: Նախատեսվում է նաև, որ քննության ընթացքում մասնակիցների նույնականացումը կիրականացվի դեմքի ճանաչման (Face ID) տեխնոլոգիայի միջոցով, և մասնակիցը ցանկացած վայրից և իրեն հարմար ժամի կկարողանա մուտք գործել համակարգ և հանձնել քննությունը»։

Այս հարթակը հնարավորություն կտա քննությունն անցկացնել համապատասխան տեխնիկական պահանջներին բավարարող համակարգչի միջոցով՝ առանց քննության անցկացման վայրում ֆիզիկապես ներկայանալու։

Բուժաշխատողին տրվելու է քննությունը հանձնելու 3 հնարավորություն։ Թեստը բաղկացած է լինելու 30 հարցից (կլինիկական իրավիճակներ, էթիկա, առաջին օգնություն), իսկ անցողիկ շեմը սահմանված է 70% և բարձր։ Եթե մասնագետը երեք փորձից չի հավաքում անհրաժեշտ միավորները, նրան անհատական լիցենզիա չի տրամադրվում, և նա օրենքով զրկվում է բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից՝ մինչև սահմանված կարգով քննությունը դրական հանձնելը։

«Քննություն հանձնելու միտքը որոշակի անհարմարություն է պատճառում բժիշկներին․ նույնիսկ գերազանցիկը լրացուցիչ քննություն հանձնելու ցանկություն չի ունենում։ Տարբեր մոտեցումներ ու առաջարկներ կային, բայց ի վերջո ընտրվել է քննության տարբերակը»,- ասում է ԱԱԻ տնօրենը։

Անդրադառնալով պետական մարմինների պատասխանատվության բաշխմանը՝ Ալեքսանդր Բազարչյանն ընդգծում է, որ ԱԱԻ-ի գործառույթները կրում են բացառապես կազմակերպչական ու տեխնիկական բնույթ․ «Առողջապահության ազգային ինստիտուտի վրա դրված է գործընթացի նախապատրաստումը։ Բուն լիցենզավորման որոշումների կայացումը, քաղաքականության մշակումը կամ լիցենզիա տալն ու զրկելը Առողջապահության նախարարության տիրույթում է․ մեր պատասխանատվությունը քննության կազմակերպումն է, բուժաշխատողների հետ աշխատելը, իրազեկումն ու ռեգիստրի հետ կապված տեխնիկական հարցերը»։

Քննական հարցաշարերի հրապարակումից հետո՝ նոյեմբերից, նախատեսվում է քննական փուլի ակտիվ մեկնարկը, որից հետո Ռեգիստրում հայտ ներկայացրած բուժաշխատողները կհերթագրվեն հեռավար քննությունների հանձնման համար։

Կարդացեք նաև՝

Գլխավոր լուսանկարը՝ բաց աղբյուրներից, մշակումը՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter