HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դրամատիկ հաղթանակ տարավ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ և նվաճեց Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի լիգայի փուլի ուղեգիր:

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական՝ լիգայի փուլին:

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պատասխան հանդիպման առաջին կեսում ռումինական թիմն ավելի ակտիվ էր և ավելի շատ վտանգավոր պահեր էր ստեղծում, սակայն վստահ էր գործում «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ժոաու Բրավիմը։ Առաջին 45 րոպեների ընթացքում թիմերին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը:

Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ավելի շատ հարվածներ կատարեցին: 92-րդ րոպեին «Ունիվերսիտատեա Կրայովայի» ֆուտբոլիստի կողմից սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղի համար մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց: Սանդրո Լիման չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը, սակայն մրցավարը արձանագրեց կանոնների խախտում և պահանջեց կրկնել տասնմեկմետրանոցը: Երկրորդ փորձից Սանդրո Լիմայի հարվածը դարձյալ հետ մղեց մրցակցի դարպասապահը, սակայն հարձակվողը կարողացավ անդրադարձից հետո գնդակն ուղարկել դարպասը՝ խաղի միակ ու հաղթական գոլը խփելով (երկու խաղերի արդյունքով՝ 2:1):

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ապահովեց իր տեղը Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում՝ արձանագրելով հայկական ակումբային ֆուտբոլի մեծագույն նվաճումներից մեկը միջազգային ասպարեզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter