HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնագետները խորհուրդ են տալիս թույլ չտալ երեխաներին գիշերը հեռախոսները ննջասենյակում պահել. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր հետազոտությունը ծնողներին համար լավ պատրվակ է՝ թույլ չտալու երեխաներին գիշերը հեռախոսները ննջասենյակում պահել։

«Ըստ «Acta Paediatrica» բժշկական ամսագրում հունիսին հրապարակված՝ 12-ից 14 տարեկան շուրջ 8000 երեխայի շրջանում անցկացված համազգային հարցման տվյալների՝ այն երեխաները, ովքեր գիշերը ննջասենյակում էկրանային սարքեր են օգտագործում, մեկ տարի անց դրանցից ավելի հաճախ են օգտվում, և նրանց մոտ նկատվում է էկրանի օգտագործման հետ կապված ավելի խնդրահարույց վարքագիծ։

Ավելին՝ «Journal of Adolescent Health» ամսագրում հրապարակված մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ այն երեխաները, ովքեր գիշերը ննջասենյակում էկրաններ են դիտում, ավելի մեծ հավանականությամբ կարող են ենթարկվել կիբերբուլինգի կամ իրենք կիբերբուլինգի ենթարկեն ուրիշներին։

Երկու զեկույցն էլ հիմնված են եղել «Դեռահասների ուղեղի կոգնիտիվ զարգացման» (Adolescent Brain Cognitive Development) ուսումնասիրության վրա, որը երեխաների առողջության և ուղեղի զարգացման վերաբերյալ ազգային մասշտաբի ամենախոշոր երկարաժամկետ հետազոտությունն է։

«Հերացի» վերլուծական-ը փաստում է, որ գիշերային ժամերին հեռախոսից օգտվող երեխաների շրջանում կիբերբուլինգի ավելի բարձր ցուցանիշները կարող են պայմանավորված լինել նրանով, որ այդ ժամանակ, երբ երեխաները գտնվում են իրենց ննջասենյակներում, ծնողներն այնքան էլ ուշադրությամբ չեն վերահսկում էկրանի առջև անցկացրած ժամանակը. այս մասին նշել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի մանկաբուժության դոցենտ և վերջին երկու ուսումնասիրությունների հիմնական հեղինակ դոկտոր Ջեյսոն Նագատան։

Հետազոտության սահմանափակումներից մեկն այն է, որ երիտասարդները կիբերբուլինգի մասին տեղեկությունները հայտնել են ինքնուրույն, ուստի հնարավոր է՝ դրա իրական ծավալներն ավելի մեծ լինեն, քան երեխաները ցանկացել են խոստովանել հարցումների ժամանակ, իր խոսքում նշել է Նագատան։

Հետազոտությունների համաձայն՝ երիտասարդները զարմանալիորեն մեծ քանակությամբ ժամանակ են անցկացնում հեռախոսների էկրանների առջև այն ժամերին, երբ պետք է քնած լինեին։ Ուսումնական օրերին նախորդող գիշերներին միջին վիճակագրական երիտասարդը երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 6-ն ընկած ժամանակահատվածում գրեթե մեկ ժամ անցկացնում է հեռախոսով, իսկ աշխատանքային օրերին նրանց մեծ մասն ակտիվ օգտվում է հեռախոսից կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 4-ը։

Իհարկե, Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան և փորձագետներն արդեն որոշ ժամանակ է՝ հորդորում են ծնողներին թույլ չտալ, որ երեխաները քնելիս հեռախոսներն իրենց սենյակում պահեն։ Սակայն, ըստ Նագատայի, այս նոր ուսումնասիրությունները ծնողներին հիմնավոր փաստարկներ են տալիս՝ այդ կանոնները կիրառելու համար։

Նրա խոսքով՝ այս նոր ուսումնասիրությունների կարևորությունն այն է, որ դրանք ցույց են տալիս՝ ծնողավարման որոշակի մոտեցումներ կարող են բարելավել էկրանների հետ կապված՝ երեխաների ունեցած փորձառությունը։

Ծնողները գուցե չկարողանան մշտապես սահմանափակել էկրանների օգտագործումը, ասել է Նագատան, սակայն քնելուց առաջ ընկած ժամանակահատվածը դրա համար «առավել արդյունավետ պահն է»։

«Քունը չափազանց կարևոր է, – նշել է նա։ – Դեռահասների մեծ մասը բավարար չափով չի քնում, իսկ քնի պակասը կարող է ազդել հոգեկան ու ֆիզիկական առողջության և մի շարք այլ գործոնների վրա։ Ուստի, եթե հարկավոր է ընտրել, թե որ հարցերում պայքարել, ապա քնելուց առաջ ննջասենյակում էկրանների օգտագործումը սահմանափակելու փորձը կարող է իսկապես կարևոր լինել»։

Լավագույն տարբերակը հեռախոսները ննջասենյակներից դուրս թողնելն է։ Եթե դա հնարավոր չէ, ապա հաջորդ լավագույն քայլը դրանք գիշերը անջատելն է։

Ինչպե՞ս խուսափել երեխաների հետ այս հարցի շուրջ ծագող լուրջ վեճերից։ Օգտակար է «զրուցել քնի օգտակարության մասին՝ շեշտելով դրա դերը ուղեղի զարգացման, հոգեկան առողջության և ընդհանուր բարեկեցության, ինչպես նաև ամբողջ ընտանիքի համար», – նշել է Աննա Սիվալդը՝ Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում գործող հոգեբան և «Authentic Parenting» («Իսկական ծնողավարություն») փոդքաստի հեղինակը։ Սիվալդը, ով չի մասնակցել նշված հետազոտությանը, խորհուրդ է տվել երեխաների հետ միասին հոդվածներ կարդալ և փոդքաստներ լսել քնի օգտակարության վերաբերյալ։

Հետազոտությունը նաև պարզել է, որ երբ երիտասարդները սնվելիս էկրաններին են նայում, մեծանում է հավանականությունը, որ նրանք կդառնան կիբերբուլինգի զոհ։ Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել նրանով, որ երեխաները չեն շփվում ծնողների կամ խնամակալների հետ՝ քննարկելու իրենց կյանքում տեղի ունեցող իրադարձությունները։

Ըստ Նագատայի՝ համատեղ սնվելը «ընտանիքի անդամների վիճակի և գործերի մասին տեղեկանալու լավ հնարավորություն» է։

Նույն ուսումնասիրությունը նաև պարզել է, որ էկրանին նայելիս սնվող երեխաներն ավելի շատ քաշ են հավաքել, ասել է նա։ «Որքան ավելի շատ են երեխաները շեղվում էկրանների առջև սնվելիս, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք կչարաշահեն սնունդը կամ կուտեն առանց քաղցի զգացում ունենալու», - նշել է Նագատան։

Փոխարենը՝ Սիվալդն առաջարկել է առանձնացնել մի ընդհանուր վայր, որտեղ բոլորը կթողնեն իրենց հեռախոսները սնվելու ընթացքում։ Դա վերաբերում է նաև ծնողներին։

Երբ քննարկում եք ուտելու ընթացքում հեռախոսները մի կողմ դնելու հարցը, մի՛ կենտրոնացեք նրա վրա, թե ինչից եք նրանց զրկում, ասել է մասնագետը։ «Էկրաններից զերծ սնվելը ներկայացրեք որպես միմյանց հետ ավելի սերտ կապ զգալու միջոց, այլ ոչ թե որպես պատիժ, քանի որ այդ դեպքում երեխաները կողջունեն այդ գաղափարը և կմիանան ձեզ»։

Սիվալդն առաջարկում է սնվելու ընթացքը զվարճալի դարձնել՝ օգտագործելով հարցերով քարտեր՝ զրույց ծավալելու համար, խրախուսելով բոլորին կիսվել նրանով, թե ինչի համար են երախտապարտ, քննարկելով օրվա լավագույն և վատթարագույն պահերը, ինչպես նաև խաղալով կամ կատակներ պատմելով։

«Երբ երեխաները ձեռք են մեկնում դեպի իրենց հեռախոսները, նրանք փորձում են բավարարել իրենց հիմնական հուզական պահանջմունքներից մեկը՝ կապի, պատկանելության զգացումի կամ էլ նկատված, արժևորված ու գնահատված լինելու պահանջմունքը»,- ասել է նա։ «Եթե մենք բավարարենք այդ պահանջմունքները տանը՝ շփման, պարի, երաժշտության, ծիծաղի և զրույցի միջոցով, երեխաները կարիք չեն ունենա դիմելու հեռախոսներին»։

Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների կողմից էկրանների խնդրահարույց օգտագործման հիմնական կանխատեսող գործոնը ծնողների կողմից էկրանների խնդրահարույց օգտագործումն է: Նագատան ասել է, որ երբ ծնողները կամ խնամակալները ավելի շատ էին օգտագործում էկրաններ, նրանց երեխաներն ավելի հակված էին մեկ տարի անց ավելի շատ օգտագործել էկրաններ և ունենալ կախվածության ու սոցիալական ցանցերի չարաշահման ախտանիշներ, որոնք կարող են հանգեցնել կոնֆլիկտի:

Ծնողների համար լավագույն քայլերից մեկը երեխաների համար էկրանից օգտվելու առողջ օրինակ ծառայելն է, նշում են մասնագետները։

Դրական վարքագծի օրինակ ծառայելը միշտ չէ, որ հեշտ է լինում։ Սակայն լավ նորությունն այն է, որ գիշերային ժամերին և սնվելու ընթացքում բոլորի հեռախոսներն անջատելն ու մի կողմ դնելը, կարծես, բարելավում է երեխաների՝ էկրանի առջև անցկացրած ժամանակի որակը։

Մասնագետները վստահ են՝ ծնողներն էլ ավելի հանգիստ կքնեն՝ իմանալով, որ իրենց երեխաներին պաշտպանում են տեխնոլոգիաների այդ բացասական ազդեցությունից»,- նշված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter