«Անհարկի դատական շրջապտույտ»․ Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Գարեգին Բ-ի գործը կքննի Արմավիրի մարզի դատարանը
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս վեց հոգևորականների քրեական գործը դատարանից դատարան տեղափոխվելուց հետո վերջնականապես պետք է քննվի Արմավիրի մարզում։ Վճռաբեկ դատարանը չի ընդունել գործը Երևան ուղարկելու՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հիմնավորումները՝ արձանագրելով, որ գործի նյութերից հնարավոր էր պարզել ենթադրյալ արարքների կատարման վայրը։ Ավելին՝ Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ գործը Երևան ուղարկելով՝ Արմավիրի դատարանը ցուցաբերել է սուբյեկտիվ մոտեցում և ստեղծել անհարկի դատական շրջապտույտ։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը գործը Երևան էր ուղարկել՝ պատճառաբանելով, որ Գարեգին Բ-ին ներկայացված մեղադրանքի նկարագրության մեջ չի նշվել ենթադրյալ արարքի կատարման վայրը։ Այսինքն՝ դատարանը համարել էր, որ հնարավոր չէ որոշել, թե որ դատարանն է տարածքային առումով իրավասու քննել գործը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ գործը փոխանցել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը որոշելու նպատակով:
Այդ գործով երրորդ դատավորն էր փաստացի հրաժարվել քննություն իրականացնելուց: Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել էր դեռևս 2026թ. հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին: Նա 2026թ. օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամների վերաբերյալ քրեական գործն ունի հանրային մեծ հետաքրքրություն, հետևաբար նման պայմաններում հատկապես կարևոր է, որ դատավորի անաչառության վերաբերյալ որևէ հիմնավոր կասկած չլինի։
Դատավորն ինքնաբացարկի պատճառ էր նշել իր և գործով պաշտպան Արա Զոհրաբյանի նախկին մասնագիտական կապը։ Դատավորը նշել էր, որ 2021թ. սովորել է Փաստաբանական ակադեմիայում և նույն ժամանակահատվածում փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու որակավորման քննություն է հանձնել։ Այդ ժամանակ Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահն ու որակավորման հանձնաժողովի նախագահը և անձամբ մասնակցել է դատավորի բանավոր քննությանը։
Դրանից հետո գործը մակագրվել էր նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին: Սակայն նա էլ գործի նախնական դատալսումներ նշանակելու առաջին օրը՝ օգոստոսի 28-ին, փաստացի հրաժարվեց քննություն իրականացնելուց: Դատարանը նշել էր, որ Գարեգին Բ-ին վերագրվող արարքի նկարագրության մեջ չի նշվում, թե այն որտեղ է կատարվել։ Ըստ դատարանի՝ եթե նախաքննության ընթացքում հանցանքի կատարման վայրը չի պարզվել, գործը պետք է քննի այն դատարանը, որի տարածքում գտնվում է նախաքննությունն իրականացրած մարմինը։
Սակայն, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին վերագրվող արարքի նկարագրությունն առանձնացնելով՝ հնարավոր չէ ճիշտ գնահատել գործի ընդդատության հարցը։ Մյուս վեց հոգևորականներին ներկայացված մեղադրանքներում հստակ նշված է, որ նրանց վերագրվող գործողությունները կատարվել են Մայր Աթոռում՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ընթացքում։
Այս հանգամանքը Վճռաբեկի համար առանցքային է դարձել նաև Գարեգին Բ-ի մեղադրանքի դեպքում։ Նրա մեղադրանքի նկարագրությունից հետևում է, որ հոգևորականներից Արման Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) կարգալույծ հայտարարելու գործողությունը տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի կողմից համապատասխան առաջարկ ներկայացնելուց հետո։ Հետևաբար, այն փաստը, որ կաթողիկոսի մեղադրանքի մեջ արարքի կատարման վայրը առանձին ձևակերպմամբ նշված չի եղել, ինքնին չէր նշանակում, որ այդ վայրը հնարավոր չէր պարզել։
Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի նյութերից հնարավոր էր որոշել ենթադրյալ արարքների կատարման վայրը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: Այն գտնվում է Արմավիրի մարզի դատարանի տարածքում։ Այսինքն՝ Վճռաբեկի տրամաբանությամբ՝ գործը Երևան տեղափոխելու համար այն պայմանը, թե հանցանքի կատարման վայրը հնարավոր չէ պարզել, այս դեպքում առկա չի եղել։
Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է նաև այն հանգամանքը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։ Դատարանը նշել է, որ այդ հանգամանքը կողմերը չեն վիճարկել։
Թեև Կաթողիկոսի և մյուս հոգևորականների փաստաբանները նշել էին, որ Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հայտարարելու որոշումը կայացվել է Վաղարշապատում, Արմավիրի դատարանը դա բավարար չէր համարել՝ պատճառաբանելով, որ նման բանավոր հայտարարությունը չի կարող հիմք լինել գործի տարածքային ընդդատությունը որոշելու համար։
Վճռաբեկ դատարանը համաձայնել է, որ միայն բանավոր հայտարարությունը որոշիչ լինել չի կարող։ Այստեղ պաշտպանական կողմի հայտարարությունը միակ հիմքը չի եղել։ Գործի մյուս տվյալներն էլ հնարավորություն են տվել որոշելու ենթադրյալ արարքների կատարման վայրը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստացի հարց է բարձրացրել՝ եթե գործի նյութերում առկա տվյալները թույլ են տալիս որոշել, թե որտեղ են տեղի ունեցել մեղադրանքի հիմքում ընկած գործողությունները, ապա ինչո՞ւ պետք է գործը տեղափոխվի մեկ այլ դատարան։
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև գործի շրջապտույտին: Մասնավորապես, երբ դատարանը գործը փոխանցում է մեկ այլ դատարանի՝ այն համարելով իրեն ոչ ընդդատյա, իսկ մյուս դատարանն էլ նույն հարցի շուրջ կարող է հակառակ դիրքորոշում ունենալ, քրեական գործը հայտնվում է դատարանների միջև փոխանցումների վտանգի տակ։ Դա ոչ միայն ժամանակ է խլում, այլև կարող է խոչընդոտել գործի ողջամիտ ժամկետում քննությանը։
Այս գործով, ըստ Վճռաբեկ դատարանի, հենց այդպիսի վտանգ է առաջացել։ Բարձր դատարանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտեցումը գնահատել է որպես սուբյեկտիվ և արձանագրել, որ դրա հետևանքով ստեղծվել է անհարկի դատական շրջապտույտ։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, 2026թ. հունվարի 15-ին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Հաջորդ օրը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել հայցը և բավարարել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատարանը պարտավորեցրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը չխոչընդոտել Արման Սարոյանի պաշտոնավարումը՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Արգելվել է նաև կատարել ցանկացած գործողություն, որը կարող էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանն ու ֆինանսական գործարքների կատարմանը։
Մեղադրանքի համաձայն՝ դատարանի որոշման հիման վրա նույն օրը հարուցվել է կատարողական վարույթ, իսկ հունվարի 19-ին դատարանի որոշումն ու կատարողական թերթը պաշտոնապես հանձնվել են Մայր Աթոռին՝ ի դեմս արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի։
Չնայած դրան՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, որի նախագահը Գարեգին Բ-ն է, քննարկել է Արման Սարոյանի հրապարակային հայտարարությունները, դրանք գնահատել որպես Մայր Աթոռի հետ կապի խզում և հնազանդության ուխտի խախտում և միաձայն առաջարկել կաթողիկոսին կարգալույծ հայտարարել նրան։ Գարեգին Բ-ն ընդունել է առաջարկը և կարգալույծ հռչակել Սարոյանին՝ զրկելով նրան հոգևոր աստիճանից և, հետևաբար, թեմի առաջնորդի լիազորություններից։
Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողությունները գիտակցված խոչընդոտել են դատարանի որոշման կատարմանը, քանի որ դատարանն արդեն արգելել էր Սարոյանի պաշտոնավարումը խոչընդոտող ցանկացած գործողություն։
Լուսանկարը՝ օգոստոսի 7-ի նիստից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել