HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

250 հազար դրամ՝ քաղաքացիություն ստանալու, 1,5 միլիոն՝ դրանից հրաժարվելու համար․ օրենքի նախագիծ

ՀՀ քաղաքացիություն ստանալը կարող է դառնալ ավելի դժվար և զգալիորեն թանկ։ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է քաղաքացիություն ստանալու համար սահմանել Հայաստանում օրինական բնակության և փաստացի գտնվելու պահանջ, խստացնել ազգությամբ հայ լինելու հանգամանքի ստուգումը, իսկ պետական տուրքը 50 հազարից բարձրացնել մինչև 250 հազար դրամ։ Քաղաքացիությունից հրաժարվելու համար էլ գործող 150 հազար դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 1,5 միլիոն դրամ։

Նախարարությունը փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորում է քաղաքացիության ինստիտուտի «բովանդակային վերաիմաստավորմամբ»։ Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին աճել է այն մարդկանց թիվը, որոնք Հայաստանի հետ բավարար փաստացի կապ չունեն, երբևէ չեն գտնվել կամ երկար ժամանակ չեն բնակվել Հայաստանում, սակայն ստանում են ՀՀ քաղաքացիություն՝ այդ թվում ճանապարհորդական կամ այլ գործնական առավելություններից օգտվելու համար։

2021թ. հունվարի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը Հայաստանի քաղաքացիություն է ստացել 110 հազար 219 մարդ։ Նրանցից 108 հազար 2-ը ստացել են «099» ծածկագրով անձնագիր։ Նախարարությունը հիմնավորման մեջ նաև նշում է, որ վերջին 15 տարվա տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն է ստացել շուրջ 250 հազար մարդ, որոնց մեծ մասը, ըստ գերատեսչության, երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։

Նոր նախագծի տրամաբանությունն այն է, որ քաղաքացիությունը չպետք է վերածվի պարզապես հայկական անձնագիր ստանալու հնարավորության։ Պետությունը ցանկանում է քաղաքացիություն ստանալու գործընթացը կապել Հայաստանի հետ իրական կապի առկայության հետ։

Դրա համար առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող բոլոր օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ազգությամբ հայերի համար սահմանել օրինական բնակության պահանջ։ Բացի դրանից՝ նախատեսվում է նաև երկրում որոշակի ժամանակահատված փաստացի գտնվելու պահանջ։ Այսինքն՝ միայն փաստաթղթերով Հայաստանի հետ կապ ունենալն այլևս բավարար չի համարվի։ Քաղաքացիություն ստանալու ճանապարհին պետք է նաև ֆիզիկապես գտնվել Հայաստանում։

Միաժամանակ ազգությամբ հայերի համար նախատեսվում է ավելի պարզեցված կարգավորում։ Նախագծի հեղինակները դա կապում են Սահմանադրության այն դրույթի հետ, որը ազգությամբ հայերին քաղաքացիություն ստանալու հատուկ հնարավորություն է տալիս։ Սակայն նույնիսկ այս դեպքում նախատեսվում է Հայաստանի հետ առնվազն որոշակի իրական կապի պահանջ։

Փոփոխությունների մյուս առանցքային ուղղությունը «ազգությամբ հայ» լինելու հանգամանքի ստուգումն է։ Այսօր ազգությունը հաստատելու համար ներկայացվում են օրենքով նախատեսված փաստաթղթեր։ Նախագծի հեղինակ նախարարությունը, սակայն, գտնում է, որ միայն առանձին փաստաթղթերի առկայությունը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս վստահորեն հաստատել անձի հայկական ծագումը։

Հիմնավորման մեջ խոսվում է նաև կեղծված կամ փոփոխված փաստաթղթերի մասին։ Ըստ նախարարության՝ եղել են դեպքեր, երբ ազգությամբ հայի համար նախատեսված պարզեցված կարգից օգտվելու նպատակով փաստաթղթերում ծնողի, տատի, պապի կամ այլ ազգականի ազգությունը փոխվել կամ նշվել է «հայ»։

2023-2026 թվականներին նման 71 դեպք է բացահայտվել։ Եթե 2023-ին արձանագրվել է 5 դեպք, ապա 2024-ին՝ 21, 2025-ին՝ 26, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 19 դեպք։

Նախագիծը նախատեսում է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը պետք է որոշի՝ արդյոք ներկայացված տվյալները բավարար են անձի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատելու համար։ Հանձնաժողովի գործունեության կարգը և լիազորությունները սահմանելու է կառավարությունը։

Փոփոխություններ են նախատեսվում նաև արդեն քաղաքացիություն շնորհելուց հետո գործընթացի ավարտի հարցում։ Գործող համակարգում նախագահի հրամանագրից հետո անձը պետք է մասնակցի երդման արարողությանը, սակայն հստակեցված չէ, թե որ պահից է հրամանագիրն իրավական ուժ ստանում։ Նախագիծը այդ հարցին կոնկրետ պատասխան է տալիս՝ հրամանագիրն ուժի մեջ կմտնի անձի կողմից երդման տեքստը ստորագրելու պահից։ Դրա համար անձը կունենա մեկ տարի ժամանակ։

Եթե նախագահի հրամանագրի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում անձը չներկայանա երդման արարողությանը և չստորագրի երդման տեքստը, հրամանագիրն ուժի մեջ չի մտնի։ Նախագծով նաև նախատեսվում է, որ երդման արարողությունը պետք է անցկացվի բացառապես Հայաստանի տարածքում։

Ըստ հիմնավորման՝ գործնականում եղել են դեպքեր, երբ անձը նախագահի հրամանագրից հետո տարիներով չի ներկայացել երդման արարողությանը։ Այդ պատճառով անհասկանալի է մնացել՝ նա ընդհանրապես ցանկանում է ավարտել քաղաքացիություն ստանալու գործընթացը, թե՝ ոչ։ Որոշ դեպքերում նույնիսկ հնարավոր չի եղել բացառել նրա մահացած լինելու հանգամանքը։ Ըստ այդմ՝ առաջարկվող մեկ տարվա ժամկետը պետք է վերացնի այդ անորոշությունը։

Ավելի էական փոփոխություն է նախատեսվում քաղաքացիությունից հրաժարված անձանց համար։

Ներկայումս քաղաքացիությունից հրաժարվելուց հետո օրենքը չի սահմանում նվազագույն ժամանակահատված, որի ընթացքում անձը չի կարող կրկին վերականգնել ՀՀ քաղաքացիությունը։ Նախագիծը ցանկանում է այդ հնարավորությունը սահմանափակել։

Առաջարկվում է քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիության վերականգնման հնարավորություն չտալ հինգ տարի։

Նախարարությունը նման սահմանափակումը բացատրում է նրանով, որ գործնականում լինում են դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, իսկ կարճ ժամանակ անց փորձում են այն վերականգնել։

Հիմնավորման մեջ որպես օրինակ նշվում է նաև այն դեպքը, երբ ծնողը հրաժարվում է քաղաքացիությունից՝ արական սեռի երեխաների քաղաքացիության դադարեցման կամ պարտադիր զինվորական ծառայության պարտավորություններից խուսափելու կամ դրանց կատարումը հետաձգելու նպատակով, իսկ հետագայում փորձում է վերականգնել քաղաքացիությունը և կրկին օգտվել դրանից բխող իրավունքներից ու արտոնություններից։ Այսինքն՝ պետությունը փորձում է փակել քաղաքացիության կարգավիճակը իրավիճակային օգտագործելու հնարավորությունը։

Միաժամանակ էապես փոխվելու է քաղաքացիություն ստանալու և դրանից հրաժարվելու գինը։

Եթե այսօր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը 50 հազար դրամ է, ապա նախագծով այն առաջարկվում է դարձնել 250 հազար դրամ։ Քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում տարբերությունն ավելի մեծ է՝ գործող 150 հազար դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 1 միլիոն 500 հազար դրամ պետական տուրք։

Հիմնավորման համաձայն՝ քաղաքացիություն ձեռք բերելը կամ դրանից հրաժարվելը սովորական վարչական գործողություն չէ, քանի որ դրա արդյունքում ստեղծվում կամ դադարեցվում է պետության և անձի միջև երկարաժամկետ իրավական կապ։

Նախագիծը նաև փոխում է քաղաքացիություն շնորհելու հարցում Հանրապետության նախագահի դերակատարության շուրջ գործող մոտեցումները։

Ներքին գործերի նախարարությունը ցանկանում է հստակեցնել քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու հիմքերը և պահանջել, որ իրավասու պետական մարմինների եզրակացությունները պատճառաբանված լինեն։ Այսինքն՝ պետք է նշվեն այն փաստական հանգամանքներն ու ռիսկերը, որոնց հիման վրա եզրահանգվել է, որ անձի քաղաքացիությունը կարող է վտանգ ներկայացնել պետական կամ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը, այլոց իրավունքներին կամ այլ պաշտպանվող արժեքներին։ Սակայն, նախագահի՝ քաղաքացիություն չշնորհելու մասին հրամանագիրը կարող է չպարունակել մերժման հիմքերի հիմնավորում։

Նախարարությունը դա բացատրում է պետական և օրենքով պաշտպանվող գաղտնի տեղեկությունների հնարավոր առկայությամբ։ Եթե քաղաքացիություն չշնորհելու հիմքում գաղտնի տեղեկություններ են, դրանց բացահայտումը կարող է, ըստ հիմնավորման, վնասել պետական կամ հանրային անվտանգությունը։

Այսպիսով, պատճառաբանությունը պետք է առկա լինի վարչական վարույթի նյութերում և իրավասու մարմնի եզրակացության մեջ, սակայն պարտադիր չէ, որ այն ամբողջությամբ ներկայացվի քաղաքացիություն չստացած անձին ուղղված նախագահի հրամանագրում։

Նախագիծը միաժամանակ հատուկ ընդգծում է նախագահի հայեցողական լիազորությունը։ Ըստ որի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ նախագահի հայեցողական որոշումը չի կարող փոփոխվել վարչական կամ դատական կարգով։ Սակայն սա չի նշանակում դատական վերահսկողության լիակատար բացառում։ Դատարանը կարող է ստուգել, օրինակ, օրենքի և ընթացակարգերի պահպանումը, փաստերի պատշաճ պարզումը, նախագահի կողմից հայեցողության սահմանների չգերազանցումը և լիազորության օրենքով նախատեսված նպատակին համապատասխան կիրառումը։

Փոխվում է նաև քաղաքացիության վերաբերյալ որոշումների ընդունման գործող համակարգը։ Նախագծով առաջարկվում է դադարեցնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը։

Նախարարության գնահատմամբ՝ այդ հանձնաժողովը գործնականում էական հավելյալ արդյունք չի ապահովում։ Բացասական որոշումների վերանայման կամ վարչական մարմնի նախնական դիրքորոշումը փոխելու դեպքեր, ըստ հիմնավորման, գրեթե չեն լինում։ Դրա փոխարեն ստեղծվելու է ավելի մասնագիտացված հանձնաժողով՝ արդեն մեկ կոնկրետ խնդրի համար՝ անձի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հաստատելու նպատակով։

Նախարարությունը պնդում է, որ այս փոփոխությունների նպատակը քաղաքացիության ինստիտուտի «իրավական նշանակության և հանրային արժեքի» ամրապնդումն է։ Փաստացի, սակայն, առաջարկվում է մի համակարգ, որտեղ Հայաստանի քաղաքացի դառնալու համար անձից ավելի մեծ կապ է պահանջվելու Հայաստանի հետ, ավելի շատ ստուգումներ են իրականացվելու, իսկ պետությունից հեռանալու՝ քաղաքացիությունից հրաժարվելու գինը զգալիորեն բարձրանալու է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter