HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու եւ մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը

Գրեգորի Մալյուկովը, Նիկոլա Ելինեկն ու Մարսելա Չերնոխովան Չեխիայից Կապան էին հասել՝ ներկայացնելու իրենց կազմակերպության՝ «Առնիկայի» գիտական հետազոտության արդյունքները: Մեր զրույցի հաջորդ օրը նրանք պատրաստվում էին Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրայնորեն ներկայացնել հետազոտության արդյունքները:

Նախորդ տարի չեխ մասնագետները Սյունիք ու Լոռի էին եկել՝ հետազոտություն իրականացնելու: Ուսումնասիրել են շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու ծանր մետաղների ազդեցությունը մարդկանց վրա: Արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն:

«Պոչամբարներից այն կողմ. շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու մարդու վրա ազդեցությունը Հայաստանում». այսպիսի վերնագիր ունի նոր զեկույցը, որը հիմնված է Սյունիքում իրականացված հետազոտության վրա: Այն հրապարակվել է թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային տարբերակով:

Որպես նախապատմություն նշվում է, որ պղնձի եւ մոլիբդենի հանքարդյունաբերությունը Սյունիքում գործում է 1950-ական թվականներից՝ առաջացնելով թափոնների զգալի քանակ, որոնք պահվում են պոչամբարներում:

Ըստ զեկույցի՝ նախկինում կատարված հետազոտությունները փաստագրել են ծանր մետաղներով աղտոտվածություն հողում, ջրում եւ նստվածքներում: Մինչդեռ փոշու աղտոտվածության համակարգված գնահատում չի կատարվել: Հենց սրանով է առանձնանում չեխ մասնագետների ուսումնասիրությունը Սյունիքում:

«Հետքի» զրուցակիցները նկատում են, որ իրենց կազմակերպությունն առաջին անգամ է հետազոտություն կատարում Սյունիքում (իսկ ընդհանրապես, «Առնիկան» Հայաստանում աշխատում է 2009-ից՝ համագործակցելով տեղական ՀԿ-ների հետ): Բացի այս մարզից՝ արտասահմանցի փորձագետներն այս անգամ աշխատել են նաեւ Լոռու մարզի Արջուտ գյուղում:

2025-ին չեխական թիմը Սյունիքում եւ Լոռիում հետազոտություն է իրականացրել «Հայաստանի հանքարդյունաբերական շրջանների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներգրավված են նաեւ հայաստանյան ՀԿ-ներ՝ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնը» եւ «Էկոլուրը»: Ծրագիրն իրականացվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Նիկոլա Ելինեկը (Nikola Jelínek) «Առնիկայի» փորձագետներից է: Ասում է, որ նախկինում Սյունիքում հետազոտություններ կատարվել են, սակայն իրենք որոշել են կենտրոնանալ փոշու վրա, քանի որ այն նախկինում չէր ուսումնասիրվել: Ըստ Նիկոլայի՝ իրենք պարզել են, որ փոշին կարող է լինել հանքարդյունաբերության ամենակարեւոր թափոններից մեկը, որն աղտոտում է շրջակա միջավայրը:

Փորձագետը մանրամասնում է, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը հետազոտելու համար փոշու 15 նմուշ են վերցրել: Այն եղել է ոչ թե օդից, այլ նստվածքներից վերցված փոշի, փորձագետները վերցրել են նաեւ հողի 1 եւ նստվածքի 4 նմուշ: Նմուշառումներն արվել են 2025-ի սեպտեմբերին հանրային վայրերում եւ մասնավոր հողամասերում:

Նմուշառման կետերը. մոխրագույն՝ փոշի, շագանակագույն՝ նստվածք, բաց դարչնագույն՝ հող 

Սյունիքում չեխ փորձագետները ընտրել են 7 բնակավայր, որոնք գտնվում են հանքարդյունաբերական երկու խոշոր ձեռնարկությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) ու դրանց կողմից շահագործվող պոչամբարների ազդեցության գոտում: Դրանք են Կապան ու Քաջարան քաղաքները, ինչպես նաեւ Կապան խոշորացված համայնքի մաս կազմող Աճանան, Գեղանուշ, Գոմարան, Արծվանիկ եւ Սյունիք գյուղերը:

Քաջարանի հանքն ու Քաջարան քաղաքը, հեռվում՝ ԶՊՄԿ-ն (արխիվ), հեղ.՝ Սարո Բաղդասարյան

Քաջարանում գործող ԶՊՄԿ-ն իր հանքարդյունաբերական թափոնները տեղավորում է Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարում, որի հարեւանությամբ են գտնվում, մասնավորապես, Արծվանիկ, Աճանան ու Սյունիք գյուղերը:

Իսկ Կապանի ԼՀԿ-ն շահագործում է Գեղանուշի պոչամբարը, որի հարեւանությամբ են Կապան քաղաքը, Գեղանուշ եւ Գոմարան գյուղերը:

Նմուշներում չեխ փորձագետները ուսումնասիրել եւ վերլուծել են սնդիկի (Hg), նիկելի (Ni), կապարի (Pb), կադմիումի (Cd), պղնձի (Cu) ու մկնդեղի (As) առկայությունն ու խտությունը:

Գրեգորի Մալյուկովը (Gregory Maliukov) «Առնիկայի» ծրագրերի հայաստանյան համակարգողն է: Ասում է, որ Սյունիքում իրենց կատարած հետազոտությունը համակարգված է ու եզակի. այն բացառապես գիտական հետազոտություն է:

Փոշու նմուշներում ամենաշատ սնդիկը, մկնդեղն ու կապարը եղել է Կապանում, պղինձը՝ Քաջարանում

Փոշու նմուշները վերցվել են բոլոր 7 բնակավայրերից. արդյունքներն ի հայտ են բերել ծանր մետաղների խտությունների զգալի տատանումներ տարբեր վայրերում։ «Առնիկայի» զեկույցում նշվում է, որ Քաջարանից վերցված փոշու նմուշները ցույց են տվել նկատելի տարածական փոփոխականություն, այսինքն՝ ծանր մետաղներով աղտոտվելու վրա ազդում են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի մոտիկությունը եւ որոշ դեպքերում՝ տրանսպորտի երթեւեկությունը:

Փոշու նմուշառում Քաջարանում, 2025 թ. սեպտեմբեր, հեղ.՝ Յինդրժիխ Պետրլիկ

Այս առումով, թերեւս, տրամաբանական է, որ փոշու մեջ պղնձի առկայությունը հատկապես զգալի է եղել Քաջարանից վերցված նմուշներում: Նմուշներից մեկում արձանագրվել է 998 մգ պղինձ 1 կգ փոշու մեջ, իսկ փոշու 15 նմուշների մեջ պղնձի միջին ցուցանիշը 304 մգ/կգ է:

Սնդիկի մակարդակը համեմատաբար ցածր է եղել բոլոր վայրերում՝ տատանվելով 0.004-0.037 մգ/կգ, իսկ ամենաբարձր խտությունը (0.037 մգ/կգ) հայտնաբերվել է Կապան քաղաքում:

Կադմիումի խտությունը փոշու մեջ եւս փոփոխական է եղել՝ տատանվելով 0.088-3.323 մգ/կգ միջակայքում, ամենաբարձր խտությունը (3.323 մգ/կգ) հայտնաբերվել է Գեղանուշ գյուղում:

Մկնդեղի ցուցանիշները եղել են 2.07-25.4 մգ/կգ: Փոշու մեջ առավելագույն չափով (25.4 մգ/կգ) մկնդեղ հայտնաբերվել է Կապան քաղաքում:

Նիկելի մակարդակն էլ տատանվել է 11.5-59 մգ/կգ, ամենաբարձր տվյալներն արձանագրվել են Աճանան գյուղի նմուշներում:

Կապարի խտությունը փոշու նմուշներում եղել է 3.06-42.8 մգ/կգ: Ամենաբարձրը եղել է Կապանում:

Հետաքրքիր է, որ չնայած Աճանան, Արծվանիկ եւ Սյունիք գյուղերը գտնվում են պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումից առաջացած թափոններ կուտակող Արծվանիկի պոչամբարի անմիջական հարեւանությամբ, այս բնակավայրերից եւ Կապան քաղաքից վերցված փոշու նմուշներում, մյուս բնակավայրերի նմուշների համեմատ, բարձր են եղել նիկելի ցուցանիշները:

Արծվանիկի պոչամբարը՝ հյուսիս-արեւելքից, հեռվում՝ Աճանան գյուղը (արխիվ), հեղ.՝ Սարո Բաղդասարյան

Այս առումով «Առնիկայի» զեկույցում նշվում է, որ նիկելի բարձր մակարդակ է արձանագրվել նաեւ նախկինում, երբ հողի ուսումնասիրություն է արվել պոչամբարի հարեւանությամբ: Ըստ չեխ մասնագետների՝ Արծվանիկի պոչամբարը պարունակում է տարբեր հանքաբանական կազմ ունեցող պոչանքներ, եւ հնարավոր է, որ նախկինում ԶՊՄԿ-ն մշակել/կորզել է նիկելով հարուստ հանքաքար, որի թափոնները հայտնվել են պոչամբարում: Երկրորդ տարբերակն այն է, որ պոչամբարից ընտրողաբար նիկել պարունակող միներալներ են արտանետվում: 

Քաջարանի նստվածքային նմուշներում չափազանց շատ պղինձ է եղել

Նստվածքային 5 նմուշները վերցվել են Քաջարան քաղաքից եւ Աճանան գյուղից, ավելի կոնկրետ՝ Ողջի եւ դրա վտակ Աճանան (հայտնի է նաեւ Նորաշենիկ, Օխտար անուններով) գետերի հուներից: Սրանցում ծանր մետաղների խտություններն ավելի բարձր են եղել, քան փոշու նմուշներում:

Նստվածքի նմուշառում, 2025 թ. սեպտեմբեր, հեղ.՝ Նիկոլա Ելինեկ

Մասնավորապես՝ Քաջարանի նմուշներից մեկում պղնձի խտությունը հասել է 2314 մգ/կգ-ի, ինչը, ըստ չեխ մասնագետների, չափազանց մեծ թիվ է: Այսինքն՝ 1 կգ նստվածքում եղել է 2.3 գ պղինձ, իսկ բոլոր 5 նմուշներում պղնձի միջին ցուցանիշը եղել է 1140 մգ/կգ կամ 1.1 գ/կգ:

Հետաքրքիր է, որ պղնձով ամենաշատն աղտոտված նմուշը մասնագետները վերցրել են, իրենց ներկայացմամբ, չգործող/ռեկուլտիվացված պոչամբարից ցածր գտնվող տեղանքից: Չնայած նրանք անուն չեն նշում, դատելով նմուշառման քարտեզից՝ խոսքը նախկինում ԶՊՄԿ-ի կողմից շահագործված, ապա 1961-ին փակված Դարազամիի (Դարաձորի) պոչամբարի մասին է, որը գտնվում է Քաջարան քաղաքի հարեւանությամբ: Ընդ որում՝ Արծվանիկի գործող պոչամբարից ներքեւ ընկած տարածքում՝ Աճանան գետի հունում, արձանագրվել է պղնձի ավելի ցածր մակարդակ:

«Սա ենթադրում է, որ չգործող/ռեկուլտիվացված պոչամբարները կարող են շարունակել արտանետել աղտոտիչներ ներծծման եւ էրոզիայի միջոցով, ակտիվ կառույցների հետ համեմատելի կամ գերազանցող արագությամբ»,- ասվում է «Առնիկայի» զեկույցում:   

Կադմիումի ամենաբարձր խտությունը եղել է Աճանանից վերցված նստվածքում (3.7 մգ/կգ):

Մկնդեղի ցուցանիշները տատանվել են 8.67-43.7 մգ/կգ տիրույթում: Ամենաշատ մկնդեղը եղել է Քաջարանի նստվածքային նմուշներում:

Կապարը նստվածքներում եղել է 9.9-54.4 մգ/կգ, նիկելը՝ 8.72-58.1 մգ/կգ, իսկ սնդիկը՝ 0.003-0.029 մգ/կգ: Երեք մետաղներն էլ ամենամեծ խտություններով հայտնաբերվել են Քաջարանի նմուշներում:

Հողի նմուշում ամենաշատը եղել է պղինձը

Հողի միակ նմուշը վերցվել է Քաջարան համայնքի տարածքից, ինչպես կարելի է տեսնել նմուշառման քարտեզում՝ Քաջարան-Կապան քաղաքների միջակայքից:

Դրա մեջ պղինձը եղել է 539 մգ/կգ, մկնդեղը՝ 23.1 մգ/կգ, իսկ կապարը՝ 19 մգ/կգ: Մյուս ծանր մետաղների խտությունները համեմատաբար ավելի ցածր են եղել:

Ի՞նչ է ցույց տալիս Քաջարանի հողի համեմատությունը չեխական ստանդարտների հետ

Քաջարանի հողի նմուշում արձանագրված պղնձի խտությունը (539 մգ/կգ), ըստ «Առնիկայի» փորձագետների, վկայում է այս վայրի՝ պղնձով զգալիորեն աղտոտված լինելու մասին՝ համեմատած ՀՀ այլ վայրերի հետ (Արարատ եւ Սուրենավան, Քարաբերդ, Մեղրաձոր, Մելիքգյուղ), որոնք նախկինում ուսումնասիրվել են մասնագետների կողմից: Այդուհանդերձ, Քաջարանի այս ցուցանիշը զգալիորեն զիջում է Լոռու մարզում նախկինում ի հայտ եկած տվյալներին: Մասնավորապես՝ 2019-ին Ալավերդի եւ Ախթալա, իսկ 2021-ին Թումանյան եւ Ստեփանավան բնակավայրերում հողի նմուշի մեջ պղնձի խտությունը կազմել է 7737 մգ/կգ, այսինքն՝ 1 կգ հողի նմուշում եղել է ավելի քան 7.7 գ պղինձ: 

Ըստ «Առնիկայի» զեկույցի՝ Քաջարանի հողի նմուշի եւ Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության սահմանած մակարդակների/շեմերի համեմատությունը ցույց է տալիս, որ մկնդեղը միակ մետաղն է (Քաջարանի նմուշում սրա մակարդակը եղել է 23.1 մգ/կգ), որը գերազանցում է արդյունաբերական հողերի համար սահմանված չեխական շեմը (2.4 մգ/կգ) մոտ 10 անգամ, իսկ այլ հողերի համար սահմանված շեմը (0.61 մգ/կգ)՝ 38 անգամ: Մնացած 5 մետաղների մակարդակները Քաջարանի հողի նմուշում եղել են չեխական սահմանային շեմերից զգալիորեն ցածր:

«Սա ցույց է տալիս, որ մկնդեղով աղտոտվածությունն այս տեղանքի (Քաջարան) հիմնական բնապահպանական մտահոգությունն է, մինչդեռ մյուս ծանր մետաղները չեն գերազանցում չեխական ստանդարտները, չնայած որ պղնձի մակարդակը տարածաշրջանային տվյալների համեմատ բարձր է»,- ասվում է զեկույցում ու պարզաբանվում, որ եթե Քաջարանի հողի նմուշի մեջ պղնձի խտությունը եղել է 539 մգ/կգ, ապա 2017-ին Կապանում եւ Գեղանուշում հողի մեջ պղինձը կազմել է 8.97 մգ/կգ՝ 60 անգամ ավելի քիչ, քան Քաջարանի նմուշում:

Ի՞նչ են առաջարկում ՀՀ կառավարությանը

«Առնիկայի» կազմած զեկույցում ներկայացվում են ՀՀ կառավարությանն ուղղված առաջնահերթ առաջարկություններ: Փորձագետներն առաջարկում են իրականացնել հետեւյալ քայլերը.

  • Մշակել շրջակա միջավայրի որակի ՀՀ ստանդարտներ, որոնք կվերաբերեն հանքարդյունաբերության առաջացրած փոշուն եւ նստվածքների աղտոտմանը (ներկայում կիրառվում են արտասահմանյան ստանդարտներ):
  • Ստեղծել օդի որակի մոնիթորինգի անկախ ցանց հանքարդյունաբերական օբյեկտներին մոտ գտնվող բնակելի տարածքներում՝ ստուգելու համար հանքարդյունաբերական ընկերությունների տվյալները:
  • Պարտադիր դարձնել պոչամբարներից 2 կմ հեռավորության վրա ապրող բնակչության առողջության բիոմոնիթորինգի ծրագիրը (հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ֆինանսավորվող)՝ առաջնահերթություն տալով ծանր մետաղների (մկնդեղ, կադմիում, պղինձ, կապար, նիկել) վերաբերյալ երեխաների ամենամյա սքրինինգին:
  • Պահանջել շրջակա միջավայրի մոնիթորինգի բոլոր տվյալների հանրայնացում իրական ժամանակում, մատչելի առցանց ձեւաչափով:

Առաջարկներ ունեն նաեւ հանքարդյունաբերական ընկերություններին

Զեկույցի հեղինակները չեն մոռացել նաեւ առաջարկություններ անել հանքարդյունաբերող ընկերություններին:

Այսպիսին են այդ առաջարկները.

  • Տեղադրել իրական ժամանակում հանրությանը հասանելի օդի որակի մոնիտորներ օբյեկտների եւ ազդակիր համայնքների սահմաններին (ներկայում մոնիթորինգը կենտրոնանում է ներքին տարածքի վրա՝ հանրության առաջ հաշվետու չլինելով):
  • Իրականացնել փոշու համապարփակ ճնշում, խթանել բուսականության աճը պոչամբարների լերկ մակերեսներին (մասնավորապես՝ Գեղանուշում), ջրային օբյեկտներին հարող ճանապարհներին եւ իրականացնել աստիճանական վերականգնում հանքարդյունաբերական գործունեության ընթացքում։
  • Հասանելի լավագույն փորձի միջոցով վերագնահատել Արծվանիկի պոչամբարի մակերեսի ծածկման համապատասխանությունը։ Դիտարկել բազմաշերտ ծածկույթի տեխնոլոգիան (ավելի հաստ հողային շերտ, էրոզիայի վերահսկում)՝ արագ աճող բուսականության կիրառմամբ, որը նախատեսված է վատագույն կլիմայական սցենարների համար։

Արծվանիկի պոչամբարը՝ հարավ-արեւելքից (արխիվ), հեղ.՝ Սարո Բաղդասարյան

Չեն մոռացել համայնքների մասին

Համայնքներին «Առնիկայի» փորձագետներն առաջարկում են խուսափել սպառել այն  բանջարեղենը, որն աճեցվել է այնպիսի տարածքներում, որոնց աղոտվածությունը փաստագրված է (Քաջարանի այգիներ, Արծվանիկի պոչամբարից մինչեւ 500 մ հեռավորության վրա գտնվող հողամասեր): Համայնքներին առաջարկվում է նաեւ պահանջել իրենց բովանդակալից մասնակցության ապահովումը շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացման գործընթացում եւ հասանելիություն ստանալ մոնիթորինգային տվյալներին:

Ծանր մետաղներ՝ նաեւ մեզի նմուշներում

Ինչպես նշվում է զեկույցում, կատարված ուսումնասիրությունը բնութագրում է շրջակա միջավայրի աղտոտվածությունը, բայց ուղղակիորեն չի գնահատում ռիսկերը մարդու առողջության վրա: Զեկույցի երկրորդ մասը վերաբերում է հենց այս թեմային:

Այսպիսով՝ «Առնիկայի» մասնագետները Քաջարանի ու Կապանի տարածաշրջաններում փոշու, գետային նստվածքի ու հողի մեջ ծանր մետաղների խտությունն ուսումնասիրելուց բացի՝ հետազոտել են նաեւ ծանր մետաղների ազդեցությունը մարդու առողջության վրա: Կապան ու Քաջարան քաղաքներից, ինչպես նաեւ Կապան համայնքի Գեղանուշ, Գոմարան, Աճանան ու Սյունիք գյուղերից նրանք հավաքել են 62 հոգու մեզի նմուշ (42 կին, 20 տղամարդ):

«Հետքի» զրուցակիցները նշում են, որ այս մարդիկ կամավոր են մասնակցել հետազոտությանը, ինչի համար շնորհակալ են նրանց: Մասնակիցների թվում եղել են նաեւ երեխաներ:

Մեզի նմուշներում վերլուծվել են մկնդեղի (As), կադմիումի (Cd), կոբալտի (Co), սնդիկի (Hg), մոլիբդենի (Mo), նիկելի (Ni) եւ կապարի (Pb) խտությունները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված 6 բնակավայրերում ապրող մարդիկ պարբերաբար ենթարկվում են մի քանի ծանր մետաղների ազդեցության: Մեզի բոլոր նմուշներում, այդ թվում՝ երեխաների մոտ, հայտնաբերվել են մկնդեղ, մոլիբդեն եւ նիկել: Ըստ զեկույցի՝ սա նշանակում է, որ այս ծանր մետաղների ազդեցությունը լայնածավալ է ու համակարգային:

Ուսումնասիրված մետաղներից մոլիբդենի մակարդակը զգալիորեն բարձր է եղել Քաջարանի, Գոմարանի, Աճանանի ու Սյունիքի բնակիչներից վերցված նմուշներում՝ հաճախ գերազանցելով այն առավելագույն մակարդակները, որոնք սահմանված են ընդհանուր բնակչության համար, իսկ որոշ դեպքերում՝ մոտենալով կամ նույնիսկ գերազանցելով այն մակարդակները, որոնք դիտարկվել են մասնագիտական ազդեցության ենթարկված խմբերում (խոսքը, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների մասին է):

Մկնդեղի ազդեցությունը մի քանի վայրերում եղել է չափավորից մինչեւ բարձր, իսկ ամենաբարձր միջին խտություններն արձանագրվել են Աճանանում եւ Գեղանուշում։

Գեղանուշի պոչամբարը, 2018 թ., հեղ.՝ Սարո Բաղդասարյան

Բոլոր բնակավայրերում նիկելի խտությունները գերազանցել են բնակչության համար սահմանված միջազգային չափանիշները։ Ըստ զեկույցի՝ այս փաստից կարելի է ենթադրել, որ նիկելի ազդեցությունը մարդկանց վրա լայնորեն տարածված է ու չի սահմանափակվում միայն գործող հանքարդյունաբերական օբյեկտներին շատ մոտ գտնվող տարածքներով:

Իսկ կադմիումը եւ կապարը հայտնաբերվել են ոչ հաճախ, բայց հիմնականում՝ տարեցների շրջանում, ինչը ենթադրում է, որ նրանց օրգանիզմում տեղի է ունեցել կուտակում ժամանակի ընթացքում։

Սնդիկն ու կոբալտն էլ հայտնաբերվել են քիչ դեպքերում եւ, հիմնվելով ներկայիս տվյալների վրա, ըստ զեկույցի, չեն ներկայացնում լայն բնակչության մակարդակի մտահոգություն։

Այսպիսով՝ արդյունքները ցույց են տալիս մոլիբդենի, մկնդեղի եւ նիկելի գերակշռող տարածաշրջանային ազդեցություն, ինչը, ըստ «Առնիկայի» մասնագետների, հավանաբար, արտացոլում է երկրաբանական ֆոնի եւ երկարաժամկետ հանքարդյունաբերական ու մետալուրգիական գործունեության համադրությունը։

Զեկույցում նշվում է, որ չնայած ուսումնասիրության ձեւը թույլ չի տալիս պատճառահետեւանքային եզրակացություն անել, այդուհանդերձ, ծանր մետաղների ազդեցության ծավալներն ու տարածվածությունը արդարացնում են շարունակական բիոմոնիթորինգը, շրջակա միջավայրի նպատակային հետազոտությունները եւ հանրային առողջության մոնիթորինգը հատկապես այն բնակավայրերում, որոնք գտնվում են ակտիվ կամ նախկին հանքարդյունաբերական գոտիներին մոտ։

Գնալ եւ մարդկանց պատմել արդյունքների մասին

«Միգուցե մի բան, որ կցանկանայինք անել մեզնից առաջ եղած հետազոտողներից տարբերվող ձեւով, այն է, որ վերադառնանք եւ մարդկանց հետ խոսենք արդյունքների մասին եւ նրանց տրամադրենք տվյալները, որպեսզի դրանք հրապարակայնորեն հասանելի լինեն, ու սկսենք որոշակի երկխոսություն ընկերությունների, տեղական իշխանությունների կամ Կառավարության հետ, եթե դա ընդհանրապես հնարավոր է»,- «Հետքի» հետ զրույցում նկատում է «Առնիկայի» փորձագետ Նիկոլա Ելինեկը:

Նրա գործընկեր Մարսելա Չերնոխովան (Marcela Černochová) նշում է, որ ի տարբերություն համալսարանների մեծ գիտական ուսումնասիրությունների, որոնք հրապարակվում են ամսագրերում եւ սովորաբար հասանելի չեն տեղացիներին, իրենք փորձում են ոչ միայն հրապարակել արդյունքները, այլեւ դրանք հասցնել տեղացիներին, բացի դրանից՝ տեղեկատվությունը տրամադրել իշխանություններին: «Հետքի» զրուցակցի տեղեկացմամբ՝ իրենք փորձում են նաեւ տեղական գործընկերների հետ համագործակցության միջոցով ճնշում գործադրել տեղի իշխանությունների, տարածաշրջանային կամ ազգային կառավարությունների վրա, որպեսզի նրանք որոշակի քայլեր ձեռնարկեն:

Ի՞նչ դժվարությունների են բախվել չեխ փորձագետները

Նիկոլա Ելինեկն ասում է՝ ուսումնասիրությունն իրականացնելիս դժվարությունները տարբեր են եղել: Մասնավորապես՝ նմուշները Չեխիա են տարել, քանի որ մի շարք քիմիական տարրեր հնարավոր չէր վերլուծել Հայաստանում:

Դժվարություններից մեկն էլ բյուջետային էր: Փորձագետի խոսքով՝ եթե ավելի շատ գումար ունենային, կկարողանային ավելի շատ նմուշներ հետազոտել, բայց ֆինանսական սահմանափակումները խանգարել են:  

«Առնիկայի» ծրագրերի հայաստանյան համակարգող Գրեգորի Մալյուկովը եւս նշում է, որ ամենամեծ ադմինիստրատիվ դժվարությունը ֆինանսի սղությունն էր: Մեկ այլ խնդրի էլ են բախվել դեռ այն ժամանակ, երբ առաջին անգամ Հայաստան էին եկել: Այն ժամանակ չեխ փորձագետները հանդիպել էին տեղացիների, որոնք թերահավատորեն էին մոտեցել օտարերկրացի մասնագետներին ու փորձել էին խոչընդոտել, թույլ չտալ, որ նրանք լուսանկարեն պոչանքները:

Առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը՝ հարավ-արեւմուտքից (արխիվ), հեղ.՝ Սարո Բաղդասարյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter