Ոստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքն ու գործարանը և նոր պոչամբար կառուցել
Ոստիկանապետի նախկին խորհրդական Գրիգոր Բադիրյանը որոշել է վերազինել Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրում գտնվող ոսկու կորզման ֆաբրիկան և նոր տարածքներ ուսումնասիրել:
Նրան պատկանող «Բակտեկ էկո» ՍՊԸ-ն Արջուտում ոսկու հանքավայր է շահագործում: Ընկերությունը դիմել էր համայնքին միաժամանակ երկու գործողություն իրականացնելու նպատակով՝ երկրաբանական ուսումնասիրություն գործող հանքի հարակից տարածքներում` հանքավայրն ընդլայնելու նպատակով, և գործող ֆաբրիկայի տեխնոլոգիական վերազինում՝ պոչամբար կառուցելու և առկա պոչամբարն ընդլայնելու համար:
Փամբակի ավագանին 10 կողմ և 1 ձեռնպահ ձայնով համաձայնություն է տվել ֆաբրիկայի վերազինման և պոչամբարի կառուցման նախագծին։
Արջուտի վարչական ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս չի քննարկվել նոր պոչամբարի տեղի կամ հողատարածքի հարցը, չգիտեն` որտեղ է ընկերությունը նախատեսում կառուցել այն: Այս պահի դրությամբ քննարկվել է միայն ֆաբրիկայի վերազինման հարցը:
Ինչո՞ւ չէր շահագործվում հանքավայրը
Արջուտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «Բակտեկ էկո» ՍՊԸ-ն ստացել էր 2014թ․-ին՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պաշտոնավարման օրոք: Վերջինս էլ ստորագրել էր ընդերքօգտագործման պայմանագիրը և հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք տվել ընկերությանը 26 տարի ժամկետով: Ընկերությունը, սակայն, տևական ժամանակ չէր շահագործում հանքավայրը, քանի որ հողերի նպատակային նշանակության փոփոխության հարց կար: Հարկերն ու տուրքերը ևս չէր վճարել: Հանքավայրը սկսել է շահագործվել 2020 թվականից: Մինչ այդ՝ շուրջ երկու տարի, կառուցվում էր ոսկու կորզման ֆաբրիկան։
Ի՞նչ է հայտնի Արջուտի հանքավայրի մասին
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության զեկույցների համաձայն՝ ընկերությունը մեծ ծավալներ չի արդյունահանել: Ընդերքօգտագործման պայմանագրում արձանագրված հաստատված պաշարներով՝ Արջուտում պետք է արդյունահանվեր 2423,9 հազ. տոննա հանքաքար, ոսկի՝ 3467,4 կգ, արծաթ՝ 20,39 տոննա, պղինձ՝ 6821,0 տոննա:
Մինչդեռ, ԱՃԹՆ հաշվետվություններից երևում է, որ ընկերությունը շահագործումը սկսել է 2020-ից, երբ արդյունահանել է 46,4 տոննա խտանյութ: 2021-23թթ. ընդամենը 6-ական տոննա ոսկի պարունակող խտանյութ է արդյունահանել: Ծավալները փոխվել են 2024-ին՝ արդյունահանվել է 243 տ խտանյութ: ԱՃԹՆ-ն 2025 թվականի տվյալները դեռ չի հրապարակել:
Ընկերությունը 2023-24թթ. արդյունահանած՝ ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութն արտահանել է Հնդկաստան: Մնացած տարիների արտահանման կամ իրացման վերաբերյալ տեղեկություններ հաշվետվություններում չկան:
Սոցիալական պարտավորությունների շրջանակներում համայնքին ընկերության կատարած վճարումները ևս մեծ չեն` 250-650 հազար դրամ նույն թվականներին:
Արջուտ բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե, բացի պայմանագրով սահմանված սոցիալական աջակցության գումարներից, ընկերությունը որևէ նշանակալի ծրագիր իրականացրե՞լ է գյուղի համար: Նա նշեց, որ ընկերությունն օգնել է համայնքին միայն դպրոցի գազիֆիկացման հարցում: Այլ մեծ աջակցություն չի եղել:
Ովքե՞ր են շահագործում Արջուտի հանքավայրը
Արջուտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը, ինչպես արդեն նշեցինք վերևում, «Բակտեկ էկո» ՍՊԸ-ին է տրված, որի 100% բաժնետերը ոստիկանապետի նախկին խորհրդական Գրիգոր Բադիրյանն է: Վերջինիս հետ փորձեցինք կապ հաստատել՝ հանքավայրի և գործարանի վերազինման մասին հարցեր տալու նպատակով: Գրիգոր Բադիրյանը պատասխանեց, որ ինքն այժմ արտերկրում է, բացի այդ՝ չի զբաղվում ընկերության կառավարմամբ: Նա խոստացավ մեր հարցերը փոխանցել ընկերության տնօրենին:
Ընկերության տնօրենը 2018 թվականից Վահան Արտակի Զախարյանն է: Մեր հարցերին նա պատասխանել է կարճ ու խուսափողական՝ նշելով, թե գործարանը դեռ նախագծման փուլում է, և վերազինման աշխատանքներ չեն իրականացվում։
Հարցին, թե որքա՞ն հանքաքար է այժմ վերամշակվում գործարանում, և որքա՞նով է նախատեսվում ընդլայնել գործարանը, Վահան Զախարյանը հստակություն չի մտցրել. ընկերությունը, համաձայն նախագծի, իրավունք ունի վերամշակել տարեկան 100 հազ․ տոննա հանքաքար, իսկ ընդլայնման արդյունքների ծավալների մասով դեռևս գտնվում է նախագծման գործընթացում։
Մեր մյուս հարցին, թե արդյոք կա վերազինման կարիք, երբ ավագանին նոր տարածքների ուսումնասիրության համաձայնություն չի տվել, տնօրենը պատասխանել է, որ պետք չէ ուսումնասիրության գործընթացը կապել արդյունահանման հետ, ընդլայնումը վերաբերում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքաքարի վերամշակմանը։
Ընկերության ղեկավարությունը դեռևս չի հստակեցնում նոր պոչամբարի վայրը: «Նոր պոչամբարի տեղադիրքի վերաբերյալ առկա չէ վերջնական որոշում՝ գտնվում է մասնագիտական վերլուծության տիրույթում, իսկ գործող պոչաբարը դեռևս շահագործելի է»,- պատասխանել է Վահան Զախարյանը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս ընկերությունում ստուգումներ է իրականացրել, սակայն արդյունքների մասին մեզ ինֆորմացիա տրամադրել չի կարող։ Ինչպես պարզաբանեց մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանը՝ լրատվամիջոցը կողմ չէ, իսկ «Ստուգումների մասին» օրենքն արգելում է առանց կողմերի համաձայնության արդյունքների մասին որևէ տեղեկություն այլոց փոխանցել:
2025թ. մայիսին հանքավայրի աշխատողները գործադուլ էին արել և դժգոհում էին իրենց աշխատավարձից և աշխատաժամանակից: Վարչական ղեկավարը նշեց, որ որքանով տեղյակ է՝ աշխատավարձերը չեն բարձրացրել:
«Բակտեկ Էկո» ՍՊԸ-ի ղեկավարությանն ուղղված մեր հարցմանը, թե հանքավայրի աշխատակիցների բողոքի ակցիաներից հետո քա՞նի տոկոսով է բարձրացել նրանց աշխատավարձը, ընկերությունից կարճ պատասխանել են․ «Տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։
Նշենք, որ մեր հարցը չէր վերաբերում կոնկրետ հանքափորի, տրակտորիստի կամ մեքենավարի աշխատավարձի չափին։ Չխախտելով գաղտնիության սկզբունքը՝ խնդրել էինք տրամադրել ընդհանրական տվյալ՝ տոկոսային արտահայտությամբ։
Գյուղի բնակիչներից այս հանքավայրում աշխատողների թիվը մեծ չէ` 30 հոգի, թեպետ բոլոր հանքարդյունահանողները խոստանում են ազդակիր համայնքի բնակիչներին աշխատատեղով ապահովել: Համաձայն ԱՃԹՆ-ի տվյալների` 2023-ին՝ 399, իսկ 2024-ին` 210 աշխատատեղ է եղել:
Արջուտի հանքավայրը գյուղից ուղիղ գծով հեռու է շուրջ 2 կմ, պոչամբարն ավելի մոտ է` 1,5 կմ հեռավորությամբ: Նախագծի համաձայն` 16,7 հա հող էր տրվել ընկերությանը, սակայն Google-ի քարտեզների չափագրումները ցույց են տալիս, որ այստեղ արդեն խախտված է 23 հա՝ միայն բացահանքի տարածքում, ևս 1 հա-ի էլ պոչամբարի տարածքում:
Հանքի շահագործման ժամանակ հարկ է լինում հորատապայթեցման աշխատանքներ իրականացնել տարեկան 52 անգամ՝ յուրաքանչյուր պայթեցման համար կիրառելով 7,090 տ պայթուցիկ նյութ:
Արջուտի հանքավայրը պարունակում է 3,05գ/տ ոսկի և 36,28 գ/տ արծաթ: Հանքաքարից ոսկու և արծաթի արտազատումը /կորզումը/ կատարվում է ուղիղ ցիանավորման եղանակով:
2023թ. ներկայացրած վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի համաձայն` վնասակար նյութերի արտանետման հիմնական երկու տարածքներ կան` բուն բացահանքն ու կորզման գործարանը: Հանքավայրից հիմնական աղտոտող նյութը փոշին է, ածխածնի օքսիդը, ազոտի օքսիդը և ածխաջրածինները, իսկ
վերամշակման ֆաբրիկայից՝ անօրգանական փոշին, ցիանային միացությունները և քլորաջրածինը:
Համաձայն հաշվարկի` արտանետումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված տարեկան վնասը կազմում է` 1-ին արտադրատարածքում` 2 210 800 դրամ, 2-րդ արտադրատարածքում` 1 026 920 դրամ:
Ամփոփում
Թեև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը խրախուսում է մետաղական հանքավայրերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, այդուհանդերձ, Արջուտի հանքավայրը շահագործողները շահագրգռված չեն հետևելու այդ սկբունքներին: ԱՃԹՆ զեկույցներից երևում է, որ ընկերությունը միշտ չէ, որ ամբողջական տեղեկատվություն է տրամադրել հաշվետվությունների համար: Մեր հարցերին էլ պատասխանեցին խուսափողական ու կցկտուր՝ ըստ էության, հանրությունից թաքցնելով շրջակա միջավայրին վերաբերող կարևոր տեղեկություններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել