
Գագիկ Շամշյանը մի քանի օրից հիվանդանոցից դուրս կգրվի
«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն անձամբ պատմում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում այսօր իր հետ կատարվածի մանրամասները:
«Կաշառակերության հետ կապված ակցիայից հետո ուսանողները ոտքով իջան Վ. Բրյուսովի անվան համալսարան, որպեսզի լսարանում որոշեն իրենց հետագա քայլերը: Լրագրողներով միացանք նրանց: Երբ ուսանողները մուտք գործեցին համալսարան, ես էլ նրանց հետեւից մտա շենք, բարձրացա վերեւ ու սկսեցի նկարել:
Չնայած Հանրային հեռուստաընկերության լրագրողը համալսարանի անվտանգության 3 աշխատակիցներին ցույց տվեց իր վկայականը եւ խնդրեց թույլ ներս մտնել, այդ աշխատակիցներից մեկն ասաց` ոչ մեկդ չեք մտնի ստեղ, ես կատարում եմ կառավարության հանձնարարականը:
Ես էլ վերեւից հարցրի` ինչո՞ւ պետք է կառավարությունը լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հանձնարարական տար համալսարանին: Բա` արա, դու ո՞նց ես հելել ըտեղ: Ասացի` արայով չխոսես եւ չփորձես խոչընդոտել լրագրողների աշխատանքին: Այդ պահին նրանցից մեկը` ճաղատ գլխով, բարձրացավ վերեւ ու հայհոյանքներ տալով ոտքով ուժեղ հարվածեց սեռական օրգաններիս: Ես ընկա գետնին, իսկ նրանք հարձակվեցին վրաս:
Ես ոտքերով պաշտպանվում էի եւ պատասխանում նրանց հայհոյանքներին: Լրագրողները միջամտեցին, վիճաբանություն սկսվեց, որը տեւեց մոտ 20 րոպե: Մի հատ ջահել տղա եկավ, խնդրեցի որ ներկայանա, բա` ես Շամշան Գագոն եմ (հետո ճշտեցի, որ նա համալսարանի պրոռեկտորն էր) դուրս արի:
Քիչ անց եկավ նաեւ համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը եւ մենք դուրս եկանք համալսարանից: Համալսարանի անվտանգության ծառայության պետը եկավ, բա` թյուրիմացություն է եղել, իրար չեք հասկացել, ասացի` խնդիր չկա, ես քեն չեմ պահում:
Հանգիստ մեզ համար հարցազրույց էինք վերցնում, բայց զգում էի, որ ոտքերս թրջվում են: Ճիշտն ասած` ինձ թվաց, թե հարվածի արդյունքում միզել եմ: Բայց գնացի հարեւանությամբ գտնվող «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ եւ զուգարանում տեսա, որ արյուն էր գալիս»:
«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկի տղակալ Սիրանուշ Մարտիրոսյանի խոսքերով` կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները եւ Շամշյանի մոտ նախնական ախտորոշմամբ հայտնաբերվել է միզուկի առաջնային հատվածի մասնակի վնասում, ինչով էլ պայմանավորված է եղել արյունահոսությունը:
«Տվյալ պահին հիվանդի վիճակը կայուն է, երեւի մի քանի օրից դուրս կգրվի»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Մեկնաբանել