Բնության առողջության անձնագիրը՝ Հորսում. ինչպես են մեղրով մեղմում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը
Հուլիսի 25-ին Հորս գյուղում առաջին անգամ անցկացվեց Վայոց Ձորի մեղրի փառատոնը՝ «Եղեգիս ֆեստը»: Ինչու՞ հենց մեղրի փառատոն: Գաղափարն այն է, որ մեղրը բնության առողջության անձնագիրն է:
Ինչպես փառատոնի պաշտոնական էջում է ասվում, «էկոլոգիական շղթայում մեր հանրահայտ լեռնային մեղրը հանդես է գալիս ոչ թե որպես առանձին արտադրանք, այլ որպես տարածաշրջանի առողջության բնական ցուցիչ։ Չոր ու տափաստանային կլիմայում, անգամ մերկ ժայռերի արանքում աճող վայրի ֆլորան ու դեղաբույսերը թույլ են տալիս մեղուներին ստեղծել բացառիկ եզակի ու մաքուր արդյունք»:
Սակայն «Եղեգիս ֆեստի» կազմակերպիչների դիտարկմամբ՝ փառատոնը միայն արտադրանք ներկայացնելու համար չէ, այն նպատակ ունի մարդկանց հավաքել բնության պահպանության գաղափարի շուրջ: Եվ պատահական չէ, որ փառատոնն անցկացվում է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այս առումով Վայոց Ձորի մարզի ընտրությունը նույնպես մտածված է, քանի որ այն, մասնավորապես՝ Եղեգիսի տարածաշրջանը, բնապահպանական կարեւոր գոտի է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի ու ավելի մեծ մասշտաբով: Այս ռեգիոնը Հայաստանում արջերի ներթափանցումների եւ մարդ-արջ կոնֆլիկտի ամենաթեժ կետերից մեկն է:
Հայ գիտնականների կողմից այս կոնֆլիկտի ուսումնասիրությանը «Հետքն» անդրադարձել էր 2025-ին:
«Մեղրը բոլոր ժամանակների ամենակարեւոր մթեքներից մեկն է ոչ միայն որպես արտադրանք, այլեւ գիտենք, որ առանց մեղուների միրգ, բույս եւ այլն չեն կարող գոյություն ունենալ,- ասում է փառատոնի կազմակերպիչներից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը,- բայց այստեղ կարեւոր է հասկանալ ոչ թե [վայրի կենդանիների հետ] կոնֆլիկտի մեղմացում հասկացությունը, այլ թե ինչպես կարելի է ներդաշնակ ապրել բնության մեջ՝ թե՛ մեղուները, թե՛ արջերը, թե՛ այն բոլոր տեսակները, որոնք նույնպես իրավունք ունեն ապրելու բնության մեջ, ինչպես մարդիկ: Ուղղակի մարդը տարբերավում է նրանով, որ ունի խելք եւ պատկերացում, թե ինչպես կարող է ճիշտ կազմակերպել իր կենցաղը, իր գործուենությունը, որպեսզի հնարավորինս քիչ վնաս հասցնի շրջակա միջավայրին ու բնությանը: Եվ այս փառատոնը նվիրված է հենց այդ համակեցությանը, պատկերացումներին»:
Փառատոնի պաշտոնական էջի համաձայն՝ աշխարհում ընդամենը 36 գոտի կա, որոնք համարվում են կենսաբազմազանության թեժ կետ, եւ Եղեգիսի տարածաշրջանը գտնվում է այդ կետերից մեկի սրտում. «Բայց «թեժ կետ» նշանակում է ոչ միայն եզակի հարստություն, այլեւ բարձր զգայունություն ու վտանգվածություն։ Եղեգիսում կողք-կողքի ապրում են Կարմիր գրքի «աստղերը»՝ բեզոարյան այծերը, գորշ արջերն ու կովկասյան հովազը։ Սա բնության խճանկար է, որտեղ յուրաքանչյուր օղակ կապված է մյուսի հետ… Եղեգիսի կիրճը պարզապես գեղեցիկ բնապատկեր չէ։ Սա Հարավային էկոլոգիական միջանցքի սիրտն է՝ կենսական մի անցուղի, որով տարածաշրջանի ամենահազվագյուտ կենդանիները տեղաշարժվում են մեկ էկոհամակարգից մյուսը։ Այս «անտեսանելի մայրուղու» ամենախորհրդավոր արքան կովկասյան ընձառյուծն է (Panthera pardus)։ Նա չի սիրում աղմուկ, խուսափում է մարդկանցից, բայց FPWC-ի ֆոտոթակարդները պարբերաբար արձանագրում են նրա զգուշավոր ու վեհաշուք ներկայությունը մեր պահպանվող տարածքներում։ Հովազի առկայությունն էկոհամակարգի առողջության գլխավոր ցուցիչն է։ Եթե կա հովազ, նշանակում է՝ շղթայի բոլոր օղակները՝ հողից ու վայրի բույսերից մինչեւ բեզոարյան այծերն ու կրծողները, գտնվում են կենսունակ հավասարակշռության մեջ»:
«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության կառավարությունը՝ իր Darwin Initiative նախաձեռնության միջոցով: Փառատոնի կազմակերպիչներն են, Bears in Mind հիմնադրամը, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ու (նախկին) Եղեգիս համայնքը:
Նախկին, որովհետեւ Եղեգիս խոշորացված համայնքը ձեւավորվել է 2017 թ. Վայոց Ձորի մարզի նախկին 16 համայնքների միավորումից՝ Վարդահովիտ, Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս, Արտաբույնք, Հորբատեղ, Շատին, Հորս, Սալլի, Թառաթումբ, Քարագլուխ, Աղնջաձոր, Սեւաժայռ, Կալասար, Գետիկվանք եւ Արատես: Համայնքի կենտրոնը Շատին գյուղն էր: Այդուհանդերձ, 2026 թ. հունիսին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Եղեգիսը միացվել է Եղեգնաձոր համայնքին, որի կենտրոնը Եղեգնաձոր քաղաքն է՝ Վայոց Ձորի մարզկենտրոնը:
FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ Հորս բնակավայրն իբրեւ փառատոնի անցկացման վայր ընտրել են զուտ տարածքային հնարավորություններից ելնելով: Ըստ նրա՝ փառատոնը շարունակական է լինելու, եւ իրենց նպատակն է՝ այն կազմակերպել համայնքի տարբեր բնակավայրերում:
«Շեշտը դրել ենք էկոլոգիապես մաքուր արտադրանքի եւ բնապահպանական փառատոնների վրա»
Հորս գյուղից Մարիա Ղազարյանն արդեն 30 տարի արթնանում է առավոտյան ժամը 5-ին: Զբաղվում է պանրագործությամբ ու մեղվապահությամբ: Ասում է, որ Եղեգիս համայնքում միակ պանրագործն է, որ ծխեցրած թել պանիր է պատրաստում թոնրում: Ճիշտ է՝ տիկին Մարիայի պատրաստած պանիրը հիմնականում իր ընտանիքի ու մոտ հարազատների համար է եւ դեռ արտադրական ծավալների չի հասել, բայց նա գոհ է իր աշխատանքից:
Հուլիսի 25-ին Մ. Ղազարյանն առանձնակի էր պատրաստվել: Փառատոնին նա ներկայացել է իր պատրաստած պանրի տեսականիով ու մեղրով:
Հորսի դպրոցին կից դաշտում՝ Մարիա Ղազարյանի հարեւան տաղավարում, Գողթանիկ գյուղից եկած Անդրանիկ Սամվելյանը ինքնաեռի մեջ դնում է ածուխի մի մեծ կտոր: Սպասում է՝ ջուրը եռա, որ իր հավաքած ծաղիկներով թեյ հյուրասիրի փառատոնի մասնակիցներին: Անդրանիկը ներկայացնում է «Նոյյան թեյը»: Մարզի սարերից ինքն է հավաքում երիցուկն ու ուրցը, փաթեթավորում, ապրանքային տեսքի բերում եւ վաճառում: Ասում է՝ երբեմն պատվերներ է ունենում նաեւ արտերկրից:
Անդրանիկը, թեյերի վաճառքից բացի, նաեւ մեղվապահությամբ է զբաղվում, բայց հուլիսի 25-ին միայն շրջանակով մեղր էր բերել Գողթանիկից. սովորաբար մեղրաքամն օգոստոսին է անում:
Հորսից Սիլվա Մանուկյանը դեռ մայիսից է պատրաստվել «Եղեգիս ֆեստին»: Նա ներկայացել է իր պատրաստած պանրով, մեղրով, կաթնաշոռով ու գաթայով: Ասում է՝ հորած պանիրը հնացման երկար ժամանակ է պահանջում, դա է պատճառը, որ շուտ է սկսել պատրաստվել փառատոնին: «Մենք ներկայացնում ենք մեր գյուղը, մեր մթերքը, մեր ձեռքի աշխատանքը»,- ասում է նա:
Հարեւան տաղավարներում Մալիշկայից եկած մեղվապահներն են:
Երվանդ Նազարյանը սեղանին մեղրի մի քանի տեսակներ է դրել: Այցելուներին, սակայն, ամենաշատը զարմացնում է սպիտակ կրեմ-մեղրը: Երվանդն ասում է, որ դա սովորական մեղր է, որը 400-500 ժամ հարվել է հատուկ սարքով: Մեղրն այնքան է հարվել, որ գույնը փոխվել է, համը՝ նրբացել: Երվանդի ասելով՝ սա հատկապես լավ է նրանց համար, ովքեր դասական մեղրի սիրահար չեն:
«Հետքի» զրուցակիցը նկատում է, որ մի 200 գրամ սպիտակ մեղր ստանալու համար մոտ 60 կգ մեղր է օգտագործել: Ասում է՝ թեեւ տեխնոլոգիան նախապես ուսումնասիրել էր, արդյունքի հասնելը, մեկ է, դժվար էր:
Երվանդի «փառատոնային» սեղանին հետաքրքիր են նաեւ մեղրամոմով մեղրի տարաները: Երվանդը հեռախոսով ցույց է տալիս, թե ինչպես են մեղուները փեթակի ներսում դրված տարայի մեջ մեղրահաց գործել եւ դրա բջիջները լցրել մեղրով: Մեղվապահն ասում է, որ տարայի մեջ մեղուները մեղրահացը գործում են ավելի երկար ժամանակում: «Եղեգիս ֆեստում» Մալիշկայից ժամանած Երվանդը ներկայացնում է նաեւ մեղրամոմից պատրաստած տարատեսակ մոմերը:
Մալիշկայից Հորս էր եկել նաեւ «Լավ է» ապրանքանիշը ներկայացնող Մերի Սարգսյանը: Նա փառատոնի մասնակիցներին առաջարկում է մեղր, թեյ, դոշաբ, մուրաբա եւ այլն: Պատմում է, որ մեղրը ստանում են Մալիշկայի տեղանքի ծաղիկներից: Վերցնում է մեղրով լի տարան, պահում լույսի տակ եւ թափահարում:
«Ո՞նց ենք իմանում, որ մեղրը լավ որակի է,- հարցնում է ու ինքն էլ պատասխանում,- թափ ենք տալիս մեղրը, եթե պղպջակները շատ ուշ են տարրալուծվում, բարձրանում, ուրեմն որակը լավն է, քանի որ խտությունը բարձր է: Ինչքան մեղրը խիտ է, այնքան որակը բարձր է»:
Մերին առանձնացնում է նաեւ թեյերը, որոնք հիմնականում չորացրել են մեղվափեթակներում: Նշում է, որ դա պապենական տեխնոլոգիա է, ինչի շնորհիվ բուժում են նաեւ մեղուներին:
«Հիշում եք, չէ՞, որ նախորդ տարի մեղուների անկում եղավ: Մեզ մոտ այդքան էլ անկում չեղավ, քանի որ նախորդ տարվա մնացորդային մեղրով ենք կերակրում մեր մեղուներին եւ բուժում ենք դեղաբույսերով: Դա է պատճառը, որ մեր մեղրի որակը բարձր է, բացի դրանից՝ էկոլոգիապես մաքուր է: Գիտեք, որ հարակից տարածքներում հանք չունենք: Մենք պայքարեցինք, որ հանք չբացեն»,- ասում է Մալիշկայից ժամանած Մերին:
«Հետքի» զրուցակիցները նշում են, որ «Եղեգիս ֆեստին» մասնակցում են՝ իրենց արտադրանքի ճանաչելիությունը մեծացնելու համար:
«Քանի որ այս փառատոնը բնապահպանական նշանակություն ունի, եւ Եղեգիսի կիրճը համարվում է բնապահպանական միջանցք միգրացիա կատարող կենդանիների՝ արջի, կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի համար, որպեսզի այս ամեն ինչի խթան հանդիսանանք, շեշտը դրել ենք էկոլոգիապես մաքուր արտադրանքի եւ բնապահպանական նշանակության փառատոնների վրա: Սա հոբբի է, մենք սրանից առանձնակի եկամուտ չունենք, լրացուցիչ խթան է մեր հանրահռչակման պրոցեսի մեջ»,- ասում է Մերի Սարգսյանը:
Դեսպան Քոուլ. «Կգամ իմ գդալով»
«Հետքի» հարցին, թե ինչ խթաններ են անհրաժեշտ, որ «Եղեգիս ֆեստը» շարունակական լինի, FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պատասխանում է, որ փառատոնը կազմակերպել են ոչ թե գումար, այլ գաղափար ունենալու հիմքով, ինչից հետո գտել են գումարը: Ըստ նրա՝ նպատակն է, որ փառատոնը կայանա, ինքնաբավ դառնա, այդ դեպքում որեւէ խոչընդոտ չի լինի: Եղեգիս համայնքն էլ (փառատոնի կազմակերպումն սկսվել է մինչեւ Եղեգիսի միանալը Եղեգնաձորին – հեղ.), Խաչատրյանի տեղեկացմամբ, պատրաստակամ է եղել, թեեւ նման մեծամասշտաբ միջոցառումը նորություն էր այստեղ:
Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, որը եւս մասնակցում էր փառատոնին, լրագրողների հետ զրույցում նշում է, որ հասցրել է փորձել Վայոց Ձորի մեղրը, եւ այն շատ համեղ էր: Ըստ դեսպանի՝ մարդ-բնություն ներդաշնակությունը կենտրոնական դեր ունի դարեր շարունակ, սակայն ներկա կլիմայական փոփոխությունների պատճառով այդ ներդշանակությունը խաթարվել է:
«Հետքի» հարցին, թե արդյոք ՄԹ-ի աջակցությունը շարունակական է լինելու փառատոնին, դեսպան Քոուն արձագանքում է. «Եթե խոսում ենք աջակցության շարունակականության մասին, ապա պետք է ասեմ, որ Մեծ Բրիտանիայի կառավորությունը FPWC-ի հետ աշխատել է բավականին լայն համագործակցության շրջանակներում: Բացի դրանից՝ պետք է կարեւորվի այն, որ շարունակականության երաշխիքը լինելու է մարզի մարդկանց ցանկությունը: Երբ էլ շարունակվի, ես ներկա կլինեմ, կգամ իմ գդալով»:
ՀԳ. Եղեգիսում արջերի ներթափանցումներին եւ այս խնդրի լուծման ուղիներին կանդրադառնանք հաջորդ հոդվածում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել