30-ամյա Արթուրը ԱՄՆ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
Հայաստանի քաղաքացի Արթուր Սոլոմոնյանը երեկ Նյու Յորքում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում զենքի մաքսանենգությամբ զբաղվելու փորձի համար։ Այս մասին տեղեկացնում է «Lenta.ru» գործակալությունը` հղում կատարելով «Reuters»-ին։
1998 թվականից ԱՄՆ-ում բնակվող Արթուր Սոլոմոնյանը 30 տարեկան է: Մեղադրական եզրակացության համաձայն` 2003 թ. դեկտեմբերից մինչեւ 2005 թ. մարտը Սոլոմոնյանը և նրա գործակիցները Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ Մայամիում վաճառել են մեկ գնդացիր եւ յոթ ինքնաձիգ, ինչպես նաեւ մտահղացել են նախկին Խորհրդային Միության տարածքից ԱՄՆ ներկրել գնդացիրներ, ձեռքի հրթիռանետեր, նռնականետեր, հակատանկային ուղղորդվող հրթիռներ: Այս ամենն իրացնելու համար խումբը կապ է հաստատել իբրև «Ալ Քաիդայի» անդամ ներկայացող մի մարդու հետ, որն իրականում եղել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալ։
Այս գործով դատավարությունը սկսվել է 2007 թ. հունիսին: Դատաքննության ընթացքում Սոլոմոնյանի պաշտպան Սեթ Գինսբերգը պնդել է, որ իր պաշտպանյալի մտքով անգամ չի անցել զենք ներկրել, մինչեւ որ ՀԴԲ գործակալը չի գայթակղել նրան զենքի վաճառքի դիմաց «գրին քարտ» ձեռք բերելու հեռանկարով: Գինսբերգը վստահեցրել է, որ Սոլոմոնյանը միայն ցանկացել է հնարավորինս երկար ժամանակ խաբել գործակալին` «գրին քարտ» ձեռք բերելու համար: Այդ նպատակով էլ նա գործակալին ցույց է տվել ժամկետանց գնացուցակ:
Դատարանում ասված վերջին խոսքում Արթուր Սոլոմոնյանն ասել է գրեթե նույն բանը: Իր պահվածքը որակելով որպես անպատասխանատու քայլ` նա նշել է, որ այդ գործում ներգրավվել է միայն «գրին քարտի» խոստման դիմաց, ինչն իրավունք է տալիս ապրել և աշխատել ԱՄՆ-ում։ Սոլոմոնյանը նաեւ հայտարարել է, որ երազում էր ստանալ «Նոբելյան» մրցանակ։
«Հնարավոր է՝ ես չափազանց ինքնավստահ էի։ Բայց դեռ այս զենքի պատմությունից առաջ հասկանում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվում»,- ասել է նա։
Արթուր Սոլոմոնյանի խմբում ընդգրկված են եղել նաև երեք վրացի և մեկ ուկրաինացի։ Իսկ հարավաֆրիկացի Քրիստիան Սպայսի մասով վճիռը հրապարակվելու է ավելի ուշ: Համարվում է, որ նա նույնպես հանցավոր խմբի ղեկավարներից է:
Հիշեցնենք, որ 2005 թ. մարտին հիշյալ խմբի ձերբակալության կապակցությամբ Երեւանում ասուլիս հրավիրեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը և ԱՄՆ դաշնային հետախուզական բյուրոյի հատուկ գործակալ, տարածաշրջանում ԱՄՆ կառավարության իրավական կցորդ Բրայան Պարմանը: Նրանք հայտարարեցին, որ մաքսանենգների գործողության արդյունքում Հայաստանից զենք դուրս չէր բերվել:
Բրայան Պարմանը հայտարարել էր, որ իրենք մանրամասն ու երկար ժամանակ ուսումնասիրել են խմբի գործողությունները` այդ ընթացքում սերտ համագործակցելով ՀՀ իրավապահների հետ: Արդյունքում Երեւանում ձերբակալվել էին երեք հոգի` Սպարտակ Մելիքբեկյանը, Գրիգոր Մարտիրոսյանը եւ Արմեն Բարեղամյանը: Պարզվել էր նաեւ, որ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի մարտկոցի հրամանատար Արմեն Սարգսյանը Սպարտակ Մելիքբեկյանի խնդրանքով լուսանկարել էր զորամասի կոնկրետ, ԱՄՆ-ից պահանջված զենքերի տեսակներն ու ուղարկել ԱՄՆ:
Ասուլիսի ժամանակ Բրայան Պարմանը չէր բացառել նաեւ ՀՀ բարձրաստիճան զինվորականների ու պաշտոնյաների մասնակցությունը ԱՄՆ-ում բացահայտված զենք-զինամթերքի ապօրինի վաճառքի գործում:
2005թ. միջազգային լրատվամիջոցները գրում էին, որ հանցավոր խումը ՀԴԲ գործակալին առաջարկել էր նաեւ հարստացված ուրանի խմբաքանակ, ինչի պատճառով խմբի անդամներին սկսել էին որակել իբրև «միջուկային մաքսանենգներ»: Սակայն դատավճռի վերջնական վարկածում միջուկային զենքի վերաբերյալ որևէ հիշատակում չկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել