Երրորդ դատավորն էլ չքննեց Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործը․ այն փոխանցվել է Վճռաբեկ դատարան
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը փոխանցել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը որոշելու նպատակով: Այս մասին «Հետքին» հայտնեցին Դատական դեպարտամենտից: Վ. Մելիքյանը երրորդ դատավորն է, որ չի իրականացնում գործի քննությունը:
Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2026թ. հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին: Նա 2026թ. օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամների վերաբերյալ քրեական գործն ունի հանրային մեծ հետաքրքրություն, հետևաբար նման պայմաններում հատկապես կարևոր է, որ դատավորի անաչառության վերաբերյալ որևէ հիմնավոր կասկած չլինի։
Դատավորն ինքնաբացարկի պատճառ էր նշել իր և գործով պաշտպան Արա Զոհրաբյանի նախկին մասնագիտական կապը։ Դատավորը նշել էր, որ 2021թ. սովորել է Փաստաբանական ակադեմիայում և նույն ժամանակահատվածում փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու որակավորման քննություն է հանձնել։ Այդ ժամանակ Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահն ու որակավորման հանձնաժողովի նախագահը և անձամբ մասնակցել է դատավորի բանավոր քննությանը։
Դատավորը նշել էր, որ այդ հանգամանքները կարող են անկողմնակալ դիտորդի մոտ կասկած առաջացնել իր անաչառության վերաբերյալ։ Այդ պատճառով, որպեսզի կասկածի տակ չդրվեն գործի քննության օբյեկտիվությունն ու դատարանի հետագա որոշումների արդարացիությունը, դատավորը որոշել է ինքնաբացարկ հայտնել։
Դրանից հետո գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին: Սակայն նա էլ գործի նախնական դատալսումներ նշանակելու առաջին օրը՝ օգոստոսի 28-ին, փաստացի հրաժարվեց քննություն իրականացնելուց:
Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց Կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների դեմ հարուցված քրեական գործը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Պատճառը մեղադրանքում ենթադրյալ արարքի կատարման վայրի մասին տվյալների բացակայությունն էր։
Դատարանը նշել է, որ Գարեգին Բ-ին վերագրվող արարքի նկարագրության մեջ չի նշվում, թե այն որտեղ է կատարվել։ Ըստ դատարանի՝ եթե նախաքննության ընթացքում հանցանքի կատարման վայրը չի պարզվել, գործը պետք է քննի այն դատարանը, որի տարածքում գտնվում է նախաքննությունն իրականացրած մարմինը։
Այս դեպքում նախաքննությունն իրականացրել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունը, որը գտնվում է Երևանում։ Հետևաբար դատարանը եզրակացրել է, որ գործը պետք է քննվի Երևանի դատարանում։
Դատարանը չի ընդունել մեղադրողի այն պնդումը, թե Գարեգին Բ-ի մեղադրանքում արարքի կատարման վայրը պարզապես տեխնիկական վրիպման պատճառով չի նշվել։ Դատարանը նաև չի համարել բավարար պաշտպանական կողմի հայտարարությունը, որ Գարեգին Բ-ն Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու որոշումն արձակել է Վաղարշապատում։
Դատարանը նշել է, որ միայն բանավոր հայտարարությունը բավարար չէ գործի քննության վայրը որոշելու համար։ Նույնիսկ եթե ընդունվի, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը Վաղարշապատում է, դրանից չի հետևում, որ նրա բոլոր որոշումները հենց այնտեղ են ընդունվում։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, 2026թ. հունվարի 15-ին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Հաջորդ օրը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել հայցը և բավարարել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատարանը պարտավորեցրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը չխոչընդոտել Արման Սարոյանի պաշտոնավարումը՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Արգելվել է նաև կատարել ցանկացած գործողություն, որը կարող էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանն ու ֆինանսական գործարքների կատարմանը։
Մեղադրանքի համաձայն՝ դատարանի որոշման հիման վրա նույն օրը հարուցվել է կատարողական վարույթ, իսկ հունվարի 19-ին դատարանի որոշումն ու կատարողական թերթը պաշտոնապես հանձնվել են Մայր Աթոռին՝ ի դեմս արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի։
Չնայած դրան՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, որի նախագահը Գարեգին Բ-ն է, քննարկել է Արման Սարոյանի հրապարակային հայտարարությունները, դրանք գնահատել որպես Մայր Աթոռի հետ կապի խզում և հնազանդության ուխտի խախտում և միաձայն առաջարկել կաթողիկոսին կարգալույծ հայտարարել նրան։ Գարեգին Բ-ն ընդունել է առաջարկը և կարգալույծ հռչակել Սարոյանին՝ զրկելով նրան հոգևոր աստիճանից և, հետևաբար, թեմի առաջնորդի լիազորություններից։
Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողությունները գիտակցված խոչընդոտել են դատարանի որոշման կատարմանը, քանի որ դատարանն արդեն արգելել էր Սարոյանի պաշտոնավարումը խոչընդոտող ցանկացած գործողություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել