COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը
COP17-ի փաստաթղթերում Հայաստանը պարտավորվում է ընդլայնել կանաչ տարածքները, իսկ Երևանի քաղաքապետարանը խոստանում է Հրազդանի կիրճին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Այս ֆոնին համաժողովի անցկացման վայրում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, շինարարական թափոնը լցնում են հենց Հրազդանի կիրճը։
Շինարարությունը հասել է Հրազդանի կիրճի եզրին
«Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարություն է։ Շենքի հարակից տարածքում տեղի են ունենում տարածքի հողային շերտի հարթեցման ու ասֆալտապատման աշխատանքներ։ Հուլիսի 13-ին «Հետքն» արձանագրել է, որ տարածքի հարթեցման հետևանքով առաջացած հողային զանգվածները թափվել են կիրճը՝ լցվելով գետի հունը և վնասելով տարածքի ծառերը։
Ի՞նչ է կառուցվում COP17-ի համար
COP17 համաժողովը տեղի է ունենալու Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն 2025 թվականի սեպտեմբերի 25-ին կնքել են պայմանագիր։ Պայմանագրի տեքստում նշված է, որ COP17 համաժողովի միջոցառումների անցկացման վայրի ստանդարտներին համապատասխանող տարածքի առավելագույն ներուժ ունի «Մերիդիան» էքսպոկենտրոնը և այդ ստանդարտներին համապատասխանեցնելու համար էքսպոկենտրոնում անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ աշխատանքներ։ «Մերիդիան Հոլդինգը» պարտավորվել է մինչև COP17 միջոցառման անցկացումը էքսպոկենտրոնը նախապատրաստել ու համապատասխանեցնել ՄԱԿ-ի պահանջներին։
COP17-ի անցկացումից հետո՝ 6 տարվա ընթացքում, պատվիրատուն իրավունք է ունենալու տարեկան մինչև 200 օր օգտագործել տարածքը՝ 1 քմ-ի համար օրական վճարելով 460 դրամ։
Ի սկզբանե պայմանագրով նախատեսված է եղել կառուցել ճաշարանի շենք ու թեքահարթակ, վերակառուցել էքսպոկենտրոնի 5 հարկը՝ այդ թվում նկուղային հարկը, իրականացնել բետոնե հարթակների հողային աշխատանքներ՝ ժամանակավոր կառույցների համար և ընդհանուր տարածքների բարեկարգում։ 2026 թվականի ապրիլի 28-ին պայմանագրում կատարվել են փոփոխություններ։ Համաձայնագրով զգալիորեն ընդլայնվել են վերակառուցվող տարածքների ծավալներն ու ավելացել է նոր կառուցվող մեկ ամբողջական համալիր՝ բաղկացած 7 մասնաշենքից։ Ավելացվել են նաև կոնկրետ ինժեներական կառույցներ՝ 3 էլեկտրական ենթակայաններ և նորակառույց կաթսայատուն։ Պայմանագրի սկզբնական ընդհանուր արժեքը 5 մլրդ 775 մլն ՀՀ դրամից դարձել է 5 մլրդ 931 մլն ՀՀ դրամ։
Ի՞նչ է խոստանում Հայաստանը COP17-ի շրջանակում
Հայաստանը այս տարի աշնանը հյուրընկալելու է կենսաբազմազանության 17-րդ COP-ը։ Կյունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակում աշխարհի համար սահմանվել են կենսաբազմազանության պահպանմանն ուղղված 4 նպատակ և 23 թիրախ, որոնց պետք է հասնել մինչև 2030 թվականը:
Հայաստանի համար «ՀՀ կենսաբազմազանության պահպանության նպատակներն ու 2026-2030 թվականներին միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Շրջակա միջավայրի նախարարի 2026 թվականի ապրիլի 3-ի հրամանով սահմանվել են 5 նպատակ և 30 ազգային թիրախ:
14-րդ ազգային թիրախը ենթադրում է բնակավայրերի, այդ թվում քաղաքների կանաչ զարգացումը։ Այս թիրախի իրականացման համար նախատեսվում է Երևան քաղաքի կանաչապատ տարածքն ընդլայնել՝ առնվազն 2 քմ մեկ բնակչի հաշվարկով։ Հաջորդ գործողությամբ նախատեսված է Երևան քաղաքի սահմաններում ստեղծել առնվազն 1 բնության հատուկ պահպանվող տարածք և մշակել դրա կառավարման պլանը։ Առաջին գործողությունը նախատեսված է անել մինչև 2030 թվականը, իսկ հատուկ պահպանվող տարածքի սահմանումն ու դրա կառավարման պլանի մշակումը նախատեսված է իրականացնել մինչև 2027 թվականը։ Երկու գործողությունների կատարման պատասխանատուն Շրջակա միջավայրի նախարարությունն է, որը պետք է իրականացնի Երևանի քաղաքապետարանի համաձայնությամբ։
Հրազդանի կիրճը պատրաստվում են հատուկ պահպանվող տարածք դարձնել
Երևանի քաղաքապետարանի հունիսի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ ավագանու որոշմամբ Հրազդանի կիրճին կտրվի բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Ավագանու որոշման նախագիծը մշակվել է և կներկայացվի ավագանու առաջիկա նիստում։ Այս որոշմամբ Երևանը կլինի առաջին համայնքը, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող համայնքային տարածք։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը նշել է նաև, որ «սա COP17-ին ընդառաջ կարևոր հանձնառություն է»։
«Սրա շրջանակում կիրճում կայանալիք բոլոր աշխատանքների համար սահմանվելու են խիստ վերահսկողության նորմեր, որոնց հիմքում լինելու է արդեն իսկ իրականացված կենսաբազմազանության ուսումնասիրությունը։ Հրազդանի կիրճը կունենա կառավարման պլան՝ հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ ստանալուց հետո։ Այդ պլանի համար Ասիական զարգացման բանկը մրցույթ է հայտարարել։ Դրա շրջանակում ստեղծվելու է կառավարման մարմինը»,- նշել է Սիրարփի Հայկազյանը։
Նախարարությունը գնահատական չի տալիս տեղի ունեցածին
«Հետքը» գրավոր հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ճշտելու՝ արդյոք վերջինս տեղյակ է շինարարության հետևանքների ու Հրազդանի կիրճում ստեղծված իրավիճակի մասին և արդյոք նախարարությունը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել արձանագրված փաստի կապակցությամբ:
Ի պատասխան նախարարությունը միայն նշել է, որ շրջակա միջավայրի պահպանության նորմերի նկատմամբ վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին չէ:
Նախարարությանը հարցրել էինք նաև, թե իր գնահատմամբ Հրազդան գետի հունում հողային և քարային զանգվածի լցվելը կարո՞ղ է հանգեցնել ջրային օբյեկտի հունի փոփոխության, հոսքի խոչընդոտման կամ կենսաբազմազանության, այդ թվում ջրային էկոհամակարգի վնասման:
Այս հարցերին Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է մեկ նախադասությամբ․
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննությունն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված դեպքերում»։
Շրջակա միջավայրի նախարարությունը միաժամանակ «Հետքին» առաջարկել է դիմել Բնապահպանության և ընդերքի, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիններին։
Հիշեցնենք, որ «Հետքի» աշխատանքը տարածքում ամեն կերպ փորձել են խոչընդոտել։ Անվտանգության աշխատակիցն արգելել է մեզ մտնել կամ լուսանկարել տարածքը՝ պնդելով, որ այն մասնավոր սեփականություն է։ Երբ փորձեցինք պարզաբանում խնդրել, թե ինչու է տարածքը, որտեղ պետք է անցկացվի COP17 միջազգային համաժողովը, արգելված մտնել, Շրջակա միջավայրի նախարարությունից ասել են, որ առանց նախարարության ներկայացուցչի, տարածքում որևէ բան չենք կարող անել։
COP17-ին ընդառաջ Հայաստանը հավակնոտ խոստումներ է տալիս, որոնց հավատալը դժվար է՝ տեսնելով Հրազդանի կիրճի նկատամամբ վերաբերմունքը։ Եվ մինչ պաշտոնյաները թղթի վրա ռազմավարություններ են մշակում ու հաստատում, համաժողովի անցկացման վայրում այդ հանձնառությունները խախտվում են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել