«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով իր մասնագիտական գործունեության համար օրեր առաջ ենթարկվել էր բռնարարքի, վաղը հիվանդանոցից պետք է դուրս գրվեր: Սակայն մոտ մեկ ժամ առաջ, հարված ստացած մասում, նրա մոտ նորից սկսել է արյունահոսություն: Մեզ հետ հեռախոսազրույցում Գագիկը նշեց, որ բժիշկների վստահեցմամբ որեւէ լուրջ խնդիր եւ անհանգստանալու կարիք չկա, ուղղակի հրվանդանոցից նրա դուրս գրումը մի քանի օրով կարող է հետաձգվել:
Հիշեցնենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոն մեկնած օպերատիվ խմբին մարտի 13-ին Գագիկ Շամշյանը հաղորդել էր, որ ժամը 11.45-ին, Երեւանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի առաջին հարկի ընդհանուր սրահում, համալսարանի պահնորդների ղեկավար Կարեն Միրիջանյանը, պահնորդներ, 41-ամյա Արամ Գեւորգյանը եւ 28-ամյա Էդգար Պապոյանը խոչընդոտել են իր, որպես լրագրող մասնագիտական օրինական գործնեությանը, որի ընթացքում հավաքված ուսանողների եւ այլ լրագրողների ներկայությամբ, իրեն հայհոյել, ծեծի են ենթարկել ու պատճառել վնասվածքներ:
«Գ. Շամշյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կ. Միրիջանյանը, Է.Պապոյանը եւ Ա. Գեւորգյանը ստորագրությամբ բաց են թողնվել: Քրեական օրենսգրքի 164 (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) եւ 118 (Ծեծը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը»,- փոխանցում է ոստիկանության կայքէջը:
Մեկնաբանել