Վայոց ձորի երեխաները Երևանում կմասնակցեն «Մենք ենք, մեր մարզը» նախագծին
Հունիսի 10-ին Երևանում կիրականացվի «Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի նախագիծը, որին այս անգամ կմասնակցեն Վայոց ձորի մարզի մանակապատանեկան ստեղծագործական համույթները, նկարիչներն ու անհատ կատարողները` թվով 120 երեխա:
Հունիսի 10-ին` ժամը 16:30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում կբացվի գեղանկարչական ցուցահանդես: Կցուցադրվի Եղեգնաձորի գեղարվեստի, Ջերմուկի, Աղավնաձորի, Վայքի արվեստի դպրոցների, Ջերմուկի միջնակարգ մասնագիտական կրթօջախի, Վայոց ձորի պետական քոլեջի սաների 41 լավագույն նկարչական աշխատանք: Ժամը 17:00-ին համերգասրահում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն վերոնշյալ կրթօջախների ու մշակույթի տան պարային համույթներն ու երգչախմբերը, կհնչեն նաև պատանի երաժիշտների գործիքային ու վոկալ մենակատարումներից:
Մարզից ժամանած երեխաներն իրենց մայրաքաղաքային ուղևորությունը կավարտեն երևանյան էքսկուրսիայով:
ՀՀ մշակույթի նախարարության «Մենք ենք, մեր մարզը» ծրագիրը միտված է հաշվետու ստուգատեսների միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը, մայրաքաղաքի բնակչության իրազեկվածությանը յուրաքանչյուր մարզի մշակութային ձեռքբերումների մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել