HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գոհար Սարգսյանին նախագահականի դիմացից ուժով հեռացնելու գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. սեպտեմբերի 3-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: Արձանագրվել է Գոհար Սարգսյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտում՝ կապված 2015թ. նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողությունների հետ։ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Գ. Սարգսյանին վճարել 9000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում:

2015թ. փետրվարի 11-ին նախագահական նստավայրի գլխավոր մուտքի մոտ հավաքվել էին վեց ծնողներ, որոնց որդիները մահացել էին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում։ Նրանք պահանջում էին արդյունավետ քննություն իրենց որդիների մահվան դեպքերի վերաբերյալ և պատասխան՝ դեռևս 2014թ. նոյեմբերին նախագահի անունով ուղարկված նամակներին։

Ոստիկանները ցուցարարներից պահանջել են հեռանալ մուտքի մոտից և անցնել փողոցի մյուս կողմը՝ պատճառաբանելով, որ նրանք կարող են խոչընդոտել երթևեկությանը, հասարակական կարգին կամ նախագահի աշխատակազմի աշխատանքին։ Ցուցարարները հրաժարվել են տեղափոխվել։ Դրանից հետո ոստիկանները շրջափակել են նրանց և սկսել ուժով հեռացնել տարածքից։

Գոհար Սարգսյանը դիմադրել է, ասել՝ «Մի՛ հրեք, ես չեմ գնա», ճեղքել է ոստիկանների կազմած շղթան, դուրս եկել ճանապարհ և կրկին վերադարձել մայթ՝ փորձելով նստել գետնին։ Այդ ժամանակ երկու ոստիկան բռնել են նրա ձեռքերից ու ոտքերից, ուժով տեղափոխել փողոցի մյուս կողմը։ Դիմումատուն այդ ժամանակ ուշագնաց է եղել, ինչից հետո նրան բուժօգնություն է ցուցաբերվել։ Տեսագրությունից երևում է, որ ոստիկանների կողմից ցուցարարներին փողոցի մյուս կողմ տեղափոխելուց հետո բողոքի ակցիան ավարտվել է։

Ոստիկանության ծառայողական քննության արդյունքում երկու ոստիկանները նկատողություն են ստացել՝ ցուցարարների նկատմամբ ոչ էթիկական, անհարգալից և անհավասարակշիռ վարքագծի համար։ Սակայն քրեական գործ չի հարուցվել։ Քննիչը, ուսումնասիրելով տեսագրությունը և ներքին քննության արդյունքները, եզրակացրել է, որ ոստիկանների ուժի կիրառումն օրինական է եղել, քանի որ ցուցարարները չեն ենթարկվել օրինական պահանջին։ Այդ որոշումը հետագայում հաստատել է նաև դատախազը։

Նշենք, որ Գոհար Սարգսյանը խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրն է։

Գոհար Սարգսյանը դիմել է Վարչական դատարան՝ պնդելով, որ իրեն ուժով հեռացնելով նախագահական նստավայրի դիմացից, խախտվել է խաղաղ հավաք անցկացնելու իր իրավունքը։ Նա նշել է, որ նախկինում նույն վայրում կարողացել է բողոքի ակցիա անցկացնել առանց խոչընդոտների, իսկ իրենց խաղաղ ակցիան չէր կարող վտանգել նախագահի նստավայրի աշխատանքը։

2017թ. հունիսին Վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը մերժել է Գ. Սարգսյանի հայցը: Ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ վարչական դատարանը (նախագահող դատավոր՝ Կարինե Բաղդասարյան, դատավորներ՝ Կարեն Ավետիսյան, Կարեն Մաթևոսյան) 2018թ. ապրիլին բողոքը մերժել է: Հայաստանի դատարանները, ոստիկանների գործողությունները օրինական են համարել։ Գտել են, որ ցուցարարների ներկայությունը նախագահի նստավայրի մուտքի մոտ կարող էր խոչընդոտել մուտքն ու նստավայրի բնականոն աշխատանքը, ուստի նրանց փողոցի մյուս կողմ տեղափոխելու պահանջն ու ուժի կիրառումն արդարացված է եղել։

Եվրոպական դատարանը համաձայն չէ Հայաստանի դատարանների այդ գնահատականի հետ։ ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ գործի նյութերում որևէ ապացույց չկար այն մասին, որ վեց ցուցարարները բռնություն են գործադրել կամ դիտավորյալ խոչընդոտել են բնականոն կյանքն այնպիսի չափով, որը ոստիկանության միջամտությունը կդարձներ անհրաժեշտ։ Դատարանի համար հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ խոսքն ընդամենը վեց միջին տարիքի մարդկանց՝ զինծառայության ընթացքում զոհված իրենց որդիների ծնողների մասին է։

ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ ցուցարարների՝ հենց նախագահական նստավայրի մուտքի մոտ գտնվելը պատահական չէր։ Նրանք պահանջել են պետության ղեկավարից պատասխան իրենց նամակներին և իրենց որդիների մահվան դեպքերի արդյունավետ քննություն։ Նրանց փողոցի մյուս կողմ տեղափոխելը, որը նախագահական նստավայրից բաժանված է երթևեկության վեց գոտով, էապես նվազեցնում էր բողոքի ուղերձի տեսանելիությունը։

Այս հանգամանքների հիման վրա Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ ակցիան ուժով ցրելու և դիմումատուին փողոցի մյուս կողմ տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել, և այդպիսով խախտվել է նրա խաղաղ հավաքների ազատությունը (Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդված)։

Միաժամանակ ՄԻԵԴ-ը չի արձանագրել, որ ոստիկանների գործողություններն այնքան ծանր են եղել, որ հասնեին անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի մակարդակի։ Դատարանը հաշվի է առել, որ միջադեպը կարճ է տևել, ուժի կիրառումը սահմանափակվել է Գ. Սարգսյանի ձեռքերը բռնելով և նրան փողոցի մյուս կողմ տեղափոխելով, իսկ նրա առողջությանը պատճառված վնասի մասին տվյալներ չեն ներկայացվել։ Հետևաբար այս մասով նրա բողոքը մերժվել է։

Եվրոպական դատարանը նաև անդրադարձել է Հայաստանի ներպետական դատարաններում բողոքարկման ժամկետի խնդրին։ Վճռաբեկ դատարանը դիմումատուի բողոքը չի ընդունել՝ բողոք բերելու ժամկետն անցած լինելու հիմնավորմամբ։ Մինչդեռ Գոհար Սարգսյանը Վճռաբեկ դատարանին տեղեկացրել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ, և դա հիմնավորել է նաև փոստային ծրարի կնիքով: Սակայն Գ. Սարգսյանը ժամկետը վերականգնելու միջնորդություն չի ներկայացրել: 

ՄԻԵԴ-ը նշել է, որ ներկայացվածը փաստացի պետք է դիտարկվեր որպես ժամկետը վերականգնելու խնդրանք, և Վճռաբեկ դատարանի կողմից այդ հանգամանքը չքննարկելը չափազանց ձևական մոտեցում է եղել։

ՄԻԵԴ-ում Գոհար Սարգսյանի շահերը պաշտպանել են փաստաբաններ Արաքս Մելքոնյանն ու Հայկուհի Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter