HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սպասել 16 օր, վճարել կամ շտապօգնություն կանչել». ընթերցողի նամակը՝ պոլիկլինիկայում առկա խնդրի մասին

«Հետքի» խմբագրությունը պարբերաբար հրապարակում է ընթերցողների նամակները, որոնք բարձրացնում են հանրային հնչեղություն ունեցող և համակարգային խնդիրներ։ Ստորև ներկայացնում ենք մեր ընթերցող Սերգեյ Խեչոյանի նամակը նույնությամբ, որտեղ նա նկարագրում է առողջապահական համակարգում անվճար ծառայություններից օգտվելու իր փորձն ու առաջադրում մի շարք կարևոր հարցադրումներ․

Հարգելի՛ խմբագրություն,

Ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել առողջապահական համակարգում առկա մի խնդրի վերաբերյալ իմ անձնական փորձը, որը, կարծում եմ, կարող է ունենալ նաև հանրային նշանակություն։ Ես հանդիսանում եմ «Վարդանանց» պոլիկլինիկայում գրանցված քաղաքացի։ Վերջերս առողջական խնդրի պատճառով անհրաժեշտություն առաջացավ դիմել բժշկական օգնության։ Նախապես անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունն անցել էի իմ անձնական միջոցներով։ Հետազոտության արդյունքներից հետո բժշկի կողմից ինձ բանավոր նշվեց, որ իմ վիճակը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։

Այնուհետև զանգահարեցի «Վարդանանց» պոլիկլինիկա՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Սակայն ինձ տեղեկացրին, որ անվճար կարգով համապատասխան ծառայություն ստանալու համար պետք է սպասեմ 16 օր, քանի որ ավելի վաղ ազատ տեղ չկա։ Միաժամանակ ինձ առաջարկվեց անհրաժեշտ ծառայությունը ստանալ վճարովի հիմունքներով, եթե չէի կարող սպասել այդքան երկար։

Փորձեցի պարզել նաև, թե նման իրավիճակում ինչ հնարավորություններ ունի քաղաքացին, և կապ հաստատեցի առողջապահության թեժ գծի հետ։ Թեժ գծի աշխատակիցը նշեց, որ առանց հերթի ընդունվելու հնարավոր է այն դեպքում, եթե ինձ բժշկական կենտրոն տեղափոխի շտապօգնության մեքենան։

Այս իրավիճակը մի շարք հարցեր է առաջացնում։ Եթե բժշկի կողմից նշվում է, որ անհրաժեշտ է անհապաղ բժշկական միջամտություն, սակայն քաղաքացու վիճակը չի պահանջում շտապօգնության կանչ, ապա ինչպե՞ս պետք է քաղաքացին ժամանակին ստանա անհրաժեշտ բժշկական օգնությունը։

Եթե գրանցված պոլիկլինիկայում անվճար ծառայության համար հերթը հասանելի է միայն 16 օր անց, իսկ ավելի արագ ծառայությունը առաջարկվում է վճարովի հիմունքներով, ապա փաստացի քաղաքացին կանգնում է ընտրության առաջ՝ սպասել կամ վճարել սեփական միջոցներից։

Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ շտապօգնության մեքենան չպետք է օգտագործվի պարզապես հերթը շրջանցելու միջոց, եթե տվյալ իրավիճակը բժշկական առումով շտապօգնության կանչի անհրաժեշտություն չի առաջացնում։ Ինձ հետաքրքրում է՝ արդյոք սա միայն մեկ պոլիկլինիկայի կազմակերպչական խնդիր է, թե՞ առողջապահական համակարգում առկա է ավելի լայն խնդիր՝ կապված այն քաղաքացիների հետ, որոնց անհրաժեշտ է հրատապ բժշկական օգնություն, սակայն նրանց վիճակը չի դասակարգվում որպես շտապօգնության դեպք։

Կարծում եմ՝ լրագրողական ուսումնասիրության շրջանակում հետաքրքիր և կարևոր կլինի ստանալ նաև ՀՀ առողջապահության նախարարության և «Վարդանանց» պոլիկլինիկայի պաշտոնական մեկնաբանությունները, ինչպես նաև պարզել, թե նման իրավիճակում ինչ իրավունքներ և հնարավորություններ ունի քաղաքացին։ Եթե թեման նպատակահարմար գտնեք հրապարակման կամ լրագրողական նյութի համար, խնդրում եմ դիտարկել այն։

Իմ կարծիքով՝ հարցը կարևոր է ոչ միայն իմ անձնական դեպքի, այլև այն պատճառով, որ այն վերաբերում է շատ ավելի լայն խնդրի՝ արդյոք անվճար բժշկական ծառայությունը քաղաքացիների համար իրականում հասանելի՞ է այն ժամանակ, երբ դրա կարիքն ունեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter