HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պարզաբանում է տարածել նրան վերագրվող գույքերի վերաբերյալ

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պարզաբանում է տարածել նրան վերագրվող գույքերի վերաբերյալ։ Այն ներկացնում ենք ստորև.

«Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 1-ին հայտնել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա ընտանիքի անդամներից գույքերի ու ֆինանսական միջոցների ենթադրյալ բռնագանձման ցանկը։ Առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, բայց այստեղ անհրաժեշտ է փաստերի ճշգրտում կատարել: 

Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը

Փաստաբանական խմբին տրամադրված նյութերում նշված 193 գույքի վերաբերյալ տեղեկատվությունը կարիք ունի մանրամասն պարզաբանման, քանի որ առանձին սեփականության վկայականների քանակը չի արտացոլում փաստացի ինքնուրույն օգտագործվող գույքերի թիվը։ Մասնավորապես, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարակից տարածքում որպես մեկ միասնական հողատարածք օգտագործվող տարածքին առնչվում է մոտ 90 սեփականության վկայական։ Դա պայմանավորված է նրանով, որ տարածքը ձևավորվել է տարբեր տարիներին՝ առանձին հատվածների ձեռքբերմամբ, որոնք հետագայում գրանցման առումով չեն միավորվել, թեև փաստացի օգտագործվում են որպես մեկ ամբողջություն` այգեգործական նպատակով, այնտեղ հիմնականում առկա են պտղատու ծառեր:

Ինչ վերաբերում է ցանկում ներառված մյուս գույքերին, ապա դրանք պատկանում են ոչ միայն Գագիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքի անդամներին, այլև տասնյակ այլ անձանց՝ շուրջ մեկ տասնյակ այլ ընտանիքներից։ Այդ անձանց պատկանող գույքերը ևս վերագրվում են Գագիկ Խաչատրյանին՝ «փոխկապակցվածության» վարկածի հիման վրա։

Մենք՝ փաստաբաններս, բազմիցս ներկայացրել ենք իրավական և փաստական հիմնավորումներ այն մասին, որ այլ անձանց պատկանող այդ գույքերի ձեռքբերումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը կապված չեն Գագիկ Խաչատրյանի հետ։ Մեր գնահատմամբ՝ առանց այս հանգամանքների պատշաճ ներկայացման ծավալուն գույքային ցանկերի հանրայնացումը հանրության շրջանում թյուր պատկերացում է ձևավորում ինչպես գույքերի իրական քանակի, այնպես էլ դրանց պատկանելության վերաբերյալ։

ՀՀ գլխավոր դատախազության կողմից Գագիկ Խաչատրյանին ենթադրաբար վերագրվող ոչ գույքային ունեցվածքի մասով

Հաջորդ թյուրըմբռնումը կապված է Գագիկ Խաչատրյանին վերագրվող 1 ՄԻԼԻԱՐԴ 451 ՄԻԼԻՈՆ դոլարի պարտատոմսերի ունեցվածքի ենթադրյալ առկայությանը:

Սակայն պարտադիր է, որ թե՛ մասնագիտական հանրույթը և թե՛ գործի մանրամասներով հետաքրքրված հանրությունը տեղեկացված լինի, որ․

  • Փաստաբանների կողմից Դատախազությանը ուղղված զանգերի ու գրությունների արդյունքում կայքում ճշգրտվել է թիվը «շտկված» մակագրությամբ,
  • Դատախազության կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակներում դեռ պահպանվել է չճշգրտված  տարբերակները,
  • Իրական պարտատոմսերի հանրագումարը 1 ՄԻԼԻՈՆ 451 հազար դոլար է

Այսպիսով, երբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործը դեռևս քննվում է դատարանում, և դրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ առկա չէ, մեր գնահատմամբ՝ մենք ականատես ենք լինում անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումների։ Ավելին՝ 71-ամյա, առողջական ծանր խնդիրներ ունեցող անձը, ով երբեք չի փորձել թաքնվել կամ խոչընդոտել քննությանը, շարունակում է մնալ կալանքի տակ»,- նշված է պարզաբանման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter