HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ տվյալներ էին ստացել, որ Կոտայքի մարզի  Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն իրականացնող ընկերությունը համակարգված ձևով թերհայտարարագրում է ընկերության իրացման շրջանառությունը՝ թաքցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։

«Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքնության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռքբերված տվյալների ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համադրման արդյունքում բացահայտվել է հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 2024-2026 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 359 միլիոն դրամի իրացման շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավել քան  100 միլիոն դրամի հարկային պարտավորություն։   

Արդյունքում, ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։

Ներկայում իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, ներգրաված անձանց շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պաճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ 

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական աշխատանքը հարկային պարտավորությունների թաքցման և հարկերից խուսափելու դեպքերի բացահայտման ու կանխման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter