ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացածների տարկետման և պարտադիր զինծառայությունից ազատման պայմանները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները։
«Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առանվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված ոլորտներում աշխատելուց հետո։
Գործընթացը կարգավորվում է` համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման։ Ըստ այդմ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում վերոնշյալ ակադեմիական վարկանիշավորման Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու և ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում առնվազն երեք տարի աշխատելու համար: Նշված պահանջը կատարելու դեպքում քաղաքացին սահմանված կարգով կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անհրաժեշտ է ապրիլի 1-ից մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Որոշման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին կրթություն ստանալ աշխարհի առաջատար բուհերում և ստացած գիտելիքն ու մասնագիտական ներուժը կիրառել Հայաստանի Հանրապետության զարգացման և ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ ոլորտներում՝
- Հանրային կառավարման ոլորտ (աշխատանքը ՀՀ նախագահի աշխատակազմում, նախարարություններում, ինչպես նաև վարչապետի աշխատակազմում, կառավարության, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններում, Ազգային ժողովում, դատական իշխանության մարմիններում և ինքնավար պետական մարմիններում)
- Կրթության և գիտության ոլորտ (աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական կազմակերպություններում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրթական ուսումնական հաստատություններում)
- Ռազմարդյունաբերության ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2069- Ա հրամանով հաստատված կազմակերպություններում)
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2068- Ա հրամանով հաստատված կազմակերպություններում)
- Առողջապահության ոլորտ (աշխատանքը Առողջապահության նախարարի 2026 թվականի օգոստոսի 26-ի թիվ 4917-Ա հրամանով (փոփոխությունը` 2026 թվականի օգոստոսի 31-ի թիվ 4999-Ա հրաման) հաստատված կազմակերպություններում)
- Ֆինանսական ոլորտ (աշխատանքը Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1/358 Ա որոշումով հաստատված կազմակերպություններում)»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել