HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին

Հայաստանում ցեմենտ արտադրող խոշոր գործարանի՝ «Արարատցեմենտի» շուրջ իրավական-քաղաքական գործընթացները շարունակվում են։

Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունից հաղորդեցին, որ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ 

Հուլիսի 21-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ կառավարումը հանձնվել է Էկոնոմիկայի նախարարությանը և այս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը։ Նախարարի գրառման մեջ կարելի է անգամ սպառնալիք կամ զգուշացում տեսնել։ Նա գործարանի աշխատակիցներին հորդորել է բարեխղճորեն և պատասխանատվությամբ աշխատել, «որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»։ Իսկ բարեխիղճ և գիտակ աշխատողներին նա խոստանում է, որ կշարունակեն աշխատել։

«Արարատցեմենտ»-ն առանցքային դեր ունի Փաշինյան-Ծառուկյան հակամարտության նոր փուլում։ Դեռ մայիսին՝ ԱԺ վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արարատցեմենտ»-ն անվանել էր Ծառուկյանի «բիզնեսի ողնաշար» և հայտարարել, որ այն շուտով պետականացվելու է։ 

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին երկու ամսով կալանավորվել է։

Հուլիսի 13-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ գործարանում բացահայտել է հարկերից խուսափելու և անապրանք գործարքների իրականացման խոշոր սխեմաներ։

Վիճակագրական կոմիտեի, Մաքսային ծառայության և բաց աղբյուրների տվյալների հիման վրա փորձել ենք հասկանալ՝ պաշտոնապես ինչ ծավալներ ունի ցեմենտի շուկան Հայաստանում, և ինչ կշիռ ունեն «Արարատցեմենտ»-ն ու մյուս գործարանները շուկայում։ 

2025-ին ցեմենտի արտադրությունը կրճատվել է 10%-ով, փոխարենը ցեմենտի ու կլինկերի ներմուծումն աճել է 29%-ով

Այս տարվա առաջին հինգ ամսում (2026 թ. հունվար-մայիսին) Հայաստանում արտադրվել է 310 հազար տոննա ցեմենտ, ինչը գրեթե նույն է, ինչ նախորդ տարվա նույն ամիսներին: Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն:

Վերջին տասը տարիներին ցեմենտի արտադրության ծավալները, ընդհանուր առմամբ, աճել են։ Ակնառու աճ նկատվեց 2018 թվականից։ Որոշ փորձագետներ դա որակեցին ոչ թե իրական աճ, այլ՝ իշխանափոխությունից հետո ստվերից դուրս գալու քայլերի հետևանք։ Խոսքը, առաջին հերթին, «Արարատցեմենտ»-ի մասին էր։ Նշված տարում ցեմենտի արտադրությունը մի քանի անգամ ավելի արագ էր աճում, քան երկրում կատարվող շինարարությունը։ 

2022-2024թթ. տարեկան տվյալներով ցեմենտի արտադրությունը գերազանցել է 1 միլիոն տոննան։ 

Արդեն 2025-ին ցեմենտի արտադրությունը կրճատվել է 10%-ով, փոխարենը ցեմենտի ու ցեմենտային կլինկերի ներմուծումն աճել է 29%-ով։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նշված տարում Հայաստան է ներմուծվել 751 հազար տոննա ցեմենտ (32 մլն ԱՄՆ դոլար), այդ թվում՝ ցեմենտային կլինկերը, որը ներմուծվում է Հայաստան ցեմենտ արտադրելու համար։ Երկուսն էլ ներմուծվում են նույն ապրանքախմբի ներքո։ Սակայն, ծածկագրերի բացվածքը վերլուծելով՝ պարզում ենք, որ կլինկերը դրա ոչ մեծ մասն է (տե'ս ինֆոգրաֆիկան)։ 

Ինֆոգրաֆիկայում տվյալները սկսվում են 2018 թվականից, քանի որ վիճակագրական կոմիտեն արտաքին առևտրի տվյալները նման բացվածքով ներկայացնում է այդ թվականից։

Հայաստանից ցեմենտ, կարելի է ասել, չի արտահանվում։ 

Վերջին երեք տարիներին ցեմենտի շուկայի ծավալը (պատրաստի ցեմենտի ներմուծում+ արտադրություն) Հայաստանում 1.4-1.5 մլն տոննայի սահմաններում է եղել։ 

Փաստացի, ցեմենտի տեղական արտադրողների հզորություններն ավելի մեծ են, քան այսօրվա արտադրանքն է։ Ըստ կառավարության ներկայացրած նախագծերից մեկի հիմնավորման՝ Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 2.5 մլն տոննա։ «Արարատցեմենտի» նախագծերից մեկում էլ կարդում ենք, որ գործարանի արտադրողականությունը տարեկան 1.2 մլն տոննա է։

Վերջին տարիներին Հայաստանում ցեմենտի արտադրության և ներմուծման աճին մեծապես նպաստել է ակտիվ բնակարանաշինությունը, հատկապես՝ Երևանում։ Դա էլ իր հերթին պայմանավորված է հիփոթեքային վարկերի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրով, որը մեկնարկել է 2015 թվականին և արդեն դուրս է եկել Երևանից (գործում է ավելի վաղ շինթույլտվություն ստացած շենքերի համար)։ 

Շինարարության աճին նպաստել են նաև վերջին տարիների պետական և ենթակառուցվածքային նախագծերը՝ դպրոցաշինություն, ճանապարհաշինություն, մանկապարտեզների, ջրամբարների վերակառուցում և այլն։ Այդ ամենը, ի դեպ, կատարվում է արտաքին պարտք ներգրավելով։

Հայաստանը ցեմենտ է ներմուծում մեծ մասամբ Իրանից։ 2025-ին ներմուծված ցեմենտի և կլինկերի 94%-ը, ըստ քանակի, Իրանից է։ Մնացածը հիմնականում Վրաստանից է։ 

Ներմուծման ծավալների աճն ու տեղական արտադրության անկումը անհանգստացրել է Կառավարությանը։ Այս տարվա հունիսի 18-ին Կառավարությունը որոշեց վեց ամսով սահմանափակում կիրառել Հայաստան ներմուծվող ցեմենտի մասով, բայց՝ ոչ կլինկերի։ Ներմուծումներն իրականացվելու են գլխավոր (հիմնական) լիցենզիաների հիման վրա, և այդ լիցենզիաները տրամադրվելու են սահմանափակումներով։

Կառավարությունը պարբերաբար սահմանում է նման հատուկ կարգեր կամ լրացուցիչ պետական տուրքեր, որ ներկրվող իրանական ցեմենտի գինը շուկայում հնարավորինս մոտենա տեղական արտադրանքի գնին։ Այդպիսով փորձում է պաշտպանել տեղական շուկան։ Թե որքանով է հաջողվում, գնահատականները տարբեր են։

Սովորաբար, ներմուծվող իրանական ցեմենտը ավելի էժան է՝ պայմանավորված Իրանում էներգետիկների գներով, արտադրական մեծ ծավալներով, իրանական արժույթի՝ ռիալի արժեզրկմամբ, պետական աջակցությամբ և այլ գործոններով։ 

2026 թվականի հունիսի 18-ին Կառավարության ընդունված որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նվազել է տեղական ցեմենտի մրցունակությունը՝ վատթարացնելով տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը։

Ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի և «Շինցեմենտ»-ի ծավալների մասին 

Վիճակագրական կոմիտեն, առևտրային գաղտնիք համարելով, չի հայտնում, թե որ ընկերությունը որքան ցեմենտ է արտադրում, հետևաբար՝ հստակ ասել չենք կարող, թե շուկայում կոնկրետ որքան մասնաբաժին ունեն արտադրող գործարանները։

Փոխարենը տարբեր բաց և փակ աղբյուրների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «Արարատցեմենտ»-ը 2025 թվականին ապահովել է Հայաստանում ցեմենտի արտադրության 75-80%-ը։  Ցուցանիշը կոնկրետացնելու համար փորձեցինք տվյալներ ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանից, «Արարատցեմենտ» գործարանից, սակայն առաջին երկու աղբյուրները նշեցին, որ չեն տիրապետում տվյալներին, իսկ գործարանից հեռախոսազանգերին չպատասխանեցին։  

Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ նախորդ տարիներին ևս «Արարատցեմենտ»-ին է բաժին ընկել Հայաստանում արտադրված ցեմենտի առյուծի բաժինը։ 

Օրինակ՝  իր ելույթներից մեկում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել է, որ 2020 թվականին «Արարատցեմենտ»-ն արտադրել է 534 հազար տոննա ցեմենտ։ Դա կազմել է նշված տարում Հայաստանում արտադրված ցեմենտի 75%-ը: Այդ ժամանակ դեռևս գործում էր նաև «Հրազդան ցեմենտ» գործարանը, որը ևս որոշակի ծավալներ էր ապահովում։ 

Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» պաշտոնական կայքում  նշված է, որ «Արարատցեմենտ»-ն աշխատում է տեղական հումքի բազայով և այլ երկրներից հումք ներկրելու անհրաժեշտություն չունի։ 

Ըստ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի 2025 թվականի ֆինանսական հաշվետվության, որը նաև աուդիտ է անցել, 2025 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության աշխատողների թիվը կազմել է 991 մարդ։ 

Այս տարվա հուլիսին մի քանի օր փակ մնալուց հետո գործարանը սկսել է աշխատել։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե «Արարատցեմենտ»-ը ևս մի քանի օր չաշխատեր, շինարարական կոլապս էր առաջանալու։

«Արարատցեմենտ» գործարանը, լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության

Շուկայում մյուս համեմատաբար տեսանելի ծավալ ապահովող ընկերությունը «Շինցեմենտ» ՍՊԸ-ն է։ Ինչպես «Արարատցեմենտ»-ը, այն ևս գործում է Արարատի մարզի Արարատ քաղաքում։ 

2025-ի մարտին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է նշված գործարան։ Նախարարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ընկերությունն արտադրում է Հայաստանի ցեմենտի շուրջ 15%-ը։

«Հետք»-ի հետ զրույցում «Շինցեմենտ»-ի համասեփականատեր Գուրգեն Սարգսյանը նշեց, որ 2025 թվականին ընկերությունն արտադրել է շուրջ 150 հազար տոննա ցեմենտ։ Այս տվյալներով ևս ստացվում է, որ նշված տարում «Շինցեմենտ»-ն ապահովել է ցեմենտի տեղական արտադրության 15-16%-ը։ 

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Շինցեմենտ» ՍՊԸ-ի  համասեփականատերերն են Գուրգեն Սարգսյանը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի որդին, ինչպես նաև՝ նրա գործընկեր Համազասպ Պողոսյանը։ 

Ընկերությունը վարձակալել  է մասնաշենք Արարատ քաղաքում, որը  «Հատուկ ցեմենտ» ընկերության նախկին ցեմենտի գործարանի տարածքում է։ «Հատուկ ցեմենտ» ընկերության շուրջ 45%-ը պատկանում է Արամ Զավենի Սարգսյանին, 45%-ը՝ Համազասպ Պողոսյանի հորը՝ Նորայր Պողոսյանին։ 

«Շինցեմենտ» գործարանը, լուսանկարը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության

«Շինցեմենտ»-ը ցեմենտ է արտադրում պատրաստի կլինկերի հիման վրա: Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի հուլիսին։

Տարբեր ընկերություններ վերջին տարիներին Հայաստանում ցեմենտ արտադրելու հայտ են ներկայացրել։ Օրինակ՝ 2024-ին «ԷմՋիԷն» ՍՊԸ-ն դրական եզրակացություն է ստացել Արարատ բնակավայրի տարածքում կլինկերից ցեմենտի արտադրության համար։ Ենթադրվում է, որ նույնիսկ գործելու պարագայում այդ ընկերությունները ցեմենտի մեծ ծավալներ չեն ապահովում։ 

Ինչ վերաբերում է «Հրազդան ցեմենտ»-ին (նախկինում՝ «Միկա ցեմենտ»), այն ներկայումս չի գործում։ 2022 թվականին սկսվել է գործարանի սնանկության գործընթացը։ 

Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter