ԵՄ չորս անդամներ կրկին առաջարկում են ռուսական սառեցված ակտիվներն օգտագործել Ուկրաինային ռազմական օգնության նպատակով
Նիդերլանդները, Լեհաստանը, Իսպանիան և Շվեդիան պաշտոնապես կոչ են արել Եվրոպական հանձնաժողովին՝ վերսկսել քննարկումները ռուսական սառեցված պետական ակտիվների հաշվին Ուկրաինային ռազմական աջակցություն ցույց տալու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասին և Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Հելեն ՄըքԷնթիին ուղղված համատեղ նամակում չորս անդամ պետությունները նշում են, որ ընթացիկ ֆինանսավորման մեխանիզմները բավարար չեն Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանությունն ապահովելու համար:
Օրերս Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ այս տարի երկրի ռազմական բյուջեում 23 մլրդ եվրոյի պակասուրդ կա։
«Մենք չենք խնդրում ձեզ մեր փոխարեն կռվել. տվեք Ուկրաինային ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք այս պատերազմը, կանգնեցնենք այն ավելի արագ, քան Պուտինը կկարողանա սկսել հաջորդը»,- հայտարարել էր Զելենսկին այս երկուշաբթի՝ օգոստոսի 24-ին:
Հիշեցնենք, որ նախկինում ԵՄ անդամ երկրները քննարկել են ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու հարցը, սակայն բանակցությունները մտել էին փակուղի Բելգիայի առարկությունից հետո:
Պաշտոնական Կրեմլը հայտարարել էր, որ այդ նախաձեռնությունն անօրինական է եւ կունենա իրավական հետեւանքներ։
Եվրոպայում սառեցված ռուսական գրեթե բոլոր ակտիվները՝ շուրջ 210 միլիարդ եվրո (244 միլիարդ դոլար), պահվում է բրյուսելյան Euroclear արժեթղթերի դեպոզիտարիայում:
Որպես այլընտրանք ԵՄ-ն համաձայնել էր Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո վարկ՝ ԵՄ-ի բյուջեից: Իսկ այս ամիս պաշտոնական Կիևին էր փոխանցվել ռուսական սառեցված ակտիվներից կուտակված տոկոսային եկամուտներից ստացված 1.4 միլիարդ եվրո։
Բելգիայի կառավարությունը վերջին շաբաթներին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ ռուսական ակտիվների շուրջ բանավեճին, սակայն վերահաստատել է իր պահանջը Ռուսաստանի ֆինանսական հակազդեցությունից պաշտպանող երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։
Գլխավոր նկարը՝ EuropeNow
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել