Սրբուհի Գևորգյանը դատարանում վիճարկում է մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնից իրեն ազատելու որոշումը
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը դատական կարգով վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու որոշումը։ Նա պահանջում է անվավեր ճանաչել համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշումն ու դրա հիման վրա իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը։ Հայցը ներկայացվ ել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և ընդունվել է վարույթ։
Մասնավորապես՝ նախկին ռեկտորը պահանջում է անվավեր ճանաչել համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2026թ. հուլիսի 15-ի որոշումը՝ Սրբուհի Գևորգյանի՝ համալսարանի ռեկտորի պաշտոնում լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
Որպես ածանցյալ պահանջ՝ Ս. Գևորգյանը պահանջում է նաև անվավեր ճանաչել համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 2026թ. հուլիսի 21-ի հրամանը՝ ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, և վերականգնվել նույն պաշտոնում։
Հիշեցնենք՝ 2025թ. հոկտեմբերի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորներից մեկը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետք»-ին տեղեկացրել էր, որ Ս. Գևորգյանը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև համալսարանի այլ աշխատակիցներ և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Սրբուհի Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք և որպես համակցված միջոց՝ 20 մլն դրամ գրավ խափանման միջոցները։ Այնուհետև տնային կալանքը փոխարինվել է բացակայելու արգելքով, իսկ ռեկտորի պաշտոնում լիազորությունները կասեցվել են։ Գործը 2026թ. մարտից քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել