Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը Ծովագյուղում
Սևանա լճից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա՝ Ծովագյուղի հարևանությամբ, «Սանի Լենդ» ՍՊԸ-ն, առանց բնապահպանական փորձաքննության, ասֆալտի գործարան է աշխատեցնում։ Ավելին՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար պետությունից 17.5 միլիոն դրամ ստացած, սակայն ծրագիրը տապալած ընկերությունն այժմ փորձում է նույն տարածքում հիմնել նաև ցեմենտի արտադրամաս։ Չնայած Սևանա լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում հանքանյութեր վերամշակող օբյեկտներ հիմնելու օրենսդրական արգելքին և մասնագետների բացասական կարծիքներին՝ տեղական իշխանություններն ու ընկերությունը առաջ են մղում վտանգավոր այս ծրագիրը։
Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մոտ՝ Սևանա լճից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա, «Սանի Լենդ» ՍՊԸ-ն ասֆալտի գործարան է աշխատեցնում։ Այժմ էլ ընկերությունը փորձում է պետական մարմինների և տեղական իշխանությունների համաձայնությամբ նույն տարածքում ցեմենտի, գիպսի և հանքային փոշու արտադրություն հիմնել։ Տարածքը, որտեղ ընկերությունն իրականացնում և ծրագրում է ընդլայնել գործունեությունը, Սևանի ավազանի անմիջական ազդեցության գոտում է։
Ըստ «Սևանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ անմիջական ազդեցության գոտում արգելվում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը։ «Հետքը» փորձել է պարզել, թե ինչպես է «Սանի Լենդ»-ին հաջողվել այս տարածքում ասֆալտի գործարան շահագործել և հիմա էլ պատրաստվում է ցեմենտի արտադրամաս կառուցել։


2025 թվականի հուլիսի 30-ին Ծովագյուղում անցկացված հանրային լսումների առաջին փուլում դրական կարծիք տրվեց «Սանի Լենդ» ընկերության արտադրական պլաններին։ Դրա հիման վրա Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը սեպտեմբերի 17-ին ստորագրեց նախնական համաձայնության որոշումը՝ Սևան-Դիլիջան մայրուղու 7-8կմ (1/1 հողամաս) հասցեում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ։

Ըստ հաշվետվության՝ ընկերությունը նախատեսում է իրեն պատկանող արտադրական հողամասում տեղադրել 19.0 մ x 11.5 մ չափսերով գնդային աղաց և «չոր» տեխնոլոգիայով (արտադրական կեղտաջրեր չպետք է առաջանան) իրականացնել հանքային փոշու, գիպսի և ցեմենտի արտադրություն՝ օրական մինչև 90 տոննա արտադրողականությամբ։
Բնապահպանական ռիսկերը
Արտադրատարածքը «Ծովագյուղ» ֆուդ-կորտի և սուպերմարկետի հարևանությամբ է՝ Ծովագյուղի ամենամոտ բնակելի տնից 505 մետր հեռավորության վրա։ Սևանա լճից՝ 1560 մետր, «Սևան» ազգային պարկից հեռավորությունը 600 մետր է։ Տարածքի հյուսիսարևելյան սահմանով հոսում է Ձկնագետը։Նույնիսկ «չոր» տեխնոլոգիայի դեպքում ցեմենտի արտադրությունն ուղեկցվում է սիլիկատային փոշու, ազոտի և ծծմբի օքսիդների արտանետմամբ։ Սևանի ափամերձ և ջրահավաք գոտիներում ցանկացած տնտեսական գործունեություն կարգավորվում է հատուկ, խիստ ռեժիմով, քանի որ լճի էկոհամակարգը համարվում է խիստ զգայուն։
Չգործող անասնաֆերման և կասկածելի ասֆալտի գործարանը
«Հետքն» այցելեց Ծովագյուղի մոտ գտնվող ընկերության 7,378 քմ տարածք, որտեղ «Սանի Լենդը» պլանավորում է ցեմենտի արտադրություն հիմնել։
Այնտեղ կա մի շինություն, որի մասին «Հետքը» գրել է դեռևս 2024թ.-ին։ Այս շինությունը ընկերության սեփականատեր Արման Մելոյանը ներկայացրել էր որպես խելացի անասնաֆերմա։ 2021թ.-ին «Սանի Լենդ» ՍՊԸ-ի և Էկիոնոմիկայի նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է կառուցեր 3-րդ մոդելի խելացի անասնաշենք (451 և ավելի քմ, նախատեսված 40-45 գլուխ կենդանու համար), որի արժեքը 35 մլն դրամ էր։ Դրանից 17.5 մլն դրամը փոխհատուցում էր պետությունը։

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ մոնիտորինգի արդյունքներով «Սանի Լենդ» ՍՊԸ-ն անասնաֆերման նպատակային չի օգտագործել։ Նախարարությունն այժմ դատական հայց է պատրաստում՝ ընկերությանը տրված 17.5 միլիոն դրամ պետական աջակցությունը հետ գանձելու պահանջով։
«Սանի Լենդ» ընկերության տարածք մեր այցի ժամանակ տեսանք նաև, որ ծրագրվող ցեմենտի արտադրության հարևանությամբ արդեն իսկ գործում է ասֆալտի գործարան («Kobesh Machine AS-160»), որի մասին ոչ մի խոսք չկար ՇՄԱԳ նախնական հաշվետվությունում։ Շրջակա միջավայրի նախարարին ուղղված մեր հարցումից պարզ դարձավ, որ ընկերությունն ասֆալտի գործարանի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն չունի։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Սանի Լենդ»-ի տնօրեն և սեփականատեր Արման Մելոյանից։ Հեռախոսազրույցում նա պնդեց, թե արտերկրում է, ռոումինգով է խոսում, ուստի չի կարող երկար խոսել։ Հարցին՝ արդյոք ասֆալտի գործարանը թույլտվություն ունի, Մելոյանը դադարից հետո հայտարարեց, թե այնտեղ ոչ մի գործարան չկա։
Հաջորդ օրը, երբ WhatsApp-ով կրկին կապ հաստատեցինք նրա հետ, Մելոյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց՝ կրկնելով, որ ռոումինգով է խոսում։
Ո՞վ է Արման Մելոյանը
Ծովագյուղի բնակիչ Արման Մելոյանը «Սանի Լենդ» ՍՊԸ-ն հիմնադրել է 2017 թվականին՝ որպես գործունեության տեսակ գրանցելով «հացահատիկային մշակաբույսերի աճեցում»։
.jpg)
Ընկերությունը պետական գնումների ակտիվ մասնակից է. միայն 2021-2022 թթ.-ին 40 մլն դրամից ավելի սննդի մատակարարման պայմանագիր է կնքել Սևանի հոգեբուժարանի հետ։ Ընկերությունը պայմանագրեր ունի վարչապետի աշխատակազմի հետ, 8.7 մլն դրամ պետական աջակցություն է ստացել Էկոնոմիկայի նախարարությունից։ «Սանի Լենդ» ընկերությունը Ծովագյուղի մոտակայքում գտնվող 7378 քմ տարածքը ձեռք է բերել 2018թ.-ին, 2024-ին գրանցել է «Սանի Լենդ» ընկերության անունով՝ որպես արտադրական, արդյունաբերական հողատարածք։ Սակայն արբանյակային լուսանկարները փաստում են, որ ասֆալտի գործարանն այստեղ հայտնվել է 2023 թվականից։ Ասֆալտի գործարանը, որը շահագործում է գործարանը, «Kobesh Machine AS-160» իրանական մոդելի է։ Ըստ մոդելի տեխնիկական բնութագրի՝ այն ունի 160 տոննա/ժամ արտադրողականություն։
%20(1).gif)
Ո՞վ է «Սանի Լենդ»-ի իրական սեփականատերը, ի՞նչ գիտեն Ծովագյուղում
«Սանի Լենդ»-ի մասին հարցուփորձ արեցինք տեղացիներին։ Նրանց պնդմամբ՝ ընկերության իրական սեփականատերը Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանն է։ Ըստ բնակիչների՝ գործարանը սպասարկում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ին, որը նույնպես փոխկապակցված է Գևորգյանի հետ։ Ճանապարհաշինական կազմակերպությունը սպասարկում է Սեւանի տարածաշրջանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները։
Ինչպես է կառուցվել ասֆալտի գործարանը
Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ «Սանի Լենդ»-ի զբաղեցրած տարածքը չկառուցապատված հողատարածք է, որևէ շինություն այնտեղ գրանցված չէ։ Մինչդեռ իրականում այնտեղ ասֆալտի գործարան է աշխատում։ Շրջակա միջավայրի նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ ընկերությանը ասֆալտի արտադրամաս շահագործելու ՇՄԱԳ փորձաքննական եզրակացություն երբևէ չի տրվել։
«Հետքը» դիմեց նաև Սևանի համայնքապետարան՝ պարզելու, թե արդյոք «Սանի Լենդ»-ին տրվել է ասֆալտի գործարան կառուցելու թույլտվություն: Համայնքապետարանից հայտնեցին, որ ընկերությանը շինթույլտվություն տրվել է դեռ 2021 թվականի նոյեմբերին: Ըստ համայնքապետարանի՝ նախագիծն անցել է «պարզ փորձաքննություն», ինչի պատճառով հանրային լսումներ չեն անցկացվել, իսկ օրենսդրությունն այդ պահին ասֆալտի գործարանների համար ՇՄԱԳ փորձաքննություն չի պահանջել:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից «Հետքին» ասացին, որ առաջիկայում ստուգումներ կիրականացնեն Ծովագյուղում գործող ասֆալտի արտադրամասում, որի արդյունքների մասին կհայտնեն լրացուցիչ։
Քաղաքաշինության, տեխնիկական եվ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից էլ մեզ տեղեկացրին, որ «Սանի Լենդ» ընկերությանը պատկանող ասֆալտի գործարանում երբևէ ստուգումներ չեն անցկացրել։ Արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման ռեեստրում ասֆալտի գործարանը նույնպես չկա։
«Հետքի» հարցումներից հետո՝ հուլիսի 24-ին, Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակեց «Սանի Լենդ»-ի ՇՄԱԳ լրամշակված հաշվետվությունը։ Այս անգամ փաստաթղթում նախատեսվող ցեմենտի արտադրության կողքին արդեն ներառվել էր նաև ասֆալտի գործող գործարանը։

Օգոստոսի 10-ին Ծովագյուղում տեղի ունեցան «Սանի Լենդ»-ի նախատեսած ցեմենտի արտադրության ՇՄԱԳ հաշվետվության երկրորդ հանրային լսումները։ Հաջորդ օրը կապ հաստատեցինք Ծովագյուղի վարչական ղեկավար Ատոմ Սիմոնյանի հետ։ Նա պնդեց, թե քննարկումն անցել է հանգիստ, և գյուղացիները դեմ չեն ցեմենտի արտադրության ծրագրին։
Իրականում, ըստ հանրային լսման արձանագրության, քննարկումը հարթ չի անցել։ «ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Աստղիկ Վարդանյանը մի շարք թերություններ է արձանագրել, որոնց ընկերության ներկայացուցիչ Գոհար Գրիգորյանը չի կարողացել պատասխանել։ Բացի այդ, անտեսվել էին մասնագիտական կառույցների՝ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության հանձնաժողովի և Կենդանաբանության ու հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի բացասական կարծիքները։ Սևանա լճի պահպանության հանձնաժողովի անդամ Կամո Աղաբաբյանը մեզ հետ զրույցում շեշտեց՝ հաշվետվությունը ենթակա է մերժման, քանի որ «Սևանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածն անմիջական ազդեցության գոտում ուղղակիորեն արգելում է հանքանյութ վերամշակող օբյեկտների կառուցումը։
Գլխավոր նկարը՝ Ֆրունզ Ավետիսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել