Գետք գյուղի «վառվող հույսը»
Արևի այրող ճառագայթների տակ կրակի դեղնակապտավուն բոցն անզեն աչքով տեսնել հնարավոր է, սակայն վառվող ջրի հրաշքին ականատես լինելու համար գերադասելի է սպասել մթնշաղին: Գետք գյուղի «վառվող աղբյուրը» գյուղի սկզբնամասում է: Մետաղյա երկարավուն գուռի մեջ խողովակից լցվող ջուրը գյուղական շատ բնակավայրերում սովորական տեսարան է: Արոտից եկող ու խոշոր եղջարավորների նախիրը հենց նմանատիպ խմոցների մոտ էլ հագեցնում է ծարավը: Սակայն Գետքում գետնի տակից «ինքնաբուխ» կերպով հայտնված ջրի բաղադրությունն այլ է:
Գետքեցիները հիշում են, որ գյուղի տարածքում շատ տարիներ առաջ 3-4 նմանատիպ «գեյզեր» է եղել, մարդիկ որոշել են մտցնել խողովակի մեջ, կարգավորել հոսքը, սակայն ջուրը «խռովել» է ու ընդմիշտ հեռացել, միայն այս մեկն է մնացել: Գետնի ընդերքից դուրս եկող ստորերկրյա ջուրն իր մեջ պարունակում է լուծված այրվող գազեր, որոնք լուցկու կրակից բռնկվում են:
Ջրի հետ կապված ժամանակ առ ժամանակ տարածքում ուսումնասիրություններ իրականացվել են, սակայն հիմնավոր և ամբողջական մասնագիտական լաբորատոր հետազոտություններ չկան: Ջուրը սառն է՝ պիտանի խմելու համար, ունի արտահայտված մետաղական համ: Գուռի մեջ կուտակվող ջուրը չի այրվում՝ կրակի բռնկում տեղի է ունենում միայն հոսող շիթերից առաջացած փրփրային զանգվածին վառվող ինչ-որ բան մոտեցնելիս:
Գյուղի բնակիչներից շատերը սիրում են խմել այս աղբյուրից: Այրվող ջրի սիրահարներից համագյուղացիները հիշում են Կամոյին, ով ամեն առավոտ` ժամը 6-ին, գալիս էր աղբյուրից ջուր խմելու, լվացվում էր, հետն էլ տարայով պարտադիր տանում էր որոշակի չափաբաժին: Կամոն երկար է ապրել, մահացել է մոտ 90 տարեկան հասակում:
2024թ-ից Գետքի վառվող հրաշքը զբոսաշրջային պրոդուկտի վերածելու փորձեր են արվում, բայց ապարդյուն՝ առայժմ տեսանելի զարգացում այդ ուղղությամբ չկա: Գաղափարի ջատագովներից Վարդուհի Ցոլակյանը 2 տարի առաջ ծրագիր է մշակել և ուղարկել Ախուրյան համայնքի համայնքապետարան:
«Գետքը մեծ գյուղ չէ՝ մոտ 600 բնակիչ ունի: Գյումրուց 9 կմ է հեռու, այսինքն` մեքենայով 10 րոպեից կարող ես տեղ հասնել: Ինքը դասական զբոսաշրջային գրավչություն չունի՝ նկատի ունեմ որևէ վանական համալիր, ինչպես Հառիճում է, կամ ասենք ուխտատեղի, ինչպես Սառնաղբյուրում է: Բայց մենք էլ ունենք մի գանձ՝ «վառվող աղբյուրը», որ եթե կարողանանք ճիշտ գովազդել, հնարավոր է զբոսաշրջային նոր ուղղություն ստեղծենք Շիրակի մարզում,-ասում է Վարդուհի Ցոլակյանը,-աղբյուրի հետ կապված ծրագիրը, եթե կարողանա իրականացնել, ինքը մեկնարկային կետ կլինի գյուղական զբոսաշրջության զարգացման առումով: Այդ նպատակով դիմել էինք միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող CapsLoc ծրագրին, որը 2025թ-ի հունվարին փակվեց՝ միջազգային ֆինանսավորման դադարեցման պատճառով»:
Վարդուհին պատմում է, որ ծախսային հաշվարկն արել էին 5000 ԱՄՆ դոլարի սահմաններում և իրականացման դեպքում կատարելու էին գուռի հարակից տարածքի բարեկարգում, ցանկապատում, փոքրիկ տաղավարի տեղադրում, որտեղ կկարողանային գյուղական բարիքներ առաջարկել զբոսաշրջիկներին և այլն: Գետքի երիտասարդ բնակիչներից Անահիտ Հովհաննիսյանը, ով ևս շահագրգիռ է ծրագրի իրականացման համար, ասում է, որ ամեն դեպքում չեն հուսահատվել և գարնանը դիմել են այլ կազմակերպության: Իհարկե, ստիպված են եղել գումարը պակասեցնել մինչև 450 հազար դրամի սահմաններում, ծրագրային որոշ կետեր կրճատել, սակայն տարածքի բարեկարգում կկարողանան իրականացնել: Ուղղակի դարձյալ սպասման փուլում են:
Գետքում «վառվող աղբյուրի» հրաշքն օտարներին ցուցադրելու ծրագրի շուրջ բնակիչների կարծիքը կիսվում է: Մի մասը կողմ են, որ իրականացվի Վարդուհի Ցոլակյանի առաջարկած ծրագիրը, սակայն կան նաև դեմ արտահայտվողներ: Վերջիններիս համոզմամբ` ցանկացած միջամտություն բնության հեղինակած ջրային հրաշքին կարող է հանգեցնել անդառնալի կորստի և որպես պնդում վկայակոչում են անցյալի դեպքերը, երբ 4 աղբյուրից 3-ը ցամաքել են ու իսպառ անհետացել:
«Մենք այդ ամենը հաշվի առել ենք ու մտադիր չենք գուռի հետ կապված ինչ որ գործողություն կատարել: Գյուղացիները անհանգստանում են, որ եթե ցանկապատ տեղադրենք՝ անասունը չի կարողանալու ջուր խմել, մենք էլ որոշել ենք միայն աղբյուրի հատվածը առանձնացնել, իսկ գուռն ամբողջությամբ թողնել բաց»,-հավաստիացնում է Վարդուհին:
Աղջիկները մտածում են, որ եթե կարողանան ծրագիրը սկսել, տուրիստական հոսք ապահովել, հնարավոր է աղբյուրի մոտ բերող ճանապարհն էլ ասֆալտապատվի, գիշերային լուսավորության ցանցը բարելավվի, ստեղծվեն Ախուրյանի գետ տանող հատուկ արահետներ և այլն: Գետքը մի առանձնահատկություն էլ ունի՝ այն համարվում է արագիլների գյուղ: Ախուրյան գետի ձախակողմյան ափին գտնվող բնակավայրերի շրջանում, արագիլների ընտանիքների թվով Գետքն առաջատար է: Սակայն, այս պահին Գետքի «վառվող հույսը» կա ու մնում է գյուղամիջյան ճանապարհի եզրին մետաղյա համեստ գուռի վրա թեքված խողովակը, որից ամառ-ձմեռ առանց դադարի հոսող ջուրը պատրաստ է բռնկվել, եթե ցանկություն ունենաս փրփրուն զանգվածին մոտեցնելու այրվող լուցկու հատիկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել