Բացահայտվել է «Տելեգրամ»-ով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ․ կան ձերբակալվածներ
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության (մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն) և ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ծավալուն գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2024-2026 թվականների ընթացքում խումբը «Տելեգրամ»-ի առցանց խանութ-հարթակների միջոցով, շահադիտական դրդումներով, իրականացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն և մաքսանենգություն:
Պարզվել է խմբի ղեկավար Ա.Վ.-ի և նրա կնոջ ինքնությունը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ պետական սահմանը հատելու փորձի ժամանակ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, երբ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը:
«Հավաքված ապացույցների հիման վրա նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացնելը):
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է հանցավոր խմբի անդամներից ևս մեկը, ում բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 2 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացնելու համար անհրաժեշտ պարագաներ:
Խմբի ղեկավարը կալանավորվել է, նրա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ծավալուն վարութային գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված մյուս մասնակիցների ինքնությունները պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,– նշված է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել