HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

15 ամիս՝ երեխաների վերադարձի գործը քննելու համար․ ՄԻԵԴ-ը Հայաստանի դատարանների ձգձգումը խախտում է համարել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ «Սպիրիդոնիդիսն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում։ Դատարանը եզրակացրել է, որ երեխաներին Հունաստան վերադարձնելու վերաբերյալ դատական գործընթացը չափազանց երկար է տևել և չի համապատասխանել նման գործերի արագ քննության պահանջին, ինչն էլ հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտման։ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է դիմողին վճարել 4500 եվրո՝ ոչ նյութական վնասի հատուցում:

Երկու երեխաների հայրը՝ Հունաստանի քաղաքացի Ա. Սպիրիդոնիդիսը, և նրա նախկին կինը 2012թ. ամուսնացել են Ուկրաինայում։ Նրանց ավագ որդին ծնվել է Հունաստանում, իսկ կրտսերը՝ Ուկրաինայում։ Երկու երեխաներն էլ Հունաստանի քաղաքացիներ են։

2022թ.-ին, Ուկրաինայում պատերազմի պատճառով, ընտանիքը տեղափոխվել է Հունաստան։ Նույն տարվա հուլիսին ընտանիքը մեկնել է Հայաստան։ Հոր ներկայացմամբ՝ պայմանավորվածություն է եղել, որ նրանք կարճ ժամանակ անց վերադառնալու են Հունաստան, սակայն դեկտեմբերին երեխաների մայրը հրաժարվել է վերադառնալ։

2023թ. ապրիլին երեխաների հայրը դիմել էր դատարան՝ պահանջելով երեխաներին վերադարձնել Հունաստան։ Նա այդ պահանջը ներկայացրել է միջազգային կանոնների հիման վրա, որոնք նախատեսում են երեխաների վերադարձը նրանց մշտական բնակության երկիր, եթե նրանք այնտեղից ապօրինի տեղափոխվել կամ պահվել են այլ երկրում։

Հայաստանի դատարանները, սակայն, որոշել են երեխաներին Հունաստան չվերադարձնել։ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել, որ ավագ որդին չի ցանկանում վերադառնալ Հունաստան։ Դատարանում նա ասել է, որ հունարեն չի խոսում, Հունաստանում ընկերներ չունի, մինչդեռ Հայաստանում դպրոց է հաճախում և այստեղ ունի սոցիալական կապեր։

Դատարանը նաև հաշվի է առել հոգեբանական վիճակը։ Փորձագիտական եզրակացության համաձայն՝ երեխան իրեն ավելի ապահով և հարմարավետ է զգում Հայաստանում՝ մոր և եղբոր հետ։ Մեկ այլ հոգեբանական եզրակացությամբ նշվել է, որ երեխայի և մոր բաժանումը կարող է լուրջ հոգեբանական սթրես առաջացնել։

Դատարանը նաև հաշվի է առել, որ երեխաները Հունաստանում իրենց կյանքի համեմատաբար կարճ ժամանակն են անցկացրել, հունարեն չեն խոսում և ամբողջությամբ չեն ինտեգրվել այնտեղ, մինչդեռ ավագ երեխան Հայաստանում արդեն լիարժեք ինտեգրված է և հայերենին լավ է տիրապետում։ 

Կրտսեր երեխայի դեպքում դատարանը կարևորել է նրա տարիքը, մոր և եղբոր հետ մշտական կապը և նրանց չբաժանելու անհրաժեշտությունը։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024թ. փետրվարին, իսկ Վճռաբեկ դատարանը նույն տարվա հուլիսին նույնն են թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը։

ՄԻԵԴ-ը չի համարել, որ Հայաստանի դատարանների որոշումը երեխաներին Հունաստան չվերադարձնելու վերաբերյալ ինքնին խախտել է հոր ընտանեկան կյանքի իրավունքը։ Եվրոպական դատարանը նշել է, որ Հայաստանի դատարանները բավական մանրամասն ուսումնասիրել են երեխաների հնարավոր վերադարձի հետևանքները, նրանց շահերը, ավագ երեխայի դիրքորոշումը և ընտանիքի ընդհանուր իրավիճակը։

ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ այն հանգամանքը, որ հոգեբանական եզրակացություններից մեկը ներկայացվել է երեխաների մոր կողմից և կազմվել է առանց հոր մասնակցության, ինքնին բավարար չէ Հայաստանի դատարանների որոշումը սխալ համարելու համար։ Այդ եզրակացությունը միակ ապացույցը չի եղել, որի վրա հիմնվել են դատարանները։

Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը խախտում է արձանագրել դատական գործընթացի տևողության մասով։

Երեխաներին Հունաստան վերադարձնելու պահանջով դատական գործընթացը սկսվել է 2023թ. ապրիլի 26-ին և ավարտվել 2024թ. հուլիսի 17-ին՝ մոտ 15 ամիս անց։

ՄԻԵԴ-ը հատկապես խնդրահարույց է համարել գործի քննության ձգձգումը վերաքննիչ և վճռաբեկ փուլերում։ Վերաքննիչ դատարանում գործը մոտ յոթ ամիս է քննվել, իսկ Վճռաբեկ դատարանում՝ ևս երկու ամիս։ Ընդ որում, վերաքննիչ փուլում նոր ապացույցներ չեն ուսումնասիրվել, վկաներ չեն հարցաքննվել, նոր փորձաքննություն չի իրականացվել, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդհանրապես անընդունելի է համարել։

Եվրոպական դատարանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ներկայացրել համոզիչ պատճառներ, թե ինչու են այդ փուլերում գործի քննությունն այդքան ձգձգվել։

ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ երեխաների վերադարձի վերաբերյալ գործերը պետք է հնարավորինս արագ քննվեն, քանի որ նման գործերում ժամանակի ձգձգումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ընտանիքի անդամների հարաբերությունների և երեխաների վիճակի վրա։

Այս հիմքով ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է, որ Հայաստանի կողմից խախտվել է հոր ընտանեկան կյանքի իրավունքը՝ հենց դատական գործընթացի չափազանց երկար տևելու պատճառով։

Նշենք, որ գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նոնա Գալստյանի նախագահությամբ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորները եղել են Մարգարիտա Հարթենյանը (նախագահող), Լևոն Գրիգորյանը և Սերգեյ Սահակյանը: Իսկ Վճռաբեկ դատարանում զեկուցող դատավորը եղել է Գոռ Հակոբյանը: Իսկ դատավոր Էդգար Սեդրակյանը հատուկ կարծիք է հայտնել՝ նշելով, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները բավարար են։

ՄԻԵԴ-ում Սպիրիդոնիդիսի շահերը ներկայացրել են փաստաբաններ Արա Ղազարյանն ու Աշխեն Դաշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter