HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երևանում չշահագործվող «Higer» մակնիշի չինական 2 ավտոբուս է նվիրաբերվել Անի խոշորացված համայնքին 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից չշահագործվող «Higer» մակնիշի չինական 2 ավտոբուս օգոստոսի 6-ին կնքված նվիրատվության պայմանագրով հանձնվել է Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքին:

Դեռևս հունիս ամսին համացանցում քննարկումներ էին սկսվել Երևանում չօգտագործվող տրանսպորտային միջոցները մարզերի համայնքներին փոխանցելու և դրանց ևս մեկ հնարավորություն տալու շուրջ։

Հունիսի 27-ին ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Կիրակոսյանն իր անձնական էջում տեղադրել էր Երևանի երթուղիները սպասարկած տրանսպորտային միջոցների լուսանկարները՝ նշելով, որ չի կարելի պետական գույքը պարզապես դեն նետել և պետք է տարբերակներ գտնել դրանք կրկին վերագործարկելու:

«Հարյուրավոր միլիոնների արժողության ավտոբուսներն այսօր պարզապես կանգնած են մի տարածքում՝ անձրևի, արևի ու ժամանակի ողորմածությանը թողնված: Ամիս առ ամիս դրանք ժանգոտվում են, քայքայվում, թալանվում և աստիճանաբար վերածվում մետաղի ջարդոնի: Եթե դրանք այլևս պետք չեն Երևանին, ինչո՞ւ չեն փոխանցվում Հայաստանի այն համայնքներին, որոնք դեռևս տարիների հին, մաշված տրանսպորտով են կամ ընդհանրապես հասարակական տրանսպորտ չունեն: Այդ ավտոբուսները կարող են դեռ երկար ծառայել մարդկանց մարզերում, փոքր քաղաքներում և գյուղական համայնքներում»։

Տարբեր օգտատերերը կարծիք էին հայտնել, թե արդյոք ճի՞շտ է «դարն ապրած», տեխնիկապես մաշված, էկոլոգիապես վնասակար ավտոբուսները նվիրաբերել Հայաստանի պակաս ունևոր համայնքներին: Արդարության համար հիշել էին, որ հեռավոր գյուղերում դեռևս գործածության մեջ գտնվող «պազիկներն» անհամեմատ ավելի վտանգավոր են, քան չինական, «դուրս գրված» տեխնիկան: Նաև հորդոր էր հնչել մարզերի բնակիչներին չդիտարկել, որպես աղքատ բարեկամ, ում պետք է ուղարկել մաշված, չօգտագործվող իրեր, այլ գտնվել ավելի առատաձեռն ու նորը նվիրել:

Որևէ ազդեցություն ունեցե՞լ էր համացանցային քննարկումը մայրաքաղաքից Մարալիկ հասած մանուշակագույն ավտոբուսների փրկության հարցում, դժվար է ասել: Փաստն այն է, որ օգոստոսի 7-ին Անի խոշորացված համայնքի ավագանին արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգում ունենալով ընդամենը մեկ` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ կողմից Անի համայնքին նվիրաբերվող ավտոբուսների նվիրատվությունն ընդունելու մասին հարցը: Պայմանագիրը կողմերի միջև կնքվել էր օգոստոսի 6-ին:

Նիստին ավագանու 21 անդամից մասնակցել էր 12-ը: Անհարգելի բացակայողների մեջ գերակշռել են «Ազգ-Համայնք» կուսակցությունների դաշինքի անդամները՝ 6 հոգանոց խմբակցությունից նիստին մասնակցել է միայն մեկը՝ Գագիկ Պողոսյանը: Չնայած բացակայության մեծ թվին՝ (9 ավագանի) քվորում ապահովվել էր: Նիստը վարել էր համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը: Նախագիծն ընդունվել էր 12 կողմ ձայնով: Այս նախագծով Անի համայնքն իր համաձայնությունն էր տալիս Երևանի ավտոբուս փակ բաժնետիրական ընկերության կողմից Շիրակի մարզի Անի համայնքին նվիրաբերվող 2011թ-ի արտադրության «Higer KLQ6770 մակնիշի VIN LKLR1GS76BC574724» և «Higer KLQ6770 մակնիշի VIN LKLR1GS72BC574736» ավտոբուսների նվիրատվությունն ընդունելու և այն Անի համայնքի սեփականության գույքի ցանկում ընդգրկելու վերաբերյալ: 

Մարզերում միջհամայնքային տրանսպորտային երթուղիները սպասարկելու համար մի քանի տարին մեկ կազմակերպվում են մրցույթներ, որոնց սովորաբար մասնակցում են տրանսպորտային շարժակազմ ունեցող մասնավոր կազմակերպություններ: Խոշորացված համայնքները չունեն հնարավորություն իրենց միջոցներով ապահովելու կապը կենտրոնական բնակավայրի (նախկին շրջկենտրոնի) և արբանյակ բնակավայրերի միջև, այն իրականացնում է մրցույթը շահած կազմակերպությունը: Ուրեմն ի՞նչ նպատակով կամ ի՞նչ ուղղություններով են չինական ավտոբուսներն օգտագործվելու Մարալիկում, և արդյոք չունե՞ն տեխնիկական խնդիրներ:

Համայնքապետարանի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լուսինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ դեռ հստակության չկա նպատակային օգտագործման հարցում, քննարկումների փուլում են: «Ավտոբուսների համար մենք հուլիսի 29-ին գրավոր դիմել էինք պարոն Տիգրան Ավինյանին: Ճիշտն ասած, համայնքը կարիք ուներ տրանսպորտային միջոցների, թեկուզ ՀՈԱԿ-ների երեխաներին տեղափոխելու, ասենք սպորտով զբաղվողներին մրցաշարերի տանելու նպատակով արժեր, որ սեփական ավտոբուս ունենայինք, ոչ թե վարձակալեինք,- ասում է Լուսինե Գրիգորյանը,- նաև մտածում ենք Մարալիկի ու համայնքի կազմում գտնվող 16 բնակավայրերի միջև հաղորդակցությունն ապահովել, չնայած դեռ վստահ չենք կարող ասել, թե չինական այս ավտոբուսներն արդյոք հարմար կլինեն միջհամայնքային ճանապարհներին»:

Տեխնիկական հարցերի հետ կապված տիկին Գրիգորյանն ասաց, որ չնայած ավտոբուսները Երևանից Մարալիկ են հասել քշելու միջոցով, սակայն իրենք պետք է նոր անվադողեր գնեն: Նաև հույս ունեն, որ մայրաքաղաքից կստանան ավտոբուսներին անհրաժեշտ պահեստամասեր: «Գիտենք, որ Երևանի քաղաքապետարանն էս մակնիշի ահագին դուրս գրած մեքենաներ ունի, որոնք ուտիլացվելու են հավանաբար, սակայն հնարավոր է նրանց առողջ դետալներն օգտագործել: Եվ, եթե ավտոբուսները հասել են մեզ, վստահ ենք, որ պահեստամասերի առումով էլ կաջակցեն»,- նկատեց Լ. Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter