Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է
Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել են 2024-2026 թվականների ընթացքում «Տելեգրամ»-ի առցանց խանութ-հարթակների միջոցով, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող խմբի ղեկավար Ա.Վ.-ի և խմբի կազմում հանցավոր գործունեություն ծավալած վերջինիս կնոջ ինքնությունները:
«Վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, երբ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը:
Հավաքված ապացույցների հիման վրա նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացնելը):
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է հանցավոր խմբի անդամներից ևս մեկը, ում բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 2 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացնելու համար անհրաժեշտ պարագաներ:
Խմբի ղեկավարը կալանավորվել է, նրա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ծավալուն վարութային գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված մյուս մասնակիցների ինքնությունները պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել