Ստեփան Ասատրյանը պետք է հերքում տարածի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փոխհատուցի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Էմին Աբգարյան) բավարարել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ կարգալույծ հռչակված հոգևորական Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ)՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Ստեփան Ասատրյանը ոչ միայն պետք է հերքում տարածի, այլև վճարի փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։
2026թ. հունվարի 22-ին «Հայկական ժամանակ» (armtimes.com) լրատվական կայքի YouTube-յան ալիքում հրապարակվել է հարցազրույց, որի ընթացքում Ստեփան Ասատրյանը նշել է, թե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «տեռորիզմ էր խրախուսում» և «բանտից սպառնալիքներ էր հնչեցնում ՀՀ նկատմամբ», ինչպես նաև պնդել է, թե նա ունի «կին և աղջիկ, որոնք Գյումրիի փողոցներում ազատ շրջում են»:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ներկայացուցիչներ Տաթևիկ Շալջյանն ու Մարինե Ֆարմանյանը պնդել են, որ Ս. Ասատրյանի հնչեցրած հայտարարություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հոգևորականի պատիվն ու արժանապատվությունը:
Պնդել են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կուսակրոն հոգևորական է, չունի ընտանիք՝ կին կամ երեխա, ինչպես նաև երբևէ որևէ առնչություն չի ունեցել ահաբեկչության կամ պետության դեմ սպառնալիքներ հնչեցնելու հետ:
Ստեփան Ասատրյանը և նրա ներկայացուցիչը հայցի դեմ առարկել են՝ խնդրելով այն մերժել: Նրանք պնդել են, որ հնչեցված արտահայտությունները ոչ թե փաստացի տվյալներ են, այլ վերլուծական-գնահատողական դատողություններ, որոնք արվել են քաղաքական-հասարակական վեճի շրջանակներում: Ինչ վերաբերում է «կին և աղջիկ» ունենալու վերաբերյալ հայտարարությանը, ըստ Ստեփան Ասատրյանի՝ դրանք հիմնված են եղել մամուլում տարածված լուրերի և հանրային խոսակցությունների վրա, և ինքը չի ունեցել հայցվորի պատիվն ու արժանապատվությունը հատուկ արատավորելու դիտավորություն:
Դատարանն արձանագրել էր, որ Ստեփան Ասատրյանի արտահայտությունները պարունակում են կոնկրետ փաստացի տվյալներ (statement of fact), այլ ոչ թե գնահատողական դատողություններ, քանի որ վերաբերում են կոնկրետ արարքների և փաստերի, որոնք ենթակա են ապացուցման: Ստեփան Ասատրյանը սահմանված ժամկետում որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց չի ներկայացրել:
Դատարանն արձանագրել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված չէ մեղադրանք «ահաբեկչության» կամ «սպառնալիքներ հնչեցնելու» համար: Միաժամանակ, հաշվի առնելով, որ նա կուսակրոն հոգևորական է, նրան ընտանիք վերագրելը, որի գոյություն չունենալը հաստատվել է, ինքնին արատավորում է վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:
Դատարանն անդրադառնալով դիտավորությանը, նշել է, որ Ստեփան Ասատրյանը լինելով եկեղեցական համայնքի ներկայացուցիչ (ճեմարանավարտ), գիտակցել է իր խոսքի ազդեցությունը, սակայն ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել տեղեկությունների ճշտությունը ստուգելու համար, ինչը վկայում է դիտավորության մասին:
Մասնավորապես՝ դատարանն անդրադառնալով Ստեփան Ասատրյանի այն դիրքորոշմանը, որ Աջապահյանը հանդիսանում է հասարակական գործիչ և պետք է ունենա դիմադրողականություն քննադատության վերաբերյալ, ապա դատարանն արձանագրում է, որ քննադատություն որպես այդպիսին չի հնչել, այլ հնչել է մեղադրանք, որ նա խախտել ու խախտում է կուսակրոնության երդումը և շարունակում է մնալ կուսակրոն հոգևորական։
Ավելին, պատասխանողի այն դիրքորոշումը, որ իր խոսքը եղել է ազատ կարծիք արտահայտելու տիրույթում, ապա դատարանն արձանագրել է, որ Ս. Ասատրյանը նունպես հանդիսացել է եկեղեցական համայնքի ներկայացուցիչ, հետևաբար իր խոսքը ձևավորվել է իր համայնքի ներկայացուցչի վերաբերյալ՝ ծանր «մեղադրանքով»։
Այսինքն, Ասատրյանը չի հանդիսացել որևէ այլ ոլորտի մասնագետ, որը, ձևակերպելով իր խոսքը, չի գիտակցել խոսքի նպատակի հետևանքները և չի գիտակցել իր խոսքի արժեքայնությունը (ներսից տիրապետելու համայնքում տիրող բարքերի տեսանկյունից)։ Ընդ որում, գործի քննությամբ չի հաստատվել, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տարբեր լրատավականների հետ հարցազրույցներում քննարկման առարկա է դարձրել իր կուսակրոնության խախտումը, ուստի Ստեփան Ասատրյանը չէր կարքող քննադատել համապատասխան երևույթը և համարել ազատ խոսք։
«Հետևաբար պատասխանողի դիրքորոշումններն անհիմն են, քանի որ անկախ կարգավիճակից հանդուրժողականություն չի կարող դրսևորվել չհաստատված փաստերի գոյության մասին հրապարակելը»,- նշված է վճռում։
Դատարանը վճռել է հայցապահանջը բավարարել մասնակի։ Պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում armtimes.com կայքում հրապարակել տեսաուղերձ՝ «Հերքում՝ Գևորգ Արտաշեսի Աջապահյանի... հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով և դատարանի սահմանած բառացի տեքստով, այն է.
«Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ Հայկական ժամանակի տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տերորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»։
Դատարանը վճռել է Ստեփան Ասատրյանից հօգուտ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բռնագանձել մեկ միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում (պահանջված 2 մլն դրամից):
Նշենք, որ վճիռը կայացվել է 2026թ. օգոստոսի 31-ին։ Այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակումից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել